Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսինե Բադալյանը պետք է վայր դնի մանդատը, եթե ինքնասիրություն ունի…Տիկնոջը խորհուրդ եմ տալիս այսուհետ Եռաբլուր չմտնել». Զոհված հերոսի քույրը ցույց է անում

Հունվար 31,2022 18:06

ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Եռաբլուրի պանթեոնում Բանակի կազմավորման 30-ամյակի օրը իր պահվածքի համար ներողությունները չեն բավարարել հանրության մի հատվածին:

Այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել՝ պահանջելու պատգամավորից ներողություն խնդրել: Բայց Լուսինե Բադալյանը ցույցից առաջ հայտարարություն էր տարածել՝ ասելով. «Ինձ մի պահ թույլ եմ տվել լայն ժպտալ մի ջերմ պատմության վրա»:

Գոհար Խանումյան

Այս բացատրությունը ընդունելի չէ 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քրոջ՝ Գոհար Խանումյանի համար: Նա եկել էր ԱԺ շենքի մոտ ու պահանջում էր, որ Լուսինե Բադալյանը իջնի ու բացատրություն տա: Ընդունարանից զանգահարեց, պատասխանող չեղավ. «Տիկին Բադալյանը տեսախցիկի առաջ կանգնած անպարկեշտ վարքով, երեւի չգիտեր՝ ուր է ինքը գտնվում, ինքը կանգնած էր այն վայրում, որտեղ հարազատները պատգարակների վրա իրենց որդիներին վերջին հրաժեշտն են տալիս: Այդ վայրում ինքը կանգնել էր ու շատ ջերմ պատմությո՞ւն էր հիշել»:

Գոհար Խանումյանը զարմացած էր, որ Բաղրամյան պողոտայում իրենց հայտարարած ցույցին չեն միացել Եռաբլուրում թաղված բոլոր  զոհերի հարազատները. «Պայքարը սկսված է, չենք հիասթափվում: Հուսով եմ, մյուսներն էլ չեն թողնի, որ Եռաբլուրը փորձեն պղծել»:

Թե ինչ էր ուզում ասել Լուսինե Բադալյանին՝ Գոհար Խանումյանը պատասխանեց. «Տվյալ դեպքում տեսախցիկը իրեն է ֆիքսել, բայց այնտեղ կային ՔՊ խմբակցության այլ անձինք, որոնք անհարիր էին իրենց պահել Եռաբլուրում, ես իրենց ուզում եմ հարցնել՝ դուք որտե՞ղ էիք, ինչի՞ համար էիք եկել: Դուք բանակի տոնին եկել էիք ու շնորհակալություն պետք է հայտնեիք այդ տղաներին, ա՞յդ կերպով էիք շնորհակալություն հայտնում: Սա նախադեպ է եւ այս նախադեպը բացառելու համար պահանջում եմ, որ էթիկայի հանձնաժողովը քննի նրա եւ կուսակցության մյուս անդամների վարքը: Որպես քաղաքացի, եթե Լուսինե Բադալյանը բարոյական տեսակետից մի փոքր հայրենասիրություն ունենա եւ այդ տղաների արածը իրոք գնահատի, ինքը պետք է այդ դեպքից հետո վայր դնի մանդատը, եթե ինքնասիրություն ունի: Ես պնդում եմ տիկնոջը եւ իր քաղաքական ուժին, որ ես կուսակցական չեմ: 3 օր շարունակ սպասում եմ, որ ինքը ներողություն խնդրի ու այսօր, տեսնելով, որ ԶԼՄ-ները տեսախցիկներով եկել են, ինչ-որ լղոզված տեքստ է գրել: Ընդ որում, իր ֆեյսբուքյան էջը փակ է, չէի կարողանում գրել, պատգամավորի եւ հանրության հետ կապը պետք է ապահովված լինի: Եռաբլուրը մեր սրբավայրերից մեկն է ու մարդիկ այնտեղ չգիտեն ինչի համար են գտնվում: Թող սովորեն այն երեխաներից, որոնք ուսուցիչների հետ գալիս են  Եռաբլուր: Թող այդ երեխաների դեմքի արտահայտությունը տեսնեն, թե Եռաբլուր այցից հետո ոնց են այդ երեխաները փոխվում, հետո մի հատ իրենց ձայնագրությունները նայեն՝ ինչպես են անցնում զոհվածների ծնողների, հարազատների կողքով՝ անհաղորդ, առանց դեմքերին նայելու: Ուր եք եկել, ինչի՞ համար եք եկել՝ մաստակ ծամելու ու ծաղիկ դնելու իրենք էլ չգիտեն, թե ում»:

Ըստ Գոհար Խանումյանի, եթե Լուսինե Բադալյանը պատժվի, դա ուղերձ ու դաս կլինի, որ որեւէ մեկը այլեւս չհանդգնի իրեն Եռաբլուրում այդպես պահել. «Նրա նմանները առաջին հերթին չպետք է գտնվեն Եռաբլուրում, եթե չգիտի՝ որտեղ է գտնվում, ուրեմն դա իր վայրը չի: Իրենից բացի այնտեղ կային ծամոն ծամող պատգամավորներ, բարձրաձայն խոսող: Պարոնայք, տիկնայք, հասկանալի է, որ դուք Եռաբլուրում հարազատներ չունեք կորցրած, լավ, ինչի՞ համար եք եկել այնտեղ…Իրենք դագաղներով եկան իշխանության, սիմվոլների հեղափոխություն արեցին, հիմա տիկինը եկել կանգնել էր այնտեղ, ո՞ւմ էր այդ մեսիջն ուղարկում»,- ասաց Գոհար Խանումյանը:

Նա հորդորեց, որ Լուսինե Բադալյանը գնա նայի զոհերի մայրերի աչքերի մեջ ու ներողություն խնդրի նրանցից, եթե կհամարձակվի. «Տիկնոջը խորհուրդ եմ տալիս այսուհետ Եռաբլուր չմտնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31