Հոդվածաշար (մաս I)
Ըստ ՍՍՀՄ-ը քանդող ուժերի գործունեությունը գնահատող վերլուծական կենտրոնների եզրակացության, ՍՍՀՄ-ի քանդման պրոցեսում մեծ գործոն է հանդիսացել սովետական գիտական բյուրոկրատիայի առկայությունը: 90-ական թվականներին այս հանգամանքը չի վրիպել մեր ծաղկուն երկիրը քանդող ուժերի և նրանց հայտնի ղեկավարի աչքից: Այդ պատճառով 90-ական թվականներին նա (իսկ հետագայում իր հոգեզավակները) ձեռնամուխ եղավ հայկական գիտական բյուրոկրատիայի զարգացման գործին:
Ընթերցողին բացատրենք, թե ինչ բան է գիտական բյուրոկրատիան: ՀՀ-ում, ներկայումս, գործում է մասնագիտական աստիճանավորման հետևյալ գիտական համակարգը՝ Բակալավր, Մագիստր, Գիտությունների թեկնածու, Գիտությունների դոկտոր, Ակադեմիայի թղթակից թնդամ, Ակադեմիկոս, Ակադեմիայի նախագահության անդամ, Ակադեմիայի նախագահ: Այս աստիճաններով մագլցողներին հատկացվում է համապատասխան պետական դիպլոմ, իսկ պաշտոններին հավակնելու մրցույթներում, ըստ իրենց ունեցած դիպլոմի, տրվում է օրենքով նախատեսված մեծ առավելություն, և, սկսած Գիտությունների թեկնածուի աստիճանից, նաև բավականին մեծ հավելավճարներ:
Ինչպես տեսնում եք մեծ իմաստ ունի այս աստիճաններով մագլցելը՝ ձեռք բերելով տարբեր թղթեր, պետական դիպլոմներ, գիտական աստիճաններ, և ոչ թե բարձր մասնագիտական մակարդակ: Այս գործընթացը սկսում է ուսանողական լսարանից և որոշ մարդկանց մոտ շարունակվում է մինչև կյանքի վերջը: Նշված դիպլոմների պետական լինելու փաստը բերել է երևույթի. պետական սեկտորի մի որևէ գիտական աստիճան շնորհող միավորում ցածր մասնագիտական մակարդակ ունեցող անձանց շնորհում է դիպլոմներ: Ընդ որում, թուղթ, դիպլոմ, գիտական աստիճան ստանալու համար կիրառվում են ամեն տեսակ անօրինականություններ (խնամի, ծանոթ, բարեկամ, կաշառք): Իսկ կոչում տվող հանձնաժողովի անդամները չեն կրում մեծ պատասխանատվություն իրենց նվիրաբերած կոչումների համար:
Կարդացեք նաև
Այս ճանապարհով կոչում, դիպլոմ ստացածները, չնայած իրենց ցածր մասնագիտական մակարդակի, արդեն պետական այլ օրգաններում, իրենց դիպլոմի շնորհիվ` հպարտությամբ հանդես են գալիս որպես լիարժեք աստիճանավորներ և, ստանալով ցմահ ուսադիրներ, փչացնում են ողջ գիտական համայնքը: Առավել վատն այն է, որ այսպիսի մարդիկ, ստանալով դասավանդման իրավունք և առավելություն, որակազրկում են նաև ուսանողական կազմը:
Նկարագրված գիտական աստիճաններով մագլցման պրոցեսում հաշվի չեն առնվում պետության շահերը, թե որքան եկամուտ են նրանք տվել պետությանը, այլ միայն քանի հոդված կամ քանի գիրք են գրել, քանի ասպիրանտի ղեկավար են: Նման պայմաններում աղտոտված համակարգը էլ երբեք չի կարողանում կազմակերպել ինքնամաքրման պրոցես, քանի որ գիտ. աստիճան տվողներն իրենք են ժամանակին անցել նման գործընթաց, վերարտադրում են իրենց նմաններին, իսկ իրական մասնագետները դուրս են մնում խաղից: Արդյունքում ունենք այսպես կոչվող գիտնականների խիստ ցածր մասնագիտական մակարդակ, որոնք ունակ չեն լուծելու երկրի առջև կանգնած անվտանգության լուրջ խնդիրները:
Բերեմ մի քանի օրինակ իմ կյանքից. հանդիպել եմ քիմիկոս ակադեմիկոսի (Պոլիտեխնիկի քիմիայի ամբիոնի վարիչ), որին ես խնդրեցի բացատրել, թե ի՞նչ է սահմանային ածխաջրածինը (դպրոցի 11-րդ դասարանի կուրս), և նա ինձ ազնվորեն պատասխանեց, որ չգիտի: Հանդիպել եմ նաև ամբիոնի տեխնիկական գիտությունների դոկտորի, որը չգիտեր դպրոցի 9-րդ դասարանում անցնող Վիետի թեորեմը (քառակուսի հավասարումների բաժնից), և հանդիպել եմ գիտությունների թեկնածուի, որը դժվարացավ ձևակերպել Օհմի օրենքը: Միևնույն ժամանակ հանդիպել եմ փայլուն մասնագետների, որոնք ունեցել են գիտական բարձր կոչումներ: Նրանք սովորաբար եղել են Սովետական Միության կադրեր:
Այս օրինակները ես չեմ բերում ինչ-որ մեկին ծաղրելու համար, չեմ ասում սարկազմով, այլ` տխրությամբ: Բերված բացասական օրինակների թիվը կամաց-կամաց կարելի է շատացնել, ներկա պայմաններում այն դանդաղորեն շատանում է, սակայն հույսը կորցնել պետք չէ: Առաջարկում եմ մի քանի օրենսդրական լուծումներ, որոնք կշտկեն ներկա ծաղրելի վիճակը՝
1.Անհրաժեշտ է քանդել գիտական աստիճանների և կոչումների վերը բերված հիերարխիական համակարգը: Ինչպես ասում է ժողովուրդը. «ձուկը գլխից է նեխում»: Այդ պատճառով անհրաժեշտ է ՀՀ Գիտությունների ակադեմիային տալ հասարակական կազմակերպության կարգավիճակ: Թե չէ, «գիտնական» տղերքը հավաքվում են և իրենց ընկերներից մեկին շնորհում ակադեմիկոսի կոչում՝ հաճախ անհասկանալի կամ անչափելի չափանիշներով, ընդ որում, այդ պրոցեսին չեն մասնակցում լայն գիտական շրջանակները, այսինքն՝ ընտրման պրոցեսը հակաժողովրդավարական է: Իսկ դրանից հետո պետությունից պահանջում իրենցից մեկի՝ այդ «ընտրվածի» համար մեծ աշխատավարձ: Բայց ինչո՞ւ: Չէ որ աշխատավարձը տալիս են աշխատանքի համար: Բացի այդ հայտնի է, որ եթե մի մարդկային կոլեկտիվ ինքն է ընտրում իր հաջորդ կազմը, ապա այն վերարտադրվում է և վերածվում մաֆիոզ կառույցի: Իհարկե, Ակադեմիան թող մնա Կառավարության համար որպես խորհրդատու կազմակերպություն, բայց վճարում ստանա միայն խորհրդատվական աշխատանքի համար՝ սահմանված չափով և ռեալ պետական պատվերի կատարման համար, այսինքն՝ հարկավոր է վերացնել ակադեմիկոսին ցմահ տրվող մշտական աշխատավարձը:
2.Լուծարել անհասկանալի գործառույթներ իրականացնող ՀՀ Գիտական կոմիտեն, նրա գործառութները կարող են կատարել Պաշտպանության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և Բարդ Տեխնոլոգիաների կազմում գործող գիտական բաժինները, ինչպես նախկինում: Իրականում Գիտության կոմիտեն պետք է իրականացնի գիտական առաջադրանքների կազմումը և դրանց կատարման համար հայտարարի մրցույթներ: Ինչը որ չի անում և չի էլ կարող անել ներկայիս Գիտության կոմիտեն, քանի որ կաբինետային աշխատողները չեն կարող խնդիր դնել գիտական խմբերի առջև: Իսկ այդ խնդիրները առաջանում են վերը նշված նախարարությունների սահմաններում, այդ պատճառով էլ ես պնդում եմ, որ գիտկոմի գործընթացները պետք է իրականացվեն այդ միավորներում:
Այս հոդվածում առաջարկում ենք ընդամենը երկու կետ, գիտական կյանքը ՀՀ-ում առողջացնելու համար, պետք է իրականացնել շատ այլ փոփոխություններ: Առաջարկները դրանց մասին Դուք կտեսնեք այս հոդվածաշարի 2-րդ մասում:
Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Պոլիտեխնիկի պրոֆեսոր