Այս տարվա հունվարի 24-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական առաջին նիստը։ Վարդազարյանի գործառույթները, հիշեցնենք, ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Նիստը հետաձգվել է, քանի որ Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանին հետաքրքրել է՝ արդյոք այս գործը ձեռքո՞վ է մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ գործերի ավտոմատ մակագրման էլեկտրոնային համակարգը չի աշխատում, քանի որ ԱԱԾ-ն առգրավել է սերվերներն ու հետ չի տալիս։ Երեմ Սարգսյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը, որպեսզի հնարավորություն ունենա ստանալու իրենց համար էական հարցերի պատասխանները, հետո կորոշեն՝ դատավորին ինքնաբացարկ հայտնե՞լ, թե՞ ոչ։ Հաջորդը նիստը նշանակված է մարտի 21-ին։
– Օրերս ԵԽԽՎ-ն հրապարակեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը, որտեղ անդրադարձ կար դատական համակարգին, այդ թվում՝ ԲԴԽ-ին: ԵԽ-ն դիտողություն էր արել, որ պետք է ԲԴԽ-ն հնարավորություն տա՝ դատավորների նկատմամբ կայացված կարգապահական վարույթները բողոքարկելու։
– Ես ծանոթ եմ բանաձեւի այն կետերին, որոնք վերաբերում են դատական համակարգին, համարում եմ, որ դիտողությունը տեղին է՝ անձը, քաղաքացին, իրավաբանական անձը արդար դատաքննության իրավունք ունեն, եւ արդար դատաքննության իրավունքի մեջ մտնում է նաեւ բողոքարկման իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է դատավորին, որի պաշտպանվածության աստիճանը, եթե ոչ ավել, ապա պետք է հավասար լինի շարքային քաղաքացու պաշտպանվածության աստիճանին, զրկված է դրանից, այդ պաշտպանությունը չունի։ Այսինքն՝ ԲԴԽ-ն որոշում է կայացնում, եւ այդ որոշումն ուժի մեջ է մտնում բողոքարկման պահից։ Հետեւաբար, միանշանակ խախտվում է դատավորի արդար դատաքննության իրավունքը։ Այդ հարցը ժամանակին եղել է օրակարգում, քննարկվել է ե՛ւ արդարադատության նախարարի հետ, ե՛ւ Ազգային ժողովում է քննարկվել, եւ վաղ թե ուշ, միեւնույն է, այդ բողոքարկման ինստիտուտը լինելու է, որովհետեւ դա միայն ԵԽԽՎ-ն չի արձանագրել, դա արձանագրել են նաեւ մեր իրավաբանները, եւ դա, վաղ թե ուշ, լինելու է։ Ուղղակի օրենսդրական կարգավորման կարիք ունի, եւ ֆինանսական միջոցների սղությունը դրա վրա կարող է ազդել, որովհետեւ եւս մեկ ատյան, որը պետք է այդ բողոքը քննի, պարզ է, որ պետությունն այս պատերազմից հետո, քովիդից հետո այդ գումարները չունի։
– Իշխանությունները թմբկահարում են այն, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու առաջընթացը։ Կարծում եք, որ Հայաստանը վերջին երեք տարիներին եւ հատկապես վերջին տարին, ժողովրդավարության առումով առաջընթա՞ց է գրանցել։
Կարդացեք նաև
– Ես կարող եմ ասել, որ այն, ինչ կատարվում է դատական համակարգում, որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ, որովհետեւ մենք ունենք լուրջ հետընթաց, եւ այդ հարցով միանշանակ համաձայն չեմ։ Եթե նկատի ունեն այն իրավիճակը, որ այսօր առկա է դատական համակարգում, դա համարվում է ժողովրդավարական պրոցես, ապա եվրոպացիներն ուղղակի իրականությունը չեն ըմբռնում այն ծավալով, որն իրականում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: