Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շախմատի մրցաշար չի, որ մեր բանագնացը մի սխալ թույլ տա՝ թուրքն առավելություն ստանա». ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության ճանաչման եւ Հայ Դատի մասին

Հունվար 31,2022 18:19

«Իրականության մեջ, ես պիտի համաձայնեմ վարչապետի ասածի հետ, որովհետեւ, երբ 1998 թվականին հայտարարվեց, որ Ցեղասպանության ճանաչման հարցը դառնալու է արտաքին քաղաքականության հայեցակարգի մաս, մենք հույս ունեինք, որ նաեւ դրա հետ կապված ինչ-որ քաղաքականություն պետք է մշակվի: Եվ երկար տարիներ, երբ մենք համահայկական խորհրդաժողովների ենք մասնակցել, այդ հարցի շուրջ քննարկումներ ենք ունեցել, հարցադրումներ արել, որովհետեւ բավարար չի միայն վերնագրային ասել, որ Հայաստանը պիտի հետապնդի, այլ նաեւ գործնական միջոցներ էր պետք ձեռնարկել: Եվ, ըստ էության, իսկապես սփյուռքն է եղել շարժիչ ուժը՝ 1965 թվականից սկսած, Ցեղասպանության ճանաչման հետապնդման գործի մեջ եւ Հայաստանը ինչ-որ չափով ողջունողի դերի մեջ է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին եւ հավելելով, որ թերեւս չարժեր հարցը հրապարակային քննարկման առարկա դարձնել:

Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր վերջին ասուլիսում, անդրադարձել էր Հայ Դատին եւ Ցեղասպանության ճանաչման հարցերին: «Հարցեր կան, որոնք տարօրինակ են, որովհետեւ ՀՀ-ն երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել: Ավելին՝ օրինակ, 2005-ին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի: Ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաեւ Սերժ Սարգսյանը: ՀՀ-ն երբեք Հայաստան-Թուրքիա սահմանը կասկածի տակ չի առել: Չեք գտնի ՀՀ որեւէ ղեկավար, որը կասկածի տակ է առել այդ սահմանը»,- ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, Փաշինյանն ասել էր, որ իրենց դիրքորոշումը կառավարության ծրագրով արտահայտել են եւ հավելել. «Ի վերջո պետք է խոստովանել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել է սփյուռքը եւ սփյուռքի կազմակերպությունները»:

Համբիկ Սարաֆյանի գնահատմամբ, այստեղ մեկ այլ՝ ավելի կարեւոր խնդիր կա, որն իր կուսակցությունը մշտապես բարձրաձայնելն է՝ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանն իբրեւ պետություն օգտագործի իր քաղաքական կապիտալը մի խնդրի վրա, որը պետության քաղաքականության տեսանկյունից խնդրահարույց է եւ երկրի քաղաքական ղեկավարությանը կարող է անհարմար դրության մեջ դնել: Այս հարցը ՍԴՀԿ-ն նաեւ Համահայկական խորհրդում է բարձրացրել, որը, սակայն, այդպես էլ չկազմավորվեց: Իրենց պատկերացմամբ, Խորհրդում պետք է դերաբաշխում լիներ եւ Ցեղասպանության ճանաչման հարցում Սփյուռքը պետք է առաջնորդողը լիներ, իսկ Հայաստանն իր քաղաքականությունը պետք է կառուցեր Հայաստանի եւ Արցախի շահերից ելնելով:

«Ցեղասպանության ճանաչման փուլը պետականորեն հետապնդելն անիմաստ է: Բայց հետո, վերջիվերջո մեր նպատակը նաեւ մեր իրավունքների վերականգնումն է… մի կողմ թողնենք տարածքային պահանջները, խոսքս հատուցման մասին է: Մեր մտահոգությունն այն է եղել, որ վերնագրային է մնացել նաեւ հատուցումը, շեշտը դրվել է ճանաչման վրա, որովհետեւ ինչ-որ չափով հավատացել ենք, որ պիտի ճանաչումը լինի, որ հետո հատուցումը պահանջենք: Այստեղ է, որ Հայաստանը, որպես պետություն, միջազգային ատյանների, կառույցների հետ կարող է իր դերը ունենալ: Այսինքն, երբ իրավական փաթեթը մենք կարողանայինք պատրաստել, որպես հայ ժողովուրդ, այդ ժամանակ արդեն պարզ է, որ Սփյուռքը չի կարող ներկայացնել այն, ինչը որ Հայաստանը, որպես պետություն կարող է ներկայացնել»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայից տարածքային պահանջներին, մեր զրուցակիցն ասում է, որ սին երազներ չպետք է ունենալ, առավել իրատես պետք է լինել, «ամբոխավարական հոգեխառն հուզումներով» քաղաքականություն չպետք է վարել: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, Համբիկ Սարաֆյանի գնահատմամբ, փորձ արվեց Սփյուռքին հաճոյանալու, ցույց տալու, որ պետությունը զբաղվելու է այդ խնդիրներով, սակայն, իրականում, 1998 թվականից սկսած՝ հարցը հայեցակարգային փուլ բերելու համար գործնական ոչինչ չարվեց:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլի, հատուկ բանագնացների անձերի շուրջ քննարկումների մասին էլ, մեր զրուցակիցը միանշանակ է համարում հարեւանների հետ հարաբերությունների կարգավորումը, մանավանդ Թուրքիայի: Խնդիրն այն է, որ մանավանդ վերջին պատերազմով պայմանավորված, մեր նախապաշարմունքները մեծացել են: Սակայն, ըստ նրա, պետականության տեսանկյունից, քանի որ չկան հարաբերություններ, ուստի որեւէ բան կորցնելու հարց էլ չկա. «Զրոյից ավելի ցածր իրավիճակ չի կարող ստեղծվել: Ուրեմն, ջանք պետք է լինի՝ հստակ ունենալ հայեցակարգը եւ մեր պատկերացումները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ եւ գնալ բանակցությունների: Բանագնացի կամ բանագնացների պատրաստվածության վերաբերյալ…, գիտեք, սա շախմատի մրցաշար չի, որ մեր բանագնացը մի սխալ թույլ տա եւ թուրքն առավելություն ստանա: Շատ ավելի կարեւոր է, թե ինչպիսի՞ թիմ է հավաքված այս գործով զբաղվող եւ ինչպիսի՞ վերլուծություններ են անում այդ մարդիկ՝ ստացված տեղեկությունների վերաբերյալ, թե ինչպիսի՞ պատկերացումներ ունենք մենք, ինչպիսի վտանգավորություններ կարող են ստեղծված լինել, որպեսզի Հայաստանը կարողանա այս իրավիճակում շահեկան արդյունքների հասնել: Այսինքն, ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ պայմաններ Թուրքիան ասի, պետք է այդպես անել, միայն թե սահմանը բացվի: Իհարկե, չի կարելի այդպես անել»:

Թե ի՞նչն է ստիպել Թուրքիային այժմ Հայաստանի հետ բանակցությունների գնալ՝ առանց նախապայմանների, ինչպես ներկայացնում է պաշտոնական Երեւանը եւ ինչո՞ւ 2008-ին Սփյուռքում չէին ընդունում հայ-թուրքական արձանագրությունները, ձվեր էին նետում նախագահ Սերժ Սարգսյանի վրա, իսկ հիմա, այլ մոտեցում են դրսեւորում՝ ՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31