ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում հանգամանալից քննարկվել է ՔՊ-ում։ Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանի անունն օրերս շրջանառվում էր որպես ՔՊ-ի նախագահի թեկնածու։ «Նա Նիկոլ Փաշինյանի սրտի թեկնածուն է եղել, քանի որ իրեն համարում է անտեսված։ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահի պաշտոն ստացավ, Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար, իսկ Արայիկ Հարությունյանը, լինելով ամենաակտիվ քայլողներից, պետք է բավարարվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնով»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
«Վերլուծություն կարդացի, թե հանրային արձագանքն Արայիկ Հարությունյանի թեկնածության վերաբերյալ բացասական է, դրա համար է այն հանվել։ Ոչ։ Նիկոլը թքած ունի հանրային բոլոր արձագանքների վրա։ Խնդիրն այն է, որ ՔՊ-ի հիմնական թեւերը դեմ են եղել Արայիկ Հարությունյանի թեկնածությանը»,-համոզմունք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում ՔՊ մեկ այլ հավանական թեկնածու Վահագն Խաչատրյանին, ապա Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Գիտեմ Վահագն Խաչատրյանի եւ Խաչատուր Սուքիասյանի շատ մտերմիկ կապերի մասին դեռեւս այն ժամանակից, երբ Վահագն Խաչատրյանը Երեւանի քաղաքապետ էր։ Սուքիասյանի համար բրենդային կոշիկի գնով սեփականաշնորհվեցին Աբովյանի վրա եւ քաղաքի կենտրոնում մի շարք տներ։ Անձնական հակակրանք չունեմ Վահագն Խաչատրյանի հանդեպ։ Լավ եմ հիշում՝ նա այն եզակի մարդկանցից էր, որ ամենօրյա «դոստուպ» ուներ եւ հաճախ էր լինում մեր խմբագրությունում՝ «Հայկական ժամանակ»-ում։ Նա, Արարատ Զուրաբյանը, մշտապես երեկոյան լինում էին ՀԺ-ում։ Նիկոլ Փաշինյանը շատ ընկերներ չի ունեցել։ Չեմ ասի, որ Վահագն Խաչատրյանն ընկեր է, բայց նա այն քիչ մարդկանցից էր, որ կապը պահում էր Նիկոլի հետ»։
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը հավելեց․ «Կարծում եմ՝ անձնական գործոնը եւ Խաչատուր Սուքիասյանի ակտիվ լոբբինգն է դեր ունեցել։ Չգիտեմ, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը Խաչատրյանի թեկնածության մասին ինչպիսին կլինի, բայց երբ իրեն ժամանակին հարցրին Վլադիմիր Կարապետյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի մասին, կոպիտ արձագանքեց եւ ասաց, որ առնետավազք է։ Մի բան հասկանանք, որ Արայիկ Հարությունյանի կամ Վահագն Խաչատրյանի փոխարեն եթե անգամ Նիկոլ Փաշինյանի կոշիկի քուղը լինի, ԱԺ մեծամասնությունը, միեւնույն է, եւ չեմ բացառում, որ մեկ-երկու հոգի ընդդիմությունից, կողմ են քվեարկելու։ Ուստի Վահագն Խաչատրյանի անձի վրա կենտրոնանալը ժամանակի վատնում է»։
Նաիրա Զոհրաբյանը նաեւ շեշտեց՝ ցավում է այն փորձագետների կարծիքի համար, ովքեր պնդում են, թե Արմեն Սարգսյանի հրաժարականով սկիզբ է դրվելու նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին․ «Սրանով Նիկոլ Փաշինյանը ցեմենտ-բետոնում է սեփական իշխանությունը եւ դիկտատորական հակումներն ամրապնդում»։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե երկու խմբակցությունները գան համաձայնության եւ միասնական թեկնածու առաջադրեն․ «Թեկնածուները մեծամտական բարդույթ չպետք է ունենան, որ եթե չընտրվեմ, ուրեմն չեմ առաջադրվելու։ Ոչ, պետք է առաջադրվել։ Նիկոլին չվստահածներն այլընտրանքային կարծիք են ուզում լսել։ Ընդդիմությունը պարտավոր է առաջադրել թեկնածու, թեեւ կասկածում եմ, որ կկարողանան միասնական թեկնածու առաջադրել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ