Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ դեսպանին, ԱՄՆ դեսպանին հիշեցնեմ, որ Սադամ Հուսեյնն էլ էր ասում, թե մեզ մոտ ռեպրեսիաներ չկան, ամենաարդար դատարաններն են». Վարդեւանյան

Փետրվար 01,2022 15:37

«ԵԽԽՎ-ն բարձր գնահատական է տվել ՀՀ-ին: Ես ուզում եմ հարց տալ ԵՄ դեսպան տիկին Վիկտորինին, ԱՄՆ դեսպանին՝ իրենք իսկապես պատկերացնում են, որ այսպիսի՞ հասարակությունն է ժողովրդավարը: Իսկապես պատկերացնում են, որ այսպիսի ապօրինություննե՞րն են ողջամիտը, որ 6 ամիս պատգամավորներին ապօրինի կալանավորած լինե՞լն է ժողովրդավարությանը բնորոշ: Ուզում եմ նաեւ իշխանություններին այս հարցը տալ՝ իրենք իսկապես հավատում են, որ այս ամենը ժողովրդավարությո՞ւն է, ոչ թե բռնապետություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցադրումները հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նա հիշեցրեց, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ, իսկ ԵՄ, ԱՄՆ դեսպաններին ասաց, որ Սադամ Հուսեյնն էլ էր ասում, թե ռեպրեսիաներ մեզ մոտ չկան, ասում էր Իրաքի դատարաններն աշխարհի ամենաարդար դատարաններն էին, իրավապահներն էլ՝ բարեխիղճ, օրենքով աշխատող մարդիկ:

Վարդեւանյանը կասկածում է՝ գուցե ԵԽԽՎ-ն ժողովրդավարության նոր հայեցակարգ ունի, որը պետք է ուսումնասիրել: Նա հեգնեց. «Կարող է պատգամավորներին կալանավորելը ժողովրդավարության բաստիոնին բնորոշ է, մակագրման համակարգը գործերի, որ պատահականությամբ է լինում, կարող է դա ժողովրդավարական չի, պետք է մակագրման համակարգը խլես, որ լինի ժողովրդավարություն»:

Վարդեւանյանն ասաց, որ վերջին անգամ ԵՄ դեսպանին հանդիպել է սեպտեմբերին, մի քանի հարց է բարձրացրել, առաջինը՝ առանց անձեռնմխելիության հաղթահարման պատգամավոր գործընկերների կալանավորման հարցն է. «Ինձ ասացին, որ դա շատ բարդ իրավական հարց է, դժվար է այս փուլում դրա վերաբերյալ գնահատական տալ: Երբ ՍԴ որոշումը եղավ, ես մի հայտարարություն չտեսա ԵՄ-ից: Մի հայտարարություն չպե՞տք է լինի, որ գիտեք, կարծես թե ճիշտ մտահոգություն էիք հայտնում: Նույն համազեկուցողներին նոյեմբերին ենք հանդիպել: Այն համազեկուցողներն են, որ ասում են՝ Հայաստանում ամեն ինչ հրաշալի է: Թող ես լինեմ չուզողը ժողովրդական լեզվով ասած»: Նա նաեւ հավելեց. «Մենք 5 էջ խնդիրները թվարկել էինք ու փոխանցել անգլերեն, մեր թվարկած խնդիրներից ոչ մեկը չկա այդ բանաձեւի մեջ: Հիմա կարո՞ղ եմ ասել, որ ոնց որ թե խնդիր կա այդ բանաձեւի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28