Իսպանական «Carena» հրատարակչությունը լույս է ընծայել Արցախյան ազատամարտին նվիրված գիրք «Արցախյան ճակատում» վերտառությամբ։
Սույն աշխատությունը ներկայացնում է 20-րդ դարավերջին ծավալված Արցախյան ազգային-ազատագրական պայքարում և դրան հաջորդած տարիներին տեղ գտած առավել նշանակալից դեպքերն ու իրադարձությունները: Այն սկսվում է 1991թ. ապրիլին արցախահայության դեմ ձեռնարկված «Օղակ» գործողությամբ և ավարտվում 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատմամբ:
Չնայած դրանց վերաբերյալ արդեն իսկ ստեղծվել և ընթերցողի սեղանին են դրվել տասնյակ ուսումնասիրություններ և աշխատություններ, այդուհանդերձ, թեմայի ամբողջական արծարծման տրամաբանությունը հուշում է, որ դեռևս կան դրվագներ, որոնց անդրադառնալը պահանջված է:
Այս ձեռնարկումով հեղինակը խնդիր է դրել նշված 25-ամյա ժամանակահատվածի անցքերին ու դրվագներին (հատկապես գլխավոր ռազմագործողություններին) անդրադառնալ առանձին-առանձին և, օգտագործելով ժամանակի քննությունն անցած արժանահավատ լրացուցիչ փաստեր, հնարավորինս խորը և համակողմանի մատուցել Արցախյան ճակատում արձանագրված իրողությունները:
Կարդացեք նաև
Գրքի հեղինակն է պահեստազորի գնդապետ, պատմաբան Սենոր Հասրաթյանը։
Գիրքը հայերենից իսպաներեն է թարգմանել բարսելոնաբնակ հայտնի թարգմանչուհի Նարինե Այվազյանը։
Արցախյան ազատամարտին նվիրված գիրքը տպագրվել է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ, վաճառվում է Իսպանիայի լավագույն գրախանութներում, ինչպես նաև ՝ «Ամազոն» և այլ էլեկտրոնային հարթակներում։
Սարգիս ՀԱԿՈԲՅԱՆ