«Ո՞րն էր սրանց առաքելությունը, ո՞րն էր այն գլխավոր նպատակը, որը ստիպեց սրանց տարբեր ներքին եւ արտաքին աջակիցներ փնտրել եւ այդ աջակիցների միջոցով մագլցել իշխանության եւ երկիրը հասցնել այս վիճակին: Սա կարեւոր խնդիրը, որը պետք է հասկանանք, որովհետեւ դրա համար շատ ծանր գին ենք հատուցել: Մինչեւ դա չհասկանանք, մենք չենք կարող գիտակցել, թե ինչո՞ւ զոհվեց հինգ հազարից ավելի մեր երիտասարդ սերնդի լավագույն մասը, ինչո՞ւ կորցրեցինք 9500 քառակուսի կիլոմետր եւ ավելի տարածք, ինչո՞ւ ենք այսօր այսպես անորոշ, առանց տեսլականի եւ առանց ոգու, երբ «դուխով» գալիս էին, ամբողջ ժողովուրդը «դուխով» էր»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ միայն անփորձությունը եւ օտար շահեր սպասարկելը իր համար բավարար չեն:
Իր գնահատմամբ՝ այս իրավիճակին մասնակցություն ենք ունեցել բոլորս՝ տարբեր կերպ եւ տարբեր դրսեւորումներով եւ ժամանակն է, որ «բոլորս խելքներս գլուխներս հավաքենք», այս փոսից դուրս գալու ճանապարհները որոնենք: Ելքերի մասին, ըստ նրա, առաջին հերթին պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժերը մտածեն՝ թե ընդդիմադիր, թե իշխանական: Իսկ իշխանությունը պարտավոր է հասկանալ, որ ձախողումների համար, միեւնույն է, պատասխանատվություն լինելու է եւ որքան շուտ հասկանան եւ հեռանան, այնքան ավելի հեշտ կլինի այս իրավիճակից դուրս գալ, ավելի քիչ ժամանակ եւ ռեսուրս կպահանջվի՝ վերականգնելու համար տարածաշրջանում ՀՀ-ի ինքնիշխանությունը: Սա առաջիկա քաղաքական հարաբերությունների հիմքը պետք է լինի:
«Մենք պետք է վաղվա օրը տեսնենք, հերիք է անցյալից կախվենք, անցյալում փնտրենք մեղքերը, անցյալում տեսնենք մեղավորներին: Այո, անցյալում էլ են եղել մեղքեր, բայց անցյալում որեւէ մեկի մեղքը արյան կամ հայրենիքի, ունեցվածքի կորստի կամ ողբերգության չի բերել»,- ասաց նա՝ կոչ անելով ապագային նայելուն զուգահեռ՝ կարողանալ հարգալից վերաբերվել բոլոր հայրենակիցներին, քաղաքական, հասարակական եւ հանրային օղակներին, որոնք որեւէ կերպ կարող են դերակատարում ունենալ:
Այսօրվա ամենամեծ ողբերգությունը ընդդիմադիր գործիչը համարում է այն, որ իշխանությունը՝ հանուն իշխանությունը պահելու, պատրաստ է սեւացնել՝ խլելով շատ թանկ ժամանակը, որը կարող է հօգուտ ժողովրդի օգտագործվել: Արտակ Զաքարյանի կարծիքով, թեեւ բարդ է լինելու, բայց ընդդիմությունը պետք է համախմբման տանի, քանի որ Հայաստան պետության լինելիության հարցն է նժարին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ վերջին ռազմատենչ հայտարարություններին եւ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին պիտակավորելուն էլ, Արտակ Զաքարյանն ասաց, որ իր կարծիքով Ալիեւը տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շուրջ համախմբման հնարավորություններ, ինչը փակելու է Ադրբեջանի ոտնձգությունների ճանապարհը, Ադրբեջանին եւ Թուրքիային ստիպելու է հարգել ՀՀ ինքնիշխանությունը, հնարավորություն է բացելու Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերակենդանացնելու, հայ-ռուսական իրականում դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները վերականգնելու, Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանում բարձրացնելու, Հայաստանում հայ հասարակության համախմբելու: Թե ինչո՞ւ է գործող իշխանությունն «Ալիեւի դուդուկի տակ պարում», բանախոսի համար անհասկանալի է:
Արտակ Զաքարյանի համոզմամբ, նաեւ ընդդիմությունը պետք է ունենա նախագահի իր թեկնածուն. կլինի ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությա՞ն, թե՞ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ՝ քննարկումները ցույց կտան։ Ճշտող հարցին՝ Արմեն Աշոտյանի անունն է շրջանառվում, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Իմ համոզմամբ, ընդդիմությունը պետք է ունենա թեկնածու, ո՞վ կլինի, ե՞րբ կհայտարարվի, ինչպե՞ս կհայտարարվի եւ ի՞նչ համախմբում կունենա այդ թեկնածուն իր շուրջ, դա ժամանակը ցույց կտա, ընդ որում՝ մոտ ժամանակներս»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ