Այն, որ վերջերս ՀՀ քրեական օրենսգրքում տեղի ունեցած լրամշակումը՝ ծանր վիրավորանքի քրեականացումը, կատարվել է միայն հայրենի իշխանությունների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով և չի տարածվում հասարակ քաղաքացիների վրա, ակնհայտ փաստ է, քանզի, եթե որևէ ՀՀ պաշտոնյայի ինչ-որ մահկանացու անձնական վիրավորանք է հասցնում սոցհարթակներում կամ իրական կյանքում, ապա կառավարության անդամները անմիջապես հանդես են գալիս տվյալ արարքը դատափետող հայտարարություններով, իսկ իրավապահ մարմիններն էլ, չսպասելով, որ վիրավորված անձ-պաշտոնյան, ասենք, օրինակ` ՀՀ վարչապետը, բողոքով կդիմի իրավապահներին, անմիջապես ինքնուրույն են ձեռնամուխ լինում քրեականացված այդ երևույթի՝ անձի արժանապատվությունը վիրավորելու արատավոր դրսևորումը արմատախիլ անելուն:
Բայց, եթե նման բան տեղի է ունենում ոչ պաշտոնյա անձի հետ՝ դիցուք լրագրողի, և տեղի է ունենում, ոչ թե փողոցում, այլ պետական գերատեսչություն հանդիսացող տարածքում, ապա ՀՀ պաշտոնյաները, առանց ավելորդ սեթևեթանքի, շատ կոնկրետ դիրքորոշմամբ ապացուցում են, որ այո, վիրավորանքի քրեականացումը կատարվել է միայն հայրենի իշխանությունների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով և չի տարածվում հասարակ քաղաքացիների վրա: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը վերջերս այս մոտեցումը հիմնավորող դիրքորոշմամբ հանդես եկավ:
Սույն թվականի հունվարի 21-ին, դեսպանությունում կազմակերպված ՀՀ դեսպան Վ. Տողանյանի հրաժեշտի ընդունելության ժամանակ, մոսկվայաբնակ մեծահարուստ գործարար և 20 տարի շարունակ Երևանի քաղաքապետարանը Մոսկվայի պաշտոնական հարթակներում ներկայացրած Մակար Նահապետյանը՝ ելնելով քաղաքացիական բարձր ինքնագիտակցությունից և տղամարդուն հատուկ արժանապատիվ պահվածքից, հյուրերի և դեսպանի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց լրագրող Նաիրա Բաղդասարյանի հասցեին: Պարոն Նահապետյանը տեղում ոչ մի դիտողություն չստացավ ներկաներից, դեսպանության անվտանգության ծառայակիցները նրան դուրս չհրավիրեցին տարածքից:
Միջադեպի առնչությամբ «Առավոտը» գրավոր հարցում ուղարկեց ՀՀ ԱԳՆ՝ մատնացույց անելով այն հանգամանքը, որ նման միջադեպի չդատապարտումը պետական կառույցի կողմից, կարող է դառնալ նախադեպ և ունենալ անցանկալի կրկնություն հետագայում, քանզի լրագրողը նման վերաբերմունքի է արժանացել իր մասնագիտական գործունեության պատճառով:
Կարդացեք նաև
Բանն այն է, որ Նաիրա Բաղդասարյանը, երկու տարի առաջ, հրապարակել է հետաքննական հոդված՝ պարոն Նահապետյանի գործունեության հետ կապված, որտեղ անհերքելի փաստարկներով ասված է, թե ինչպես է վերջինս սեփական բիզնես նպատակներով սեփականաշնորհել Մոսկվայի իշխանությունների կողմից Երևանի քաղաքապետարանին տրամադրած երեք լայնածավալ տարածք Մոսկվայի կենտրոնում, որտեղ միջպետական համաձայնագրերի հիմքով պետք է հիմնվեր «Երևանի Տուն» Մոսկվայում, այնպես ինչպես հիմնվել է «Մոսկվայի Տուն» Երևանում:
Հայրենական հեղափոխական իշխանությունները, որոնց կարգախոսն է պայքար «նախկինների գործած անօրինականությունների ու կոռուպցիոն հանցանքների դեմ», բնականաբար, ոչ մի կերպ չեն արձագանքել այդ հրապարակմանը և, պարոն Նահապետյանի կյանքում, հիշյալ հրապարակումից, ըստ էության, չի փոխվել ոչինչ, սակայն, թերևս խոցվել է նրա արժանապատվությունը, քանզի նրա ընկալմամբ «իր վրա հոդված են գրել»: Եվ ահա, հանդիպելով լրագրողին ՀՀ դեսպանատանը, Նահապետյանը որոշել է պատասխանել լրագրողին՝ իր աշխարհայացքի և արժեքային համակարգի շրջանակներում: Ինչևէ: Սակայն խնդիրը անձերի մեջ չի: Խնդիրը երևույթի հանդեպ վերաբերմունքն է, ըստ որի, պետական պաշտոնյաների և պատասխանատուների կողմից, կատարվածը դիտարկվում է, որպես «մասնավոր բնույթի միջադեպ»:
Այսպիսով, ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը, ի պատասխան «Առավոտի» հարցման հայտնում է. ԱԳՆ պատասխան
«…սույն թվականի հունվարի 21-ին ՀՀ դեսպանությունում կազմակերպված դեսպանի հրաժեշտի ընդունելության ժամանակ տեղի է ունեցել մասնավոր միջադեպ (լարված զրույցի տեսքով)՝ Մոսկվայում բնակվող գործարար Մակար Նահապետյանի և լրագրող Նաիրա Բաղդասարյանի միջև: Միջադեպի պահին վերջիններիս մոտ կանգնած դեսպանության պահպանության աշխատակցի կողմից ուղեկցվել է դեսպանության նախասրահ՝ հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու նպատակով, իսկ Մակար Նահապետյանը կատարվածից անմիջապես հետո հեռացել է դեսպանատնից: Միջոցառմանը մասնակցող հյուրերը չեն նկատել կատարվածը, քանի որ այն տևել է շատ կարճ՝ առանց ներկաների ուշադրությունը գրավող որևէ դրսևորման»:
Չեմ կարող ասել, թե ով է պարոն Բեջանյանին վերապատմել կատարվածը, բայց կարող եմ ինքս ներկայացնել այն բառ առ բառ և պատկերավոր: Պարոն Մ. Նահապետյանը, գործարար Սուրիկ Նաջարյանը, ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ևս մի քանի այլ հյուրեր սեղանի մոտ կանգնած էին, երբ մոտեցա ես և բարևեցի նրանց: Մակար Նահապետյանը, ճանաչելով ինձ, ի պատասխան իմ բարևի, բոլորի համար անսպասելի հանկարծ հնչեցրեց հարց։
– Բարև Նաիրա: Գրեցիր հոդվածը, հա՞: Նաիրա, իսկ ճի՞շտ է, որ Դուք թողել եք ձեր ամուսնուն:
– Ճիշտ է, պարոն Նահապետյան: Իսկ ճի՞շտ է, որ Դուք էլ ձեր կնոջն եք թողել և ամուսնացել երկրորդ անգամ,- ժպիտով պատասխանեցի ես:
Պարոն Նահապետյանը, այլ պատասխան չգտնելով՝ բացեց սեռական բնույթի հայհոյանքների շղթան՝ իմ և իմ ընտանիքի հասցեին:
Հարց, թերթի հարցման պատասխանը մշակած պարոն Սերոբ Բեջանյանին և ՀՀ դեսպանության աշխատակազմին.
1- Պարոնայք, կարելի՞ է արդյոք վերոհիշյալ երկխոսությունը համարել «մասնավոր բնույթի միջադեպ՝ լարված զրույցի տեսքով», երբ առիթը լրագրող Նաիրա Բաղդասարյանի լրագրողական գործունեությունն է և, երբ քաղաքացի Ն. Բաղդասարյանը ոչ մի մասնավոր բնույթի կոնտակտի մեջ չի մտել Մ. Նահապետյանի հետ, անձնական վիրավորանք չի հասցրել նրան, այլ ընդամենը բարևել է վերջինիս, իսկ վերջինս պատասխանել է բարևին՝ անձի մասնավոր կյանքին վերաբերող, իր սահմանափակ պատկերացմամբ, վիրավորական հակադարձմամբ և սեռական բնույթի հայհոյանքներով: Ճի՞շտ եմ հասկանում, որ հայհոյանքը որակում եք լարված զրույց, այդպիսով արդարացնելով այն:
2- Տեղավորվո՞ւմ է արդյոք հիշյալ միջադեպը ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի շրջանակներում, երբ հայրենական օրենսդրությունը դատապարտում է անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, որը կատարվել է անձի, այդ թվում լրագրողի, հանրային գործունեությամբ պայմանավորված:
Եվ եթե այո, ապա, ինչպե՞ս կարող է պետական գերատեսչությունը հրապարակել պատասխան նման ենթատեքստով, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ օրենքները տարածվում են բոլորի վրա՝ անկախ անձերից և միջադեպերից:
Տխուր զավեշտ է առաջացնում նաև ՀՀ ԱԳՆ պատասխանում տեղ գտած հետևյալ նախադասությունը. «…միջոցառմանը մասնակցող հյուրերը չեն նկատել կատարվածը, քանի որ այն տևել է շատ կարճ՝ առանց ներկաների ուշադրությունը գրավող որևէ դրսևորման»:
Ստացվում է, որ եթե միջոցառմանը մասնակցող հյուրերը չեն նկատել կատարվածը (չնայած նկատել են, քանզի վերևում արդեն թվարկեցի ներկաների անունները), ուրեմն, ոչինչ, վնաս չունի, կարելի է պետական հարթակում, ժամանակին կրթամշակութային փայլուն կենտրոն հանդիսացած Լազարյանների լեգենդար պատերի ներսում, անձնական վիրավորանքներ և կեղտոտ բնույթի հայհոյանքներ հասցնել որևէ մեկին, իսկ հետո լղոզել կատարվածը պետական մակարդակով՝ նմանատիպ բնութագրումներ տալով:
Եզրափակելով իր պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությանը եզրահանգում է, որ «այնուամենայնիվ, միջադեպը լրագրողների հանդեպ խտրական վերաբերմունքի հետ որևէ կապ չունի և երկու մասնավոր անձանց միջև տևական պահպանվող լարված հարաբերության արդյունք է»:
Ցավալի է, որ նման լուրջ և հարգարժան պետական գերատեսչությունը կարող է ոչ միայն նման թյուր լույսի տակ ներկայացնել կատարվածը, այլ նաև ապատեղեկատվությամբ զբաղվել, քանզի կատարվածը լրագրողի և պաշտոնյայի միջև՝ լրագրողական գործունեության պատճառով ծավալված միջադեպ է: Բացի այդ, լրագրող և քաղաքացի Նաիրա Բաղդասարյանը ոչ մի կապ չի ունեցել Մակար Նահապետյանի հետ վերջին երկու տարվա մեջ (և ընդհանրապես, ոչ մի ժամանակահատվածի շրջանակներում), տեսել է նրան մեկ անգամ երկու տարի առաջ՝ հոդվածը գրելու առիթով և, նրանց մեջ չկա ու չի կարող լինել «տևական պահպանվող լարված հարաբերություն», ինչպես որակում է ՀՀ ԱԳՆ-ն:
Անհասկանալի է մնում նաև այն պահը, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, թե «Մակար Նահապետյանը զանգահարել է դեսպանություն եւ ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ»: Նաիրա Բաղդասարյանին ոչ ոք չի փոխանցել այդ ափսոսանքը՝ ոչ դեսպանատունը, ոչ Մակար Նահապետյանը:
Ինչ վերաբերում է, «Նաիրա Բաղդասարյանի կողմից մեկ այլ հյուրի հետ վեճի բռնվելու» տեղեկատվությունը, որը նշված է հիշյալ պատասխանում, ապա այն ևս ներկայացվում է թյուր և վերծանվում է Մակար Նահապետյանին առնչվող միջադեպի ենթատեքստին համապատասխան շեշտադրումներով ու, թերևս, հարթակ է հանվում միայն այն նկատառումով, որ արդարացվի դեսպանության անվտանգության ծառայության անգործությունը և պետական գերատեսչության իներտ վերաբերմունքը՝ տվյալ միջադեպի առնչությամբ:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հ․ Գ․ Մենք ՀՀ դեսպանատանը դատավորի դեր չենք վերագրում։ Ընդամենը կարծում ենք, որ տեղի ունեցածը դիվանագիտական լեզվով արժեզրկելու փոխարեն, ՀՀ դեսպանատունը կարող էր իր պետական արժանապատվության և մեծարգո արդարամտության բարձունքից՝ հրապարակավ ասել գոնե որևէ ափսոսանքի խոսք հիշյալ անթույլատրելի միջադեպի առիթով և այդպիսով ազդակ տալ լսարանին, որ իր տարածքում նման երևույթը այլևս կրկնություն չի ունենա։