Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվել է Վարդենիսի ավագանու ընտրությունների վիճարկման գործով դատական նիստը: Նախորդ նիստում «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերի ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Այսօր, դատավոր Մերի Համբարձումյանը հրապարակեց դատարանի որոշումը՝ մերժելով նախագահող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը:
Վարդենիսի ավագանու ընտրությունների մասով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 2-ին:
Հիշեցնենք 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, Վարդենիսում ՔՊ-ն ստացավ 13, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 10, իսկ «Միասնական Վարդենիս» դաշինքը` 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները միավորվեցին, բայց դրանից հետո մեղադրանք առաջադրվեց «Միասնական Վարդենիսը» գլխավորող, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Հարությունյանին. նա կալանավորվեց։ Դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ գումարեցին և քաղաքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին: Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն էլ ընդդիմությանն առաջարկեց վայր դնել մանդատները ու նոր ընտրություն անցկացնել: Իսկ հունվարի 4–ին Վարդենիսում համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը: Հետո հայտնի դարձավ, որ Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը անհետացել են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ