Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական արդյունք չլինելու ամենակարևոր պատճառը Ադրբեջանի գործոնն է». թուրք նախկին դատավոր. Ermenihaber

Փետրվար 01,2022 13:10

Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված երկխոսության գործընթացի մասին Ermenihaberը հարցազրույցներ է իրականացնում Թուրքիայի  քաղաքական և հասարակական շրջանակներից տարբեր գործիչների հետ:

Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ քեմալիստական ուղղվածության, «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, նախկին դատավոր Միթհաթ Ալի Քաբաալին է: Զրույցի ընթացքում վերջինս շեշտեց, որ ներկայացնում է իր անձնական դիրքորոշումը, և դա չպետք է ընկալվի որպես իր կուսակցության պաշտոնական դիրքորոշում։ 

Նախկինում, ինչպես գիտենք, եղել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու փորձեր, որոնք, սակայն, ձախողվել են: Ձեր կարծիքով՝ Թուրքիան ի՞նչ քայլեր պիտի անի, որպեսզի գործընթացը նորից չձախողվի:

– Ինչպես հայտնի է, հայերի հետ առաջին շփումը Թուրքիայի Հանրապետությանը նախորդած Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության և Հայաստանի ու այլ սովետական հանրապետությունների միջև ստորագրված 1921թ. Կարսի պայմանագիրն է եղել։

Մինչև 1991 թվականը Սովետմիության շրջանակներում կարգավորվող հարաբերությունները Սովետական միության փլուզումից հետո Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ են շարունակվել, սակայն 1993 թվականին Քելբաջարի (խմբ՝ Քարվաճառ) գրավումը պատճառ դարձավ, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացնի մեկուսացման քաղաքականություն։

2002 թվականին «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կողմից կազմած Թուրքիայի 58-րդ կառավարության արտաքին քաղաքականությունը, որը մինչ այդ իրականացվում էր բավականին կոշտ և ազդեցիկ, մեղմացավ։ Շվեյցարիայի միջնորդությամբ 2007-ին նախաձեռնված գործընթացի արդյունքում 2009-ին ստորագրվեցին «Դիվանագիտական​​հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» արձանագրությունները։ Սա ճանապարհ հարթեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։

Այս արձանագրությունները պետք է ուժի մեջ մտնեին երկու երկրների խորհրդարաններում հաստատվելուց հետո։ Սակայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշմամբ այն կասեցվեց։

Ի դեպ՝ ԱԶԿ-ի կողմից կազմված 61-րդ կառավարության օրոք՝  2011 թվականի օգոստոսի 27-ին մեծ քաղաքական խիզախության դրսևորմամբ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարվեց «Համայնքների գույքի վերադարձի» վերաբերյալ և այդ հայտնի փոփոխությամբ ճանապարհ բացվեց փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին պատկանող ունեցվածքի վերադարձի համար։

2013-ին այդ ժամանակվա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում  ջանքեր են գործադրվել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, սակայն դրական արդյունք չեն տվել։ Դրական արդյունք չստանալու ամենակարևոր պատճառը Ադրբեջանի Հանրապետության գործոնն է։

Այս երկու երկրների հարաբերությունները, որոնք և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը հիմնավորված պատճառներով սահմանում են որպես եղբայրական հարաբերություններ և բնութագրվում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, ուղղակիորեն ազդում են Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա։

Ադրբեջանի Հանրապետությունը   Հայաստանի և Թուրքիայի միջև 2007-ից սկիզբ առած շփումների առնչությամբ իր ունեցած անհանգստությունը բազմիցս հայտնել է։ Այդ մասին Ադրբեջանը բարձրաձայնել է բոլոր հարթակներում և չի վարանել հայթուրքական շփումներին վերջ տալու համար տնտեսական (դադարեցնել բնական գազի դեմպինգը) և քաղաքական (Իսրայելի հետ հարաբերությունները) քայլեր ձեռնարկել։

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախկինում զբաղեցված տարածքները վերադարձվել են։ Քանի որ դա էր որպես նախապայման Թուրքիան առաջ քաշում ցյուրիխյան արձանագրությունների իրականացման նախապայման, հիմա արդեն դա կատարվել է ըստ էության և իմ կարծիքով Թուրքիայի համար բանակցությունների վերսկսման խնդիր այլևս չկա։

Արաբական աշխարհում մի հայտնի ասացվածք կա․ «Չկա պատերազմ առանց Եգիպտոսի, չկա խաղաղություն առանց Սիրիայի»։ Այս հայեցակարգը շատ լավ արտահայտում է այդ երկու երկրների աշխարհագրական կշիռն ու դերը։ Իմ կարծիքով, եթե այս արտահայտությունը հարմարեցվի կովկասյան տարածաշրջանին՝ ապա կարող ենք ասել, որ «Առանց Ադրբեջանի չի կարող լինել խաղաղություն»։ Ուստի ճիշտ կլիներ, որ Ադրբեջանի Հանրապետությունը մասնակցեր բանակցություններին, որպեսզի գործընթացը նոր փակուղիների առջև չհայտնվի։

– Ինչպիսի՞ն են Թուրքիայում հանրային տրամադրություններն այս հարցի շուրջ, մանավանդ 44-օրյա արցախյան պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կրել և արդյո՞ք հասարակական պահանջ ևս կա Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու:

– Թուրքական հասարակությունն, ընդհանուր առմամբ, սատարում էր Ադրբեջանի Հանրապետության նախաձեռնած ռազմական գործողությունները։ Պատերազմի ընթացքում հայ զինվորների կողմից սոցիալական ցանցերում տարածված որոշակի վատ բովանդակությամբ նյութեր ավելի խթանեցին այդ աջակցությունը։

Թուրքիայի հասարակությունը գոհ է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հրադադարից, և նրա ներկայիս ակնկալիքն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակաբար կյանքի կոչվեն։

Բոլոր նրանք, ովքեր սառնասրտորեն են գնահատում տեղի ունեցածը, կարծում են, որ պատերազմից հետո ձեռք բերված հաշտեցմամբ Ադրբեջանի Հանրապետությունը հասավ իր ուզածին և հիմա, երբ խաղաղություն է, պետք է դրան համապատասխան վարվել, այն է՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28