Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը քանդեցին փշրեցին, կոռուպցիա, թալան ու իրենք հրեշտակի թեւերով հելնեն դերասանությո՞ւն անեն». Ցույց՝ Լուսինե Բադալյանի դեմ

Հունվար 31,2022 20:30

«Մենակ Լուսինե Բադալյանի ժպտալու համար չենք ցույց անում, ժողովուրդն արդեն հոգնել է իրենց այդ ցինիկ վիճակից: Իրենք ասում են՝ հները…Հներն էլ նստած են Ազգային ժողովում: Իրենց համեմատում են հների հետ: Նույն մարդիկ են, ցեպոչկով գալիս են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի պահվածքի համար բողոքի ցույց անող ակտիվիստներից մեկը՝ Հարություն Շահինյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, Լուսինե Բադալյանը ներողություն էր խնդրել՝ Բանակի կազմավորման 30-ամյակի օրը իրեն Եռաբլուրում այդպես պահելու համար ու բացատրել. «Ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա»:

Բաղրամյան պողոտայում երկու ավտոբուս ոստիկան էր սպասում, բայց ցուցարարները ընդամենը 4-5 հոգի էին:

Հարություն Շահինյանն ասաց, որ Լուսինե Բադալյանի՝ Եռաբլուրում ժպտալը առիթ է, որ բողոքի ձայնը արտահայտեն. «Ամեն մի այսպիսի բանը առիթ է: Ասում էին՝ Ազգային ժողովի դռները պետք է բաց լինի: Տանկ էլ թող կանգնեցնեն, մի երկու հատ ռակետա, բան, որ մարդիկ գան, կրակեն մարդկանց վրա, ովքեր ուզում են իրենց ճիշտ բան ասեն: Ուզում են ժողովուրդը տոմս առնի, գնա Հայաստանից: Մարդկանց հոգեբանորեն արդեն սպանել են»:

Փոխանցեցինք իշխանականների բացատրությունը՝ ԱԺ-ի դռները փակելու հետ կապված, որ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձից հետո զգուշանում ենք՝ ցուցարարը հակադարձեց. «Ես չգիտեմ ում մահափորձի համար են անում, բայց իրենք արդեն տեղում մահափորձ են այս ժողովրդի համար: Տեղով իրենք փորձանք են հայ ազգի գլխին: Հավայի սուտ են խոսում»:

Նա վստահեցրեց, որ որեւէ քաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում. «Հասարակ մարդ եմ: Որ գնանք սաղս մեր տներում նստենք, ո՞նց կլինի: Իշխանությունները սուտ են խոսում, թե Հայաստանում դեմոկրատիա է: Չկա նման բան, թող սաղ աշխարհն էլ լսի»:

Դիտարկմանը՝ ասում են՝ որ դեմոկրատիա չլիներ, խոսքի ազատությունը «այսքան բարձր» չէր լինի ու չէիք բողոքի ազատ՝ նա հակադարձեց. «Իրենք գլուխը պատին են տալիս հազար անգամ: Իրենք ոչ մեկ են, այստեղ պիտի գրվի Սովետաշենի զիբիլանոց: Իրենք չեն հասկանում, որ այս երկրի տերը ժողովուրդն է, ոչ թե իրենք: Երկիրը քանդեցին փշրեցին, կոռուպցիա, թալան ու իրենք հրեշտակի թեւերով հելնեն դերասանությո՞ւն անեն: Ժողովուրդը շատ վատ վիճակում է, ծանր վիճակում: Բողոքի ցույց ենք անում, վերջում սաղիս կալանավորում, տանում են: 30 տարի այս ժողովրդին հասցրել են ծայրահեղ ծանր վիճակի: Մի դեպուտատ հելնո՞ւմ է հասարակ ավտոբուսի ժողովրդին հարցնո՞ւմ է՝ ո՞նց եք, ժողովուրդ ջան, ի՞նչ խնդիր ունեք դուք: Համայնքներ գնո՞ւմ են, թե՞ մենակ գալստուկները կապում,այստեղ նստում են լուրջ դեմքերով»:

Ճշտեցինք՝ կարծում եք, իշխանությունները մեկուսացե՞լ են ժողովրդից՝ նա պատասխանեց. «Իրենք սաղ կյանքն էլ մեկուսացած են եղել, մարդկանց համար սրտացավ չեն»: Ասում են՝ կորոնավիրուս է, պատերազմ, բացատրում են այս երեւույթներով՝ ցուցարարը պատասխանեց. «Դրանք դատարկ խոսակցություններ են: Իրենք ծակ շշի մեջ ջուր են լցնում,ասում են՝ նայեք, ինչ խելացի ենք, ջուր ենք լցնում, որ խմի ժողովուրդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31