Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ՝ կվիրավորվեի՞, թե՞ չէ, եթե ինձ մեկն ասեր՝ ձեր խմբակցությունում ական եք». Սիսակ Գաբրիելյանը՝ ՔՊ-ականի կեղծ փաստաթղթի ու Ռուբիկ Հակոբյանի մասին

Հունվար 31,2022 23:10

Ինչպես հայտնի է, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ՀՌՀ անդամի թեկնածության հարցի քննարկումն ավարտվեց թեժ կռվով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի ելույթից հետո պատգամավորները քիչ էր մնում անցնեին ձեռնամարտի:

ՔՊ-ականները ասում էին, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքականապես չեզոք չէ, խտրական մոտեցումներ ունի: Նա էլ հակադարձում էր, որ երբ տեսել է, թե ՔՊ թեկնածուներն ովքեր են, որոշել է ինքն էլ առաջադրվել:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ ներկայացրեց: Հարցին՝ դուք ինչո՞ւ էիք խտրական մոտեցում ցուցաբերում, երբ Նարեկ Բաբայանը Ռուբիկ Հակոբյանին ասում էր՝ ական է ընդդիմադիր ճամբարում, չընդհատեցիք, իսկ երբ Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց նրան իր ելույթով՝ անմիջապես ելույթն արգելեցիք՝ Գաբրիելյանը պատասխանեց. «Երբ մեկին ասում են՝ դուք ական եք ընդդիմության մեջ, ինքը համադրելի չի այն արտահայտության հետ, ինչն արել էր մերժված թեկնածուն: Երկրորդ, եթե անգամ համադրելի վիրավորանք է, ես այդ նիստը 3 օր ընդհատում էի: Չէի ընդհատել նրա համար, որ ուզում էի սուրճ խմեի, կամ ինչ-որ տեղ էի շտապում: Գալիս էր մի իրավիճակ, որ այդ թվում պարոն Բաբայանի արած արտահայտությունից հետո որոշակի կրքերը թեժանում էին եւ ես ստիպված հետաձգում էի: Ասում էի՝ մեկ օր էլ հետաձգեմ, կրքերը հանդարտվեն: Այսինքն, արել եմ հնարավորինս ամեն բան, բայց էլի եմ ասում, ինձ համար այդ երկուսը համադրելի չեն: Ինքը քաղաքական տեքստ է, ելույթ է, քաղաքականության մեջ ական կարող ես ասել, փոխաբերական արտահայտություն է ու կարծում եմ վիրավորական չի: Ես չգիտեմ՝ կվիրավորվեի՞, թե՞ չէ, եթե ինձ մեկն ասեր՝ ձեր խմբակցությունում ական եք, կամ քաղաքականության մեջ ական եք»:

Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանն ի պատասխան Նարեկ Բաբայանի՝ ասել էր. «Ռումբեր են պետության համար բոլոր նրանք, ովքեր քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն ու խցկվել են Ազգային ժողով՝ որպես իր կնոջ օժիտ»:

Հարցին՝ դուք «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Մանվել Բադալյանին մերժեցիք՝ ասելով, որ քաղաքական հայացքներ ունի, անկախ չի, մյուս կողմից ընտրեցիք ՔՊ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին, որն ընդգծված քաղաքական հայացքներ ունի, ինչպե՞ս կբացատրեք սա՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Մի շատ կարեւոր բան կա՝ ոչ թե քաղաքական չեզոք պետք է լինի, այլ ունենա քաղաքական զսպվածություն: Խոսքը հրապարակային գործունեության մասին է: Պարոն Բադալյանը բացասական քվեարկության է արժանացել ոչ թե նրա համար, որ ինքը քաղաքական էր, այլ մենք պարզ հիմնավորեցինք, ես ուրախ եմ, որ նա ընդունեց այդ տեսակետը, իր ելույթից հետո կասկած չմնաց, որ այդ մարդը կարող էր քաղաքական զսպվածություն ցուցաբերեր, եթե ընտրվեր, բայց խոսքը նրա՝ մասնագիտական ոլորտի հետ երբեւէ առնչություն չունեցած լինելու մասին էր: Պետք է մարդ լինի, որ գոնե մի քանի ամիս, մի քանի տարի հաղորդում ունենա, գոնե թվային տեխնոլոգիաների հետ կապ ունենա, բայց միայն ունենալ տնտեսագետի որակավորում… Իրեն որեւէ մեկը չվիրավորեց, պարզ բացատրեցինք՝ հարգում ենք ձեզ, բայց ԿԲ խորհրդի անդամ չենք ընտրում»:

Իսկ Ռուբիկ Հակոբյանին ընտրելով, ըստ Սիսակ Գաբրիելյանի, օրենքի հետ խնդիր կունենային, որովհետեւ նա հայհոյանքները շարունակելու էր իր հանրային խոսքում:

Ինչ վերաբերում է Արթուր Մանուկյանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բացահայտել էր, որ նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ԱԺ. ներկայացրել է, որ աշխատում է «Ա1+»-ում, բայց Զբաղվածության կենտրոնում է գրանցվել ու գործազրկության նպաստ ստացել այդ ժամանակահատվածում: Այս առնչությամբ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ այդ հակասությունը եղել է աշխատանքային գրքույկում, բայց փաստացի օրենքով պահանջ չի եղել ներկայացնելու աշխատանքային գրքույկը. «Հետեւաբար թեկնածուն մի բան կեղծելու դիտավորություն չունի, եթե դրա անհրաժեշտությունը չունի: Կարող էր ընդհանրապես չներկայացներ, ինչպես մեր «Հայաստան» դաշինքի երկու թեկնածուները, որոնք չեն ներկայացրել: Եթե մի բանի անհրաժեշտություն չկա, ինձ համար անհասկանալի է, ինչո՞ւ պետք է թեկնածուն ինչ-որ մի բան ուզենա կեղծի: Երկրորդը՝ փաստացի այդ մարդն ասում է՝ այս հեռուստաընկերությունում աշխատել եմ, փոքր երկիր է, Ա1 պլյուս հեռուստաընկերությունն էլ բոլորս ճանաչում ենք: Չգիտեմ, թե աշխատանքային գրքույկում ինչ է արել, չեմ խորացել: Կոպիտ ասած, ՀՌՀ անդամի թեկնածու լինելու համար պարտադիր չի ներկայացնել փաստաթուղթ, որ դու ֆուտբոլի աշխարհի չեմպիոն ես, հետեւաբար եթե անգամ ինչ-որ թուղթ է բերում ու ասում՝ ես աշխարհի չեմպիոն եմ, կարող է «FIFA»-ն նեղանա դրանից, բայց զուտ այս մասով հետեւանք չի առաջացնում»:

Ռուբիկ Հակոբյանին անընդհատ հիշեցնում էին, որ նա բռնություն է գործադրել լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ: Մինչդեռ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ էր բռնության միջադեպ ունեցել, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ էր բռնություն գործադրել լրագրողի նկատմամբ: Սիսակ Գաբրիելյանն  ասաց, որ Հակոբ Արշակյանն այդ դեպքից հետո հրաժարական տվեց. «Դրանից ավել քաղաքական պատասխանատվություն չկա: Գուցե  իրավականը այլ ընթացք է, դա թող իրավապահները որոշեն, բայց մարդը նախարար էր, հրաժարական է տվել: Իսկ հիմա նա ԱԺ-ում է, սա զուտ քաղաքական ընտրության արդյունք է, քաղաքացիները տեսել են համապետական ընտրական ցուցակում»:

Այն, որ ՀՌՀ 7 անդամն արդեն ընտրված են, 8-րդը պետք է անպայման կին լինի, Սիսակ Գաբրիելյանը չհաստատեց՝ ասելով, որ օրենքում հստակեցման կարիք կա. «Գրված է, որ հանձնաժողովում պետք է ապահովված լինի սեռային բաշխվածությունը, թե որ հերթականությամբ է, ով պետք է առաջադրի, ով ունի պարտավորություն, գրված չի: Իսկ ո՞վ է ասում, որ այս 3 թափուր տեղն առաջացավ, պարտադիր պետք է իրենց մեջ այդ սեռային բաշխվածությունն  ապահովել, 2-3  ամիս հետո կրկին լրանում է մեկ այլ անդամի ժամկետը, գուցե ա՞յդ ժամանակ պետք է ապահովվի»:

Նա ասաց, որ իհարկե, ուրախ կլինեն, որ կին թեկնածու առաջադրվի. «Օրենքով սահմանված մի քանի օր կա, կսպասենք դեռ, եթե մեր ընդդիմադիր գործընկերները չառաջադրեն, հնարավոր է այս անգամ արդեն ՔՊ-ն առաջադրի թեկնածու, որովհետեւ պետք է հասկանանք, որ ՀՌՀ-ն սահմանադրական մարմին է ու  ինքն էլ պետք է կազմավորվի եւ գործի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31