Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր դասական հերոսը Ձախորդ Փանոսն է, որի արժեքային համակարգը «հայի բախտ» հասկացության մեջ է». Ռուբեն Բաբայան

Փետրվար 01,2022 15:13

Օրերս ՀՀ ազգային ժողովում բուռն քննարկում ընթացավ հայկական սուպերհերոսի մասին ֆիլմ նկարահանելու թեմայով, դժգոհություն եղավ, որ բակերում երեխաներն ընդօրինակում են սպորտային հագուստով, ծուռ վզով ու փորով սերիալների հերոսներին:

«Երեւի այդ սերիալները պահանջարկ ունեն, որովհետեւ հասարակության որոշակի մաս իրեն տեսնում է այդ կերպարներում, ուզում է նմանվել: Իսկ դա նշանակում է, որ շատ մեծ խնդիր ունենք: Հերոսը գալիս է այնտեղից, թե ինչ արժեքներ ես դու բերում: Եթե մենք չենք որոշում մեր արժեքային համակարգը, երկիրն ինչ արժեքային համակարգում է ուզում գտնվել, ինչպիսի հասարակություն ենք ուզում տեսնել, ապա պարզ է, որ նաեւ նման հերոսներ են գալիս, որոնց ոչ թե հերոսներ, այլ տիպաժներ կանվանեի, որովհետեւ մենք ունենք դասական հերոս՝ մոտ 100 տարուց ավելի: Դա Ձախորդ Փանոսն է ՝ բոլոր ժամանակների բոլոր հայացքների հերոսը մեր հայ իրականության մեջ, որի արժեքային համակարգը տեղավորվում է «հայի բախտ» հասկացության մեջ»,- «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Առավոտյան 9-ից 18:00-ը՝ հերոսություն. ո՞վ է հայ ժամանակակից սուպերհերոսը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

Նա ասաց, որ չի պատկերացնում, թե սուպերհերոսի փնտրտուքով ինչքանով պետք է զբաղվի պետությունը, Ազգային Ժողովը. «Կարծում եմ, որ եթե պետությունը պետք է օժանդակի ինչ-որ բանի, ապա առաջին հերթին պետք է օժանդակի տաղանդավոր մարդկանց, որովհետեւ կարելի է շատ լավ, կարեւոր թեմա բերել, բայց այնքան անշնորհք ձեւով իրագործել, որ լրիվ հակառակ էֆեկտ ստանաք»:

Ռուբեն Բաբայանը մի օրինակ թատրոնից բերեց. «Ներկայացումներ Արցախյան առաջին պատերազմի սերնդի մասին…Բազմաթիվ պատվերներ են եղել եւ մշակույթի նախարարության կողմից, եւ այլն, սակայն մենք հիմա չենք հիշի այդ ներկայացումները, բայց հիշվում է մի ներկայացում՝ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է»:

Շատ սուղ միջոցներով արված ներկայացում է, եւ պետությունը բացարձակապես չի մասնակցել այդ ներկայացման ստեղծման մեջ:

Ավելին, երբ այդ ներկայացումն առաջարկված էր պետական մրցանակի, պետական մրցանակ չստացավ, բայց մասնակցեց 8 միջազգային փառատոների: Այդ ներկայացումով բացեցինք Շուշիի մշակույթի պալատը: Այդ ներկայացումը արվեստի գործ էր, դրա համար արձագանք գտավ տարբեր ժողովուրդների մոտ եւ բարձր գնահատականների արժանացավ, որովհետեւ տաղանդավոր մարդ էր արել այն եւ գտել էր ճիշտ լեզուն, իսկ բազմաթիվ ներկայացումներ, որոնց վրա միլիոններ են ծախսվել, մոռացվել են»:

Պարոն Բաբայանը կինոյից էլ օրինակ բերեց. «Տաղանդավոր ռեժիսոր, համաշխարհային մեծություն Ատոմ Էգոյանը նկարահանում է «Արարատ» ֆիլմը, Անրի Վերնոյը նկարահանում է «Մայրիկ» ֆիլմը, Տավիանի եղբայրները՝ «Արտույտների ագարակը», սակայն դրանք այնպիսի երեւույթ չեն դառնում, ինչպես Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը», բայց ես չեմ կարծում, որ Սփիլբերգը տաղանդով իրենցից ավելի է:

Ուրեմն խնդիրն ուրիշ տեղ է գտնվում՝ ինչ լեզու ես գտնում, ինչ ձեւով ես մատուցում թեման: Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ Հոլոքոստին նվիրված ֆիլմի գլխավոր հերոսը կլինի գերմանացի SS-ականը, ինչ հետաքրքիր մարդային ռակուրսով է Սփիլբերգը բերում ասելիքը, եւ դրա համար ֆիլմը դառնում է ցնցող մի երեւույթ»:

Տիկնիկային թատրոնի ղեկավարն ընդգծում է. «Ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, կան պետական մարմիններ, կոնկրետ ԿԳՄՍ նախարարություն, որտեղ աշխատում են մասնագետներ, որոնք փորձում են ֆինանսավորել առաջին հերթին տաղանդավոր մարդկանց, այլ ոչ թե թեմաներ, հնարած կերպարներ, որովհետեւ դա մի քիչ ավելի ձեւական բնույթ է կրում: Եվ ես չգիտեմ, թե դրա արդյունքը ինչ է լինելու, եթե պետությունը խառնվի այդ գործերի մեջ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28