Լրահոս
Օրվա լրահոսը

Արավուսցին մի օր արթնացել՝ սահմանամերձի բնակիչ է դարձել. չեն պատկերացրել, որ ադրբեջանցին հսկելու է լվացք փռելը, այգում աշխատանքը, երեխաների խաղը

Փետրվար 01,2022 14:56

«Մոնիկա՜, Մոնիկա՜»,-սիրառատ ձայնով իր գառնուկին կանչում է Գարիկը: Արավուս գյուղը սահմանամերձ դառնալուց հետո «Մոնիկան» ոչխարազգիներից միակն է մնացել, որին չեն մորթել կամ վաճառել:

Արավուսցիները մի օր արթնացել՝ սահմանամերձ գյուղի բնակիչներ են դարձել: Սյունիքի մարզի այս գյուղում ադրբեջանական դիրքը կարելի է ասել՝ կիպ կպած է գյուղին, հենց Արավուսի գլխավերեւում է:

Հակառակորդի նշանառության տակ երեխաները խաղում են, դպրոց ու մանկապարտեզ գնում:

«Հոգեբանորեն շատ դժվար է, հենց մութն ընկնում է՝ երեխաներին չենք թողնում դրսում լինեն»,-ասում է Գարիկի կինը՝ Ժաննան: Նա 16 տարի առաջ է հարեւան Տեղ գյուղից Արավուս հարս եկել, երբ ադրբեջանցիները հարյուրավոր կիլոմետրեր գյուղից հեռու են եղել: Մտքով չի էլ անցել, որ մի օր ադրբեջանցին հսկելու է արավուսցիների կանանց լվացք փռելը, ջուր կրելը, այգում աշխատելը, երեխաների խաղը:

Արավուսը համայնքների խոշորացումից հետո միավորվել է Տեղ համայնքին: Գորիս քաղաքից հեռավորությունը 22 կիլոմետր է: Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում՝ լեռնալանջի վրա:

44-օրյա պատերազմից հետո Արավուսը մի քանի տասնյակ հեկտար արոտավայրերն էլ է կորցրել: Մարդիկ, որոնք տարիներով չարչարվել, անասուններ են բուծել, պատերազմից հետո ստիպված են անասունների գլխաքանակը կրճատել. Կա՛մ մորթել են, միսն էժան իրացրել, կա՛մ` վաճառել: Ասում են՝ իմաստ չունի պահելը, եթե կենդանուն գոմից չեն հանելու. ո՛չ արոտավայր ունեն, ո՛չ էլ անասնակեր:

Միշա Ավագյանը

Միշա Ավագյանն 85 տարեկան է: Ասում է՝ ծնված օրվանից Արավուսում է ապրում: Թոռ, աղջիկ, տղա, բոլորն էլ այս գյուղում են ապրում: Ավագյանների ընտանիքն էլ տարիների բազմացրած անասնագլուխը վաճառել է. 25 անասունից 5-ն է մնացել՝ դա էլ տան կարիքների՝ կաթ, մածուն, պանիր ունենալու համար:

Հովիվ Ֆելիքսի միջադեպն էլ աչքերի առաջ է. ամիսներ առաջ հենց գյուղի ձորից Արավուսի հովիվ Ֆելիքսին կենդանիների հետ ադրբեջանցի զինվորականներն առեւանգել են:

Ֆելիքս Ավագյանը

«Ասացի՝ նստեմ մի կտոր հաց ուտեմ, մեկ էլ տեսնեմ 12 ադրբեջանցի իրենց հրամանատարի հետ վրա տվեցին: Ինձ էլ տարան, անասուններին էլ»,-պատմում է Արավուսի բնակիչ Ֆելիքս Ավագյանը: Նրա խոսքով, իրեն վերադարձրել են, հետո ձին ու բջջային հեռախոսը, բայց անասունների մի մասին այդպես էլ հետ չեն տվել:

Գարիկին, որը եկել էր որբացած «Մոնիկային» ծծակով կերակրելու, Ֆելիքսին ու գյուղի այլ անասնապահների հանդիպեցինք Արավուսի ճանապարհին, որտեղ նրանց անասնագոմերն էին: Մարդիկ հոգոց հանելով պատմում էին՝ ինչ մեծ դժվարությամբ, երկար տարիների ընթացքում ավելացրել էին անասունների գլխաքանակը, որ օր ծերության, քիչ թե շատ բարեկեցիկ ապրուստ ունենային, երեխաներին «մուրազին» հասցնեին, բայց հիմա ոչ միայն օրվա ապրուստի խնդիր ունեն, այլ ֆիզիկական գոյության:

Գյուղը համայնքապատկան հողերից էլ է զրկվել. տան մյուս տղաներին չեն կարողանում ամուսնացնել, ազատ հող չկա, որ տուն սարքեն, ընտանիքն առանձնացնեն:

Արավուսի հին դպրոցը

Ժաննայի ընտանիքն ապրում է գյուղի հին դպրոցի շենքում: Փայտաշեն այդ տնակում այլ ընտանիքներ էլ են տեղավորվել:

Ժաննայի ու Գարիկի որդին հաճախում է Տեղ գյուղի դպրոցը: Ժաննան ասում է, որ ամեն օր ահը սրտում է որդուն դպրոց ճանապարհում:

Որդին ամեն օր ժամը 7 անց կես ոտքով ճանապարհ է ընկնում, մեկ ժամ էլ ճանապարհ է գնում, որ դասից չուշանա: Ձմռան օրերին որդին մթով է ճանապարհը գնում:

Արավուսի դպրոցը չորսամյա է: Գյուղում մանկապարտեզ էլ չկա: Երեխաներն ուսումը շարունակում են Տեղի դպրոցում: Անգամ սահմանամերձ դառնալուց հետո վարչական շրջանը փոխադրամիջոց չի տրամադրում՝ երեխաներին Տեղ համայնքի դպրոց, մանկապարտեզ տանել-բերելու համար:

«Բա ի՞նչ անենք, հո երեխային դասերից չենք կտրելու՝ տանը նստեցնենք: Ախ ու վախով թողնում ենք մենակ գնան-գան»,-ասում է Ժաննան:

Արավուսը, որպես սահմանամերձ, 2021 թվականին ընդգրկվեց պետության կողմից արտոնություններ ստացող բնակավայրերի ցանկում: Որպես սոցիալական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչների սպառած գազի, լույսի, ջրի 50 տոկոսը փոխհատուցվում է, գույքի ու ոռոգման ջրի դեպքում էլ՝ ամբողջ գումարը: Սակայն խնդիրն այն է, որ Արավուսում շատերը գազ չունեն, էլեկտրաէներգիան էլ շատ քիչ են օգտագործում, հիմնականում տունը ջեռուցում, կերակուր են պատրաստում փայտե վառարանով:

Հողատարածքներ էլ գրեթե չունեն, որ ոռոգեն ու օգտվեն այդ արտոնություններից: Արավուսցիների խոսքով, ստացվում է, որ այդ փոխհատուցումները սահմանամերձ բնակչի մատից փուշ չեն հանում: Նրանք պետությանն առաջարկում էին սոցիալական աջակցությունը ըստ կարիքի տրամադրել, օրինակ՝ փայտի կամ մեկ այլ բնամթերքի տեսքով՝ եթե ուզում են գյուղացուն օգնած լինեն ու նրան պահեն գյուղում:

Արավուսն էլ 44-օրյա պատերազմում Սերոբին է կորցրել: Գյուղի հուշարձանը, որը խնամքով ցանկապատված է եւ գյուղի համար, գրեթե սրբավայր է համարվում, հիմնադրվել է Հայրենական պատերազմից հետո, ապա արցախյան առաջին պատերազմին «համալրվել» զոհված ազատամարտիկների պատվին դրված հուշաքարով: 44-օրյա պատերազմից հետո էլ զինծառայող Սերոբի նկարով հուշաքարն է ավելացել:

Հարցին՝ գյուղից կա՞ արտագաղթ, ցույց տալով այդ հուշարձանը, Սերոբի հուշաքարը, արավուսցիներն ասում են՝ նրանք զոհվել են, որ մենք արտագաղթե՞նք: Նրանց խոսքով, ադրբեջանցիների գոյությունը այդքան չի վախեցնում, եթե պետությունը ինչ-որ չափով լուծի անվտանգային խնդիրները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28