Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հարեւանները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ իբր իրենց գորգերն ենք տարել». Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր

Փետրվար 01,2022 13:30

«Այս թանգարանը հիմնադրվել է 2011թ Շուշիում, նախադրյալներն էլ վաղուց կային, քանի որ մեր հարեւան պետությունը պետական մակարդակով խնդիր է դրել այդ մշակույթը յուրացնելու՝ ակադեմիական աշխատանքներով, թանգարաններ բացելով: Նրանք արցախյան գորգերը դեռեւս խորհրդային ժամանակներից ժողովրդից ձեռք էին բերում, իսկ 1994 թվականից հետո գորգավաճառները այդ գորգերը ագրեսիվ կերպով ժողովրդից ձեռք էին բերում: Ես գիտակցում էի, որ եթե այդ ամենը բնօրրաններից կտրվի՝ այլեւս չենք կարողանալու ապացուցել, որ մերն է եղել այդ մշակույթը»,- «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում նշեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանը:

Նա ներկայացրեց, թե ինչպես է սկսել գորգեր ձեռք բերել, ու իր նպատակը եղել է գորգերի թանգարանի ստեղծումը՝ արձանագրելով բոլոր նմուշները, դրանց բնօրրանները, սկզբնաղբյուրները, ծագումնաբանությունը, ընտանիքները:

«Աստծո օգնությամբ հաջողվեց 2011թ հիմնադրել թանգարանը, 2013թ մենք նոր շենքում տեղավորվեցինք: Երկու շենք ունեինք Շուշիում՝ մեկը պահոցն էր, մյուսը՝ բուն թանգարանը, որը զարգանում էր իր բնականոն կյանքով մինչեւ 2020թ. պատերազմը: Պատերազմի ժամանակ մեզ հաջողվել է տարհանել թանգարանի նմուշների կարեւոր մասը: Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ մեքենա տրամադրեց, որով տարհանումը կազմակերպեցինք, բայց մեքենան մենակ մնաց, քանի որ ես տարհանման իրերի հետ չմեկնեցի, այլ մնացի Շուշիում, որովհետեւ էլի տարհանում պետք է կազմակերպեի:

Քանի որ պատերազմական իրավիճակ էր, այդ ժամանակ գրություն էր պետք, որպեսզի կարողանայի ազատ տեղաշարժվել, սակայն այդ գրությունն ինձ չտրամադրվեց: Մինչեւ հիմա չեմ կարողանում պատճառը հասկանալ:

Երկրորդ տարհանումը իմ սեփական մեքենայով եւ իմ սեփական ուժերով կազմակերպեցի: Մեր ֆոնդի բոլոր նմուշները, ցավոք, մնացին Շուշիում այն պատճառով, որ ինձ չտրամադրվեց համապատասխան գրությունը»,-մանրամասնեց Վարդան Ասծատրյանը:

«Տոկոսային առումով թանգարանի նմուշների 70 տոկոսը փրկվեց, 30-ը մնաց Շուշիում: Կարեւոր բաները հաջողվեց փրկել՝ մի 120 գորգ, իսկ 600 նմուշ միջին դարի, 90 մթա խեցեղեն, քարե եւ բրոնզի դարերի իրերը չհաջողվեց փրկել, դրանք մնացին ֆոնդի շենքում, կարողացանք փրկել միայն թանգարանի շենքում եղածը. այն ամենը, ինչ տեղավորվեց մեքենայում: Փրկված նմուշները հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարանին, այնտեղ մնաց մինչեւ հունվար ամիս, այնուհետեւ պայմանավորվեցինք Ճարտարապետության թանգարանի տնօրենի հետ եւ ցուցադրություն բացեցինք: Տնօրենն ասաց, որ 6 ամսով պայմանագիր կնքենք, եւ եթե այցելություններ լինեն, էլի կերկարաձգենք մինչեւ մեկ տարի, ու այդպես էլ եղավ: Իսկ մեկ տարի անց՝ դեկտեմբերի վերջին ասացին, որ պետք է ցուցադրությունը հավաքենք»,-տեղեկացրեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը:

Ապա հավելեց. «Ես հույս ունեի, որ այդ մեկ տարվա ընթացքում համապատասխան մարմինները լուծում կտան հարցին, քանի որ սա միակ փրկված թանգարանն է ու միակ գորգերի թանգարանը՝ ամբողջ Հայաստանում: Չեղավ այդ ամենը, ու ամեն ինչ զուտ խոսակցության մակարդակի վրա մնաց: Հիմա ամեն ինչ հավաքել ու պահեստավորել ենք: Երկու օր առաջ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից ինձ հրավիրեցին, ասացին, որ հարցը ուշադրության ներքո է եւ լուծում են փնտրում»:

Ասուլիսի ընթացքում այլ մանրամասներ էլ ներկայացվեցին:

Գորգերի թանգարանի հիմնադրի ձեւակերպմամբ. «Տասը տարի այս թանգարանը Շուշիում աշխատել է, եւ ֆինանսավորումը մենք էինք հոգում, իսկ պետության կողմից քիչ աջակցություն է եղել: Իսկ պատերազմի ժամանակ իմ բոլոր ֆինանսական միջոցները, որոնցով հոգում էի թանգարանի ծախսերը, մնացին թշնամուն: Կառավարությանը խնդրեցի, որ փոխհատուցում անեն, իրենք չհամաձայնեցին, ասելով, որ մեր թանգարանը պետական ռեեստրում գրանցված չէ»:

Նա հիշեցրեց, որ Արցախի օրենսդրությամբ կարգավորված չէ այդ ամենը, եւ եթե ինչ-որ մեկն ուզենա թանգարանային նմուշներ գրանցել, պարզ չէ, թե ինչ կարգով պետք է անի, ու հիմա էլ համապատասխան մարմիններն իրեն առաջարկներ են անում, որոնք նույնպես օրենքով կարգավորված չեն:

Անդրադարձ եղավ նաեւ Սարդարապատի եւ Շարամբեանի անվան թանգարաններ գորգերը տեղափոխելուց հրաժարվելուն. «Իրենք արդեն ունեն իրենց գորգերը, որոնք չեն կարողանում ցուցադրել տեղի պատճառով, երկրորդը՝ խնդիրներ ունեն պահոցներում: Այնտեղ վարակ կա, իսկ նոր նշանակված տնօրեններին ժամանակ է պետք այդ խնդիրները լուծելու համար»:

Ինչ վերաբերվում է գորգերը Ստեփանակերտ տեղափոխելուն, այս մասին էլ Ասծատրյանն ասաց, որ Արցախի ԿԳՄՍ նախարարն ասել է, թե պատրաստ են Արցախում ընդունել այդ ցուցադրությունը, սակայն ինքը պատասխանել է, որ կհամաձայնի գորգերը Արցախ տանել, եթե թանգարանը դառնա պետական. «Քանի որ այսօր Արցախի կարգավիճակը անկայուն է, ես չեմ կարող ռիսկի դիմել եւ մասնավորի կարգավիճակում այդ ամենը տանել Արցախ: Ի դեպ, այս թանգարանի համար մեր հարեւանները քայլեր են ձեռնարկում՝ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ իբր մենք իրենց գորգերն ենք տարել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28