Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը նոր նախագահից չունի անաչառության ակնկալիք». Վարազդատ Հարությունյան

Հունվար 31,2022 22:22

Aravot.am-ի զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Վարազդատ Հարությունյանը

-Ձեզ համար պարզ է՝ ինչո՞ւ հեռացավ Արմեն Սարգսյանը։ Իր պատճառաբանություններն արժանահավա՞տ էին։

-Արմեն Սարգսյանն այդպես էլ չիրականացրեց Հանրապետության նախագահի իր առաքելությունը՝ սահմանադրության պահպանմանը հետևելը։ Որոշ ոչ շատ էական դեպքերում, օրինակ՝ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ուղարկեց Սահմանադրական դատարան՝ անաչառության ու սկզբունքայնության շղարշ ստեղծելով, թե իբրև «տեսեք, անում եմ», սակայն իրական սկզբունքային դեպքերում՝ Սահմանադրությանը հակասող Սահմանադրության փոփոխությունը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավարի ազատման հրամանագիրը, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը և այլն, այդպես էլ նախագահի կողմից չուղարկվեցին Սահմանադրական դատարան։

-Իր ասուլիսում՝ խոսելով նախագահի հրաժարականի մասին, Նիկոլ Փաշինյանը խոսեց պետական ինստիտուտների ներդաշնակեցման մասին։ Դա ի՞նչ է, ձեր կարծիքով։

-Հանրապետության նախագահի սահմանադրական առաքելությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է: Հանրապետության նախագահն իր այդ առաքելությունն իրականացնելիս պետք է լինի անաչառ և առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով: Սա Նախագահի ինստիտուտին ուղղված սահմանադրական պատվիրանն է: Իսկ Փաշինյանի պատվիրանը, որը նա ձևակերպեց ասուլիսին, այլ է` լինել ներդաշնակ խորհրդարանի սահմանադրական մեծամասնության հետ:

Երկու պատվիրանների միջև տրամաբանական հակասություն կա:

Փաշինյանը նոր նախագահից չունի անաչառության ակնկալիք, իրեն պետք չէ, որ նախագահը հետևի սահմանադրության պահպանմանն, այլ` ներդաշնակորեն դակի խորհրդարանական մեծամասնության ընդունած օրենքները: Նրան պետք չէ, որ նախագահն առաջնորդվի համապետական և համազգային շահերով, այլ` քաղաքական մեծամասնության նպատակներով, որոնք անկախ իշխանության ով լինելուց կարող են և չհամընկնել համապետական ու համազգային շահերի հետ (դա է ենթադրել նաև սահմանադիրը) :

-ՔՊ ն նախագահի իր թեկնածուին է առաջադրել, այդ մասին ի՞նչ կասեք:

-Այս հարցն առաջարկում եմ դիտարկել նախորդի համատեքստում։ Փաշինյանն իր ենթակային՝ ԲՏԱ նախարարին տանում է նշանակի նախագահ, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «ներդաշնակորեն» դակվեն բոլոր այն օրենքները, որոնք ԱԺ-ն կուղարկի իրեն։

Ամփոփելով ասեմ, իրավական պետության հիմքերը խարխլված են, իսկ իրավունքի գերակայության սկզբունքը ոտնահարված է, իսկ նախագահին յուրայինների շարքից առաջադրելու այս գործողությունը «դագաղի հերթական մեխն է»։

 

Զրույցը՝  Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31