«ՀՀ առաջին իշխանությունը հայոց ցեղասպանության հարցում չեզոք էր, որովհետեւ իր դիրքորոշմամբ՝ նոր էջից էր պետք սկսել Թուրքիայի հետ հարաբերությունները։ Ամեն դեպքում, երբ հայկական ուժերն ազատագրեցին Քարվաճառը, թուրքերը փակեցին սահմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀ-ն երբեք չի վարել հայ դատի քաղաքականություն եւ որ ՀՀ-ն երբեք տարածքային պահանջ չի ունեցել Թուրքիայի հանդեպ՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ Արթուր Խաչատրյանը։
«Երկրորդ նախագահի ժամանակն տեսանք, որ ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունը դարձավ ՀՀ արտաքին քաղաքականության ուղղություն։ Իսկ երրորդ նախագահը, ճիշտ է, փորձ արեց դիվանագիտական հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ, բայց գիտենք, թե դա ինչով ավարտվեց։ Այսօրվա իշխանության վարած քաղաքականությունն ավելի վատն է առաջին իշխանությունից։ Պատրաստ են ամեն ինչ զիջել, եւ քաղաքական մակարդակում զիջումները փորձում են արդարացնել հնարավոր տնտեսական բարեկեցությամբ։ Դա սուտ է եւ բլեֆ»,-համոզմունք հայտնեց Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունն արդեն երեք տարի է, ինչ փորձում է այրել Հայաստան-Սփյուռք կապերը․ «Փորձում է ասել, թե ցեղասպանությունը սփյուռքի խնդիրն է։ Այսինքն, ՀՀ-ն օտարվում է հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ հետեւանքների վերացման աշխատանքներից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ