«Նման ցինիկ ձեւով երկրի մարտահրավերների տոտալ չարձանագրում․․․․նման բանաձեւ նախկինում չեմ հիշում»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում օրերս Հայաստանի մասին քննարկված զեկույցին, որին դեմ էր քվեարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ասաց 14 տարի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակ հանդես եկած ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա որպես օրինակ մատնանշեց, որ ըստ զեկույցի՝ 2021թ․-ի հունիսի ընտրություններով ՀՀ-ում քաղաքական ճգնաժամն այլեւս հաղթահարված է, եւ չնայած պատերազմից հետո առկա լարված մթնոլորտին, ընտրությունները լուծեցին քաղաքական ճգնաժամը։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ զեկույցում որպես ասվածի վկայություն է բերվում ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը, եւ նշում, որ չնայած վերջինս ընտրությունների արդյունքները վիճարկել է, սակայն ՍԴ որոշման արդյունքում ընդդիմությունն ընդունել է ընտրությունների արդյունքները եւ վերցրել մանդատները․ «Այսինքն՝ մասնակցում են ԱԺ աշխատանքին»։
Տիկին Զոհրաբյանը դիմեց ԱԺ ընդդիմությանը․ «Ողջունում եմ ձեզ, խորհրդարանական ընդդիմություն։ Այս ձեւակերպումների համար դուք մեծագույն լումա ունեք։ Վրաստանին վերաբերող զեկույցում, օրինակ, անընդհատ շեշտվում է, որ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, որովհետեւ տարի եւ կես առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմությունը չի գնում խորհրդարան, բոյկոտում է ԱԺ աշխատանքը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները, ինչն արեց մեր ընդդիմությունը՝ լեգիտիմացնելով եւ ցեմենտ-բետոնելով Նիկոլի իշխանությունը։ Պահելով մանդատները՝ դուք նպաստեցիք այս զեկույցին։ Ձեր գործունեությանը լեգիտիմորեն է հղում արվում։ ԵԱՀԿ համազեկուցողներն ասում են, որ մեր էմոցիոնալ զեղումները հասկանում են, բայց փաստերի հետ են աշխատում, իսկ փաստն այն է, որ Վրաստանի ընդդիմությունը չընդունեց ընտրությունների արդյունքները։ Մենք սա էինք առաջարկում անել մեր ընդդիմությանը՝ մասնակցել մանդատների բաշխմանը, բայց չգնալ խորհրդարան»։
Կարդացեք նաև
Ապա Նաիրա Զոհրաբյանը միջազգային կառույցներում աշխատելու հետեւյալ օրինակը բերեց․ «Միլիարդատեր ընդդիմադիրներ ունեք։ Ինչո՞ւ չարեցիք ժամանակին այն, ինչ մենք էինք անում։ Բրիտանացի մի թուրքահպատակ պատգամավոր Վոլտերը ժամանակին Ալիեւից գումար էր վերցրել եւ զեկույց էր պատրաստում «ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում իրավիճակի վերաբերյալ»։ Հիմա փակագծեր եմ բացում, թե մենք ինչ արինք։ Մինչեւ ԵԽԽՎ նիստը պատվիրակներով մի քանի երկիր վերցրեցինք։ Յոթ օրում հինգ երկիր եմ գնացել եւ ԵԽԽՎ պատգամավորներին հանդիպել խորհրդարաններում, տներում, սրճարաններում։ Բացատրել եմ, խնդրել, աղերսել, որ դեմ քվեարկեն Բոբ Վոլտերի այդ բանաձեւին։ Կիրակի օրով գերմանացի մի պատգամավորի պետք է հանդիպեի Բեռլինում։ Ասաց, որ իր ազատ օրն է, գոլֆի դաշտում է։ Հիմա ընդդիմությունը երեւի կասի՝ «չհասկացա՜նք, կարո՞ղ է գիտեք»․․․այո, տհաճ էր, բայց ես գնացի ու խոսեցի։ Հետներս տարել էինք արցախցի երեխաների անհատական նամակները ԵԽԽՎ պատգամավորներին։ Իհարկե, տհաճ է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից այն դեպքում, երբ գերմանացի պատգամավորը շորտիկով գոլֆ է խաղում, բայց արդյունքում այդ նույն գերմանացի պատգամավորը եւ մյուսները, որոնց հետ հանդիպել էինք, դեմ քվեարկեցին Վոլտերի նախագծին»։
Ամփոփելով՝ Նաիրա Զոհրաբյանը գնահատական հայտնեց, որ ԵԽԽՎ զեկույցը Նիկոլ Փաշինյանի հաղթանակն է, եթե նրա տեսանկյունից նայենք․ «Դա «փայլուն» զեկույց է, որովհետեւ իշխանական պատգամավորները փայլուն են աշխատել, իսկ խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞վ է զբաղված․․․ես խոսել եմ ԵԽԽՎ-ի գործընկերներիս հետ ու հարցրել՝ ընդդիմությունից որեւէ մեկը փորձե՞լ է ձեր հետ կապ հաստատել։ Ասել են, որ ոչ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ