Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դու քաղաքական թիմի անդամ ես, ո՞նց ես առաջնորդվելու համապետական շահով, ստացվում է քո քաղաքական թիմին պետք է հավատարիմ չլինես». Արամ Վարդեւանյանը՝ Վահագն Խաչատրյանին

Փետրվար 01,2022 16:13

«Նախագահի թեկնածուի շուրջ հարցերի քննարկումը սկիզբ է առնում այսօրվանից: Սա առնվազն հարգանքն է Սահմանադրության նկատմամբ: Մի քանի օր առաջ կարծես այս իշխանության ներկայացուցիչներն ասում էի՝ մեզ հարց մի տվեք նախագահի թեկնածուի վերաբերյալ, որովհետեւ դեռ Արմեն Սարգսյան նախագահը կարող է հետ վերցնի դիմումը: Իրենք դա ասում են, 3 օր հետո դա խախտում են: Ախր ես չեմ հասկանում այս մարդկանց»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Ըստ նրա, տարօրինակ է, որ վարչապետն ասում է, թե իրենք չեն ակնկալում, որ նախագահը պետք է ընտրվի ¾-ով, այսինքն, իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում. «Դուք պատկերացնո՞ւմ եք սա ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ, նախագահի ինստիտուտի նկատմամբ: ¾-ը Սահմանադրության մեջ ինչի՞ են գրել: Գրել են նրա համար, որ մտածեն այնպիսի թեկնածու առաջադրեն, որը կարողանա նման լեգիտիմություն, նման անկախություն ունենա, որ կարողանա գործունեությունն իրականացնել: Նույն խնդիրը Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում կա, իրենք ոգեւորված խոսում են, որ մեկ ուժով ընտրել են ՄԻՊ: Սա շատ վատ բան է, ոչ մի ՄԻՊ նման ձեւով չի ընտրվել: Հիշեցման կարգով՝ Արման Թաթոյանին նույնիսկ կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանը»:

Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ ներդաշնակություն է պետք խորհրդարանի, գործադիրի ու նախագահի ինստիտուտի միջեւ: Վարդեւանյանը զարմացած է, թե դրան զուգահեռ էլ ինչո՞ւ է խոսում սահմանադրական բարեփոխումների մասին. «Նույնն է, որ ես խոսեմ նրա մասին, որ ես գնալու եմ ու մի ավտոմեքենա եմ ջարդելու, հետո խոսեմ, որ մեքենայի անվտանգությունը կարեւոր է, պետք է անվտանգային կանոնները բարելավել փողոցներում: Դու ասում ես՝ Սահմանադրությունը հետաքրքիր չէ, անտեսելու եմ ու ասում ես՝ սահմանադրական բարեփոխումներ եմ անելու: Վահագն Խաչատրյանը բոլոր դեպքերում քաղաքական թիմի անդամ է: Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ նախագահը պետք է առաջնորդվի համազգային, համապետական շահերով: Եթե մեկ քաղաքական թիմի անդամ ես դու արդեն, ո՞նց ես այդպես առաջնորդվելու, այսինքն, ստացվում է, կամ քո քաղաքական թիմին պետք է հավատարիմ չլինես, կամ…»:

Այն բացատրությունների առնչությամբ, որ նա ՀԱԿ-ից էր, ՔՊ-ից չի՝ Վարդեւանյանն ասաց, որ դա էլ ստացվում է՝ կուսակցական է, չի կարող բարձրանալ ու համազգային շահերով առաջնորդվել. «Արմեն Սարգսյանը, իր պաշտոնավարման բոլոր թերություններով հանդերձ, այս պահանջներին համապատասխանում էր ու նա ընտրվել էր ¾-ով: Դա կարեւոր բաղադրիչ է: Իհարկե, այլ հարց է, որ Արմեն Սարգսյանի դեպքում այդ բոլոր պահանջների տեսանկյունից լինելով անկախ, տեսանք, որ պրակտիկ իմաստով այդ անկախությունը չէր երաշխավորվում: Հիմա ուղղակի այս իշխանությունները կարծես ուզում են բոլոր ռիսկերը նվազեցնեն, որ հանրապետության նախագահը լինի մեկ ուժի նախագահ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28