Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ եմ արդյոք եզրակացնել, որ միայն նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը վարկաբեկելու համար գնացել են ավանտյուրայի»․ Սերժ Սարգսյան

Հունվար 31,2022 23:35

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ

–        Ինչ վերաբերում է Ձեր թողած բանակցային ժառանգությանը: Քիչ առաջ էլ մենք խոսեցինք 2018 թվականին արտգործնախարարների համաձայնեցրած սկզբունքների և տարրերի մասին: 2020 թվականի հունվարին Կապանում վարչապետն իր ասուլիսում անդրադառնում է Ձեր թողած բանակցային ժառանգությանը, ուշագրավ գնահատականներ է տալիս:

Ստացվում է ի՞նչ. ինչպես էլ ընդուներ, վարչապետը՝ ինքը բանակցություններն իր կետից է սկսել, ոչ թե Ձեր թողած կետից: Միաժամանակ նա արձանագրում է Ձեր թողած բանակցային ժառանգությունն ու ասում, որ ցանկացած պահի կարող է վերադառնալ դրան, կոպիտ ասած՝ դա իր պլան Բ-ն է, որը մշտապես իրենց ձեռքի տակ կա: Միաժամանակ պետք է հղում անեմ մեր մեկ տարվա վաղեմության հարցազրույցին, որտեղ Դուք ենթադրություն եք հնչեցնում, որ 2019 թվականին կողմերին փոխանցված տարբերակը, ըստ ամենայնի, փուլային տարբերակ է եղել` դատելով արտահոսքերից, դատելով Ռուսաստանից և այլ համանախագահ երկրներից եկող ազդակներից: Ինչու՞ է, ըստ      Ձեզ, նման որոշում կայացվել, պարո՛ն նախագահ, եթե եղել է Ձեր բանակցային ժառանգությունը, որը եղել է փաթեթային տարբերակ, ինչու՞ է այն փոխարինվել և ինչո՞վ է փոխարինվել:

–        Դժվարանում եմ հարյուր տոկոսով ասել, բայց կարող եմ իմ եզրակացություններն ասել, թե ինչու է առաջարկվել համանախագահների կողմից, և ինչու է սրանց կողմից այն ընդունվել որպես հիմք: Համանախագահների կողմից ներկայացվել են այնպիսի առաջարկություններ, ուզում եմ խուսափել այդ փաստաթղթից, որովհետև հիմնական փաստաթուղթը կոչվում է աշխատանքային փաստաթուղթ, որովհետև այս մարդիկ արդեն հաշվի չէին առնում համանախագահների կարծիքը: Հիշո՞ւմ եք, որ Մադրիդյան սկզբունքները փոխարինվեցին Մյունխենյան սկզբունքներով, որ ինձ թվում է, որ գրված են ինչ-որ մի գարեջրատան և այլն, անհասկանալի: Երբ որ տասը տարի, ուղիղ տասը տարի ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովում և ԵԱՀԿ մեկ գագաթնաժողովում`  2010 թվականի, հստակ ֆիքսված սկզբունքները` Մադրիդյան սկզբունքները` այդ երեք սկզբունքները, այս մարդիկ փոխարինեցին Միլանում 2018 թվականի վերջին ինչ-որ անհասկանալի, ամորֆ ձևակերպմամբ, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով: Բա երբ որ դու համանախագահների ասածները, առաջարկությունները չես ուզում հիմք ընդունել, ինչ-որ բաներ ես անում, մարդիկ էլ այդպիսի առաջարկություն են անում: Եթե խոսում ես արդարությունից, իրենց կարծիքով արդարն այն է, որ սկզբից այդ շրջանները հանձնվի ու հետո կերևա, թե ինչ է լինելու:

–        Փուլայի՞ն տարբերակը:

–        Դե երևի: Ես չեմ պնդում, որ դա եղել է փուլային տարբերակ: Բայց վստահ եմ, որ եղել է շատ ավելի թույլ, մեզ համար ավելի թույլ փաստաթուղթ, քան նախորդ բոլոր առաջարկությունները:

Հիմա դառնանք նրան, թե ինքը ցանկացած պահի կարող էր վերականգնել այդ և այլն: Դա էլ մեծամտության արդյունք է: Բա եթե կարող էր վերականգնել, ինչու՞ չէր վերականգնում: Ավելի լավ տարբերակ էր փնտրում միգուցե:

Հա, ստացվեց այնպես, ինչպես միշտ: Բա այդ դեպքում ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, այդ դեպքում ի՞նչ կապ ունի, թե ես ինչ ժառանգություն եմ թողել, եթե այդ մարդիկ դա կողքի են քաշել ու ինչ-որ սեփական մտքի գոհարներն են մեջտեղ բերել: Բա ի՞նչ կապ ունի դա: Այսինքն՝ իր ամենավատ պատկերացումներով, իրենց կողմից ամենավատ մեկնաբանություններով այդ վերջին փաստաթղթերը պետք է իրականացնեինք հետևյալ կերպ. Ադրբեջանը ստանալու էր իր յոթ շրջանները, մենք ոչ մի բան չէինք ստանալու:

–        Պատերազմի առաջին օրը հենց այդպես էլ ասում էր, պարո՛ն նախագահ:

–        Ասում էր այդպես, բա այսօրվա վիճակն ավելի լա՞վն է, քան ենթադրենք այդ փաստաթղթի ամենավատ մեկնաբանումը: Բա այսօր ի՞նչ ունենք: Այդ փաստաթղթով յոթ շրջան պետք է հանձնվեր, ենթադրենք իրենց մեկնաբանությամբ ոչինչ մենք չէինք ստանա, իսկ հիմա հանձնել ենք երկու անգամ ավելի շատ տարածք, զոհել ենք հինգ հազարից ավելի զինվորների, ջախջախել ենք մեր բանակը, դարձել ենք կապիտուլյացիայի ենթարկված ժողովուրդ ու պետություն: Կարելի՞ է սրանք իրար հետ համեմատել: Եվ կարո՞ղ եմ արդյոք ես եզրակացնել, որ միայն այն պատճառով, որպեսզի վարկաբեկի նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը, գնացել են ավանտյուրայի: Իրավունք ունե՞մ այդպես մտածելու: Ավանտյուրա չի, բա ի՞նչ է: Ի՞նչ է նշանակում՝ բա ես ոնց գնայի խաղաղ լուծման, եթե ինձ զեկուցում են Անվտանգության խորհրդի նիստում, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ենք կռվելու: Բա իր կարծիքով ի՞նչ պետք է ասեին պատասխանատուները: Պետք է ասեին, որ հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, մենք փախչելո՞ւ ենք: Բա ինքն իրեն համարում է պետության ղեկավար, ինքն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար, բա գերագույն գլխավոր հրամանատարը երկու-երեք կարևորագույն գործառույթներ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է և որոշում կայացնելը: Բա բացի բանակի պատասխանատուներից մեր պետությունն ուներ գլխավոր ռազմական տեսչություն, որի ղեկավարը գեներալ գնդապետ է: Այսինքն՝ գեներալ գնդապետ դառնալու համար դու պետք է անցնես հսկայական ճանապարհ: Այսինքն՝ այդ թվում նաև տեսչության կազմ: Բայց բացի դրանից, նա ուներ նաև ռազմական հակահետախուզություն: Չէ՞ որ մեր պետության Ազգային անվտանգության ծառայությունում կա հատուկ մեծ կառույց, որը զբաղվում է բանակով: Վերջը կա Ազգային անվտանգության ծառայությունը, որն ունի հետախուզական մեծ ստորաբաժանում: Բա այդ մարդկանց կարծիքներն ինքը հավաքե՞լ էր, այդ մարդկանց կարծիքները բոլորն այդպիսի՞ն էին, որ մենք հաղթելու ենք:

Ես չեմ ուզում արդարացնել բանակի կամ զինված ուժերի ղեկավարներին: Բացարձակապես: Ասածս մի ուրիշ բան է: Որ ինքը, ընդհանրապես, այս իշխանություններն իրավունք չունեն նրանց մեղադրելու: Այդ իրավունքը պատկանում է մեզ` բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այդ որոշումների կայացման գործում: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այսպես են ասել: Իրեն թվում է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չեն եղել, որ պետք չէ դադարեցնել, գնանք և այլն. եղել են: Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք: Այն ժամանակ էլ, հիմա էլ կան: Ես ի նկատի ունեմ ոչ միայն հրապարակային դաշտից: Բա ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որ, ինչպես ասում են, իր վզով է, որ կարողանալու է դա իրականացնել:

–        Ինքն իր միտքը շարունակում է ու ասում է, որ ենթադրենք երրորդ կամ չորրորդ օրը ես դադարեցրի, եթե ինձ բանակը, գլխավոր շտաբը զեկուցեին, բա ինձ չէի՞ն ասի դավաճան: Ինքը շարունակում է այդ միտքը` ինձ կմեղադրեին դավաճանության մեջ, ասում է:

–        Ես հենց դա եմ ասում, երբ որ ասում եմ` ուզում էին ոչինչ չտալով լուծել Ղարաբաղի խնդիրը, բայց իրենց մոտ ստացվեց հակառակը, հենց դա եմ ասում: Նաև հենց դրա համար են իրենք հրաժարվել այն առաջարկություններից, որ մեզ տալիս էին համանախագահները և որոնց կարելի էր հասնել: Իրենք քողարկված, ինչպես ասեմ,  ոչմիթիզականություն էին խաղում:

–        Այդ դեպքում ինչու՞ էր ասում, որ Ադրբեջանը կառուցողական է, պարո՛ն նախագահ: Ոչ մի կերպ չի բռնում այդ երկու թեզն իրար հետ:

–        Իսկ իր ասածներից ո՞ր մեկն է իրար բռնում: Մի բան ասա, որ երեք ամիս առաջ ասել է, հետո մի քանի ամիս անց այլ բան չի ասել, բացի նրանից, որ մեզ մշտապես համարում է, չգիտեմ, կոռուպցիոներներ և այսպես մի քանի օրինակ, ուրիշ իր ասածներից ո՞րն է բան: Մոռացե՞լ եք, որ այդ մարդն ասում էր, որ Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, ու ընդամենը երկու-երեք շաբաթ հետո կառավարության դռները ծեծում էին այդ վարչապետները, ներս չէին թողնում: Բա մոռացե՞լ եք, որ այդ մարդն ասում էր, որ այս իշխանություններն են մեղավոր, որ Հայաստանում աղքատության տոկոսը բարձր է ու հետո որոշ ժամանակ անց ասում, որ աղքատությունը ձեր գլխում է: Այսինքն՝ ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել: Բա ո՞նց կարող է այդ մարդն իր ասածները էդպես հետևողականորեն կատարել է և հիմա էլ ասում է: Բացառված է: Այդպիսի բան չկա: Այս պարագայում չի էլ կարող լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31