Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որեւէ մեկը թող չմտածի, որ պատերազմը վերջակետ է դրել հայ ժողովրդի հավակնություններին. Արտակ Զաքարյան

Փետրվար 01,2022 14:41

«Որեւէ մեկին թող չթվա, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավարտվել է, որեւէ մեկը թող չմտածի, որ պատերազմը վերջակետ է դրել բոլոր տեսակի հավակնություններին, որ հայ ժողովուրդն ունի: Իսկ հայ ժողովուրդն ունի անկախ պետություն ունենալու հավակնություն, այս տարածաշրջանում կայուն, անվտանգ, ապահով եւ զարգացող երկիր ունենալու հավակնություն եւ հայ ժողովուրդը շարունակելու է իր անկախության, իր ինքնուրույնության, իր ինքնիշխանության, իր տարածքային ամբողջականության եւ իր՝ միջազգային բոլոր իրավունքների համար պայքարը»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ սա Հայաստանի երեսնամյա ճանապարհն է եւ համոզմունքին, որ հնարավոր չէ կոտրել մի ողջ ժողովրդի, անգամ արյունալի պատերազմով, հանգել են բազմաթիվ հանդիպումներից եւ զրույցներից արված հետեւությունների արդյունքում:

Այս համատեքստում, անդրադառնալով գործող իշխանության վարած քաղաքականությանը, Արտակ Զաքարյանը հավելեց, որ թեեւ ժողովուրդը ինչ-որ պահի սխալվել է, բայց մեր պատմությունը մեր ժողովրդին շատ ավելի բարդ ճանապարհներով է տարել ու կարողացել ենք ոտքի կանգնել, մեջքներս ուղղել, արժանապատիվ կերպով առաջ քայլել: Իր գնահատմամբ, հենց սրան էին վերաբերվում նաեւ երեկ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձները. «Այո, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում եւ մենք այսօր է, թեկուզ այս, առաջին հայացքից անելանելի իրավիճակից, ունենք դուրս գալու հնարավորություններ: Այլ բան է, որ այս իշխանություն կոչվածները, կապիտուլացվածները, չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել այդ հնարավորությունները: Այլ բան է, որ վախեցած են այնքան կամ թուլամորթ, կոտրված են անգամ, որ նույնիսկ վախենում են խոսել կարեւորագույն խնդիրների մասին՝ Հայաստանի օկուպացված տարածքների, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին, վախենում են, ընդհուպ մինչեւ պատշաճ կերպով նշել մեր ժողովրդի լավագույն զավակի՝ բանակի 30-ամյա հոբելյանը, վախենում են խոսել արցախյան կարգավորման գործընթացից, երբ համանախագահներն են մերթ ընդ մերթ դրա մասին խոսում, վախենում են հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական ուղղությամբ որեւէ հիմնավոր կարծիք հայտնել: Փոխարենը, շարունակում են հասարակությունը բաժանել, կեղծ մանիպուլյացիաներով մեղքի կամ պատասխանատվության զգացումն իրենցից հեռացնելու»

Ըստ բանախոսի, գործող իշխանությունն ամեն կերպ՝ իրենց միտումնավոր եւ ոչ այնքան միտումնավոր ձախողումների համար փորձել են մեղավոր նշանակել նախկին իշխանություններին եւ այդ անհեթեթությունները ցույց են տալիս, որ այս իշխանությանն անգամ երեք տարին չբավարարեց նվազագույն կառավարչական հմտություններ ձեռք բերել, գոնե հասկանալ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներն ու իրավիճակը, գիտակցել եւ արժանապատվություն ունենալ՝ այս իրավիճակից դուրս գալ, քանի որ այս ծանր եւ կործանված ժամանակաշրջանի համար պատմությունն իրենց է պատասխանատվություն եւ մեղավորություն ամրագրելու:

Իր գնահատմամբ, երեկ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը բացելով մի շարք կարեւոր ուղղություններ՝ արցախյան բանակցային գործընթացից, նաեւ ցույց տվեց այն հնարավորությունները, որոնք կային եւ որոնք չօգտագործեց իշխանությունը՝ մտնելով մի դաշտ, որը տարավ պատերազմի եւ չպահպանեց իրեն թողնված ամուր բանակցային հիմքը, որը Հայաստանին հասկանալի էր դարձնում միջազգային հանրության համար, պաշտպանում էր ՀՀ-ի եւ Արցախի իրավական շահերը, քանի որ մեր քաղաքական հավակնությունները տեղավորված էին միջազգային իրավական նորմերի մեջ:

Արտակ Զաքարյանը համամիտ է նախագահ Սարգսյանի հետ՝ այսօր էլ դեռ կորսված չեն բանակցային գործընթաց վերադառնալու եւ Հայաստանի դիրքերը կարգի բերելու հնարավորությունները:

Ստեղծված իրավիճակից ելքը, ՀՀԿ-ական գործիչը համարում է այն, որ հայաստանյան ընդդիմադիր բոլոր ուժերը, հասարակության հետ երկար եւ անկեղծ զրույց վարեն: Նա նկատեց, որ ՀՀԿ-ն բոլոր առիթներն օգտագործել է՝ խոսելու նախկինում իր թույլ տված սխալների մասին, բայց անգամ այդ բոլոր սխալների եւ թերացումների հանրագումարը, այս իշխանության կողմից որեւէ ուղղությամբ վարվող ամենափոքր սխալին նա համարժեք չի համարում, քանի որ գործող իշխանության քաղաքականությունը տնտեսությունը հանգեցրել է բավական վտանգավոր վիճակի, ներդրումների մասին ժամանակին խոսողներն այսօր ներդրում հասկացությունն ընդհանրապես մոռացել են, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին ժամանակին խոսողներն այսօր Սփյուռքից եւ Արցախից ընդհանրապես չեն խոսում՝ վախենում են կամ խոսելիք չունեն, կամ էլ չեն խոսում, որ չբարկացնեն Թուրքիային եւ Ադրբեջանին, ժողովրդավարությունից եւ մարդու իրավունքներից ժամանակին խոսողներն այսօր կալանավորում են մարդկանց, ովքեր ընդամենն իրենց համայնքներում արժանացել են մեծամասնության քվեին, մամուլի ազատությունից են խոսում եւ հայհոյում մամուլին, որովհետեւ այդ մամուլի հանդգնել է քննադատել իրենց եւ տեղին, խոսում են անվտանգությունից եւ բանակից այն դեպքում, երբ բանակն ընդհանրապես հասցրել են պատմության ընթացքում ամենանվազագույն մակարդակին, մսխել են անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները եւ այլն: Սակայն, ըստ Արտակ Զաքարյանի, անգամ այս պայմաններում բանակն իր մեջ ուժ է գտնում եւ իր խոսքն ասում է ու դա ինքնուրույն խոսք է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28