Ճարտարապետներ, մշակույթի գործիչներ, նախագծողներ, քանդակագործներ. Հիսուս Քրիստոսի արձանի նախագծեր են ներկայացրել հարյուրից ավելի մասնագետներ:
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնությունը՝ Հայաստանում կառուցել Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը, բուռն քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել:
Aravot.am-ի հետ զրույցում Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Մարիամ Պետրոսյանը տեղեկացրեց՝ հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 20-նն է: Նա մանրամասնեց. «Նախագծեր, մակետներ են ներկայացնում ճարտարապետներ, քանդակագործներ, մշակույթի գործիչներ: Կան մարդիկ, որոնք նախագծեր չեն ներկայացնում, այլ ներկայացնում են գաղափարներ: Օրինակ՝ գաղափարներ կան, որ այդ վայրը դառնա մշակութային, զբոսաշրջային կենտրոն, որ պարզապես ուխտատեղի դառնա: Նախագծեր են ներկայացնում հայտնի մասնագետներ՝ նկարիչների միության անդամներ: Այս պահին անուններ տալ չեմ կարող»:
Կարդացեք նաև
Մարիամ Պետրոսյանը հայտնեց, որ հայտերի ընտրության գործընթացը կամփոփվի փետրվարի 20-ին՝ ժամը 15.00-ին՝ Կոնյակի գործարանի շենքում: Նա նշեց, որ բոլոր հայտատուները կարող են մասնակցել արարողությանը: Այդ օրը հանձնաժողովը կամփոփի արդյունքները: Մարիամ Պետրոսյանն ասաց՝ դեռ քանդակի տեղը որոշված չէ, երբ նախագծի վերջնական օրինակը լինի, տեղն էլ կընտրվի:
Նշենք, որ Հիսուսի արձանի կառուցման իրենց նախագծերն են ներկայացրել մասնավորապես մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը, քանդակագործ Արմեն Սամվելյանը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ