Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը փորձում է իր սեփական ձախողումները բարդել նախկինների, Սերժ Սարգսյանի վզին»․ Արմինե Ադիբեկյան

Փետրվար 01,2022 14:48

«Հայկական կողմի դիրքերն այնքան ամուր էին, որ վերջինս ի վիճակի էր օրակարգ ձեւավորելու եւ ընկալվում էր որպես կառուցողական կողմ։ Այսինքն, ապակառուցողական եւ պարտադրվողի դիրքում էր Ադրբեջանը։ Դա կարեւոր է ամրագրել, որովհետեւ դրանից ենք հետեւություն անում, որ տարիներ շարունակ Ալիեւն էր ծուռ վզով հրահանգ կատարում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ թողնված ժառանգության մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։

«Սրանից ելնելով է հասկանալի, թե ինչու է Ալիեւն ագրեսիվ վարք դրսեւորում ՀՀ-ի հանդեպ, բռունցք թափ տալիս ու պնդում, թե հաղթել է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, այլ ոչ թե ծնկի եկած Նիկոլ Փաշինյանին։ Ալիեւն է տարիներ շարունակ ծնկի եկած եղել։ Ողջ բանակցային գործընթացը միտված էր հարցի լուծմանը խաղաղ ճանապարհով, տարածաշրջանում խաղաղության երաշխիքների իրագործմանը, եւ, բնականորեն, Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցմանն ու իրավաբանորեն ամրապնդմանը։ Անգամ եթե բանակցային գործընթացն ինչ-որ չափով չէր իրականանում, մենք չենք ունեցել պատերազմ»,-շեշտեց Արմինե Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր սեփական ձախողումները բարդել նախկինների, Սերժ Սարգսյանի վզին եւ մանիպուլյացիաների միջոցով ցույց տալ, թե իբրեւ սարսափելի բանակցային ժառանգություն է թողնվել իրեն․ «Նրա բոլոր ելույթները տրամաբանական հակասության մեջ են միմյանց հանդեպ։ Ամենատարրական կամ ակնհայտ փաստերը որպես սեփական գյուտ է ցույց տալիս։ Ես դեմ, որ մեր շահերից խոսի Նիկոլ Փաշինյանը, որ բանակցի Արցախի հարցի շուրջ կամ որոշում կայացնի մեր պետության հետ կապված՝ ելնելով շատ պատճառներից։ Նա անգրագետ է, ոչ մի կապ չունի պետականաշինության հետ, չգիտի, թե որն է պետական շահը, չի հասկանում ՀՀ-ի դերն այս տարածաշրջանում։ Նա վստահելի չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28