Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI) նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հայ բնակչության համար մտահոգության առաջնային խնդիրներն են տարածքային և սահմանային հարցերը: Հարցման մասնակիցները նաև ցանկություն են հայտնել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններ հաստատել, որոշ հատվածը կողմ է արտահայտվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապերի հաստատմանը:
Այսպես, «Ո՞րն է երկրի ամենամեծ խնդիրը» հարցին՝ բնակչության 28 տոկոսը պատասխանել է՝ տարածքային և սահմանային խնդիրները:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը և տարածաշրջանում ռազմական առճակատման պատմությունը՝ հայերը հասկանալիորեն մտահոգություններ ունեն ազգային անվտանգության և սահմանի երկայնքով սպառնալիքների առումով»,- ասել է IRI- Եվրասիական ստորաբաժանման տնօրեն Ստեֆան Նիքսը:- Նրանք կցանկանային լուծում տեսնել այս երկարատև տարածքային խնդիրներին»:
Հարցումը նաև ցույց է տվել, որ բնակչության մեծամասնությունը կցանկանար ավելի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Այսպես, 70 տոկոսը համաձայնել է, որ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններ պետք է ձևավորվեն՝ վերապահումով, որ Թուրքիան չի միջամտի Լեռնային Ղարաբաղի հարցին:
Կարդացեք նաև
«Պատմությունը ցույց է տալիս, որ այս երկրները բարդ երկկողմ հարաբերություններ են ունեցել տարիների ընթացքում: Հայ ժողովրդի կողմից Թուրքիայի հետ կապերն ամրապնդելու ցանկությունը շատ դրական զարգացում է»,- ասել է Նիքսը:
Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ հանրության մի հատվածը ցանկություն ունի տնտեսական գործակցություն սկսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ միջսահմանային տրանսպորտային ուղիներով: Այսպես, հարցման մասնակիցների 35 տոկոսն ասել է, որ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիները դրական տնտեսական ազդեցություն կարող են ունենալ, իսկ 27 տոկոսը նույնն ասել է Ադրբեջանի մասով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ