Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Ես կարող եմ հայտնվել նախագահի թեկնածուների ցուցակում նաեւ որպես այսօրվա կառավարության, քաղաքական թիմի անդամ»

Հունվար 31,2022 17:58

Իշխող ուժի՝ ՀՀ նախագահի թեկնածուն լինելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը, որն այսօր պատասխանեց լրագրողների հարցերին:

-Ձեզ նախագահի թեկնածության առաջարկ եղե՞լ է:

-Տեսականորեն պետք է շրջանառվեր՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կան: Ասենք, 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նախարար… Այդ պայմաններում ոնց որ թե կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում: Որպես նաեւ այսօրվա կառավարության անդամ, քաղաքական թիմի անդամ, ես կարող եմ առաջադրվել:

-Ճանապարհից խոսեցիք: Պաշտոնական կայքէջերում ինչո՞ւ է ձեր կենսագրությունը, այսպես ասած, խմբագրված: Եվ որեւէ հիշատակում չկա ՀԱԿ–ին անդամակցելու մասին:

-Մեղավորությունը իմն է: Այսպես ձեւակերպեմ, որ ճիշտ լինի: Ես 17 թվականի ընտրություններից հետո իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ:

-Բայց անկուսակցական պետք է լինել:

-Գիտեմ: Ես ինձ համարում եմ անկուսակցական: Այստեղ մի խնդիր կա, որ հիմա ես կճշտեմ, որովհետեւ ինքս իմ մեջ իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ: Ուղղակի, ֆորմալ առումով այնտեղ դիմում լինելու կամ չլինելու հանգամանք կա, որը հիմա ճշտվում է:

Ես իմ կենսագրության տարբեր տեղերում տարբեր բաներ եմ գրել:

-Խմբագրվել է նաեւ 1-ին նախագահի խորհրդական լինելու հանգամանքը:

-Կներեք, չի խմբագրվել: Միշտ կա գրված: 1-ին նախագահի խորհրդականը կա, ամեն ինչ կա:

-Պարոն Խաչատրյան, իսկ ձեզ չե՞ն անհանգստացնում նախագահին տրված քիչ լիազորությունները:

-Եկեք խոսենք վաղը, երբ որ այդ ամեն ինչը հստակեցվի: Գոնե դուք գիտեք, որ ես երբեք մամուլից չեմ խուսափել: Կառավարության նիստերից հետո էլ եղել եմ: Կարող եք հարցերը տալ: Առավել եւս, երբ որ այսպիսի մթնոլորտում է տեղի ունենում, ինձ համար միշտ հաճելի է:

Այն պաշտոնում, որ ես հիմա գտնվում եմ, վեց ամիսը ամսի 4-ին կլրանա, հավատացեք, ես ինձ բավականին լավ եմ զգում այն առումով, որ նաեւ տեսնում եմ հեռանկարներ: Իմ կառավարման փորձը, իմ անցած ճանապարհը թույլ է տալիս ինքս իմ մեջ որոշում կայացնելիս հաշվի առնեմ, որ կարող եմ ինչ-որ բան անել: Հիմա համոզված եմ, որ շատ ավելին կարող ենք անել, որովհետեւ բացի ինձնից՝ նախարարությունում կա շատ լավ աշխատող թիմ, իսկ կառավարությունում՝ հասկացողություն եւ գնահատել այն ամենը, ինչ մենք արել ենք եւ ինչ ուզում ենք անել: Հավատացած եղեք, որ շատ ծրագրեր կան եւ կարվեն: Ընթացքը ցույց կտա: Իմ կյանքում իրադարձություններ եղել են, որ միշտ ինչ-որ բան սկսվել է նորից:

-Նախագահի պաշտոնը անակնկալ չէ՞ր ձեր համար:

-Չէ: Անակնկալ է այնքանով, որ անակնկալ էր՝ ինչ-որ տեղի ունեցավ մի շաբաթ առաջ: Այսինքն, բոլորիս համար էր անակնկալ: Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել երբեւիցե, որ կարելի է ընդհանրապես դառնալ գոնե այդ պաշտոնի մասին մտածող մարդ: Ես իմ գործն անում էի, իմ գործը շատ էր, իմ ժամանակը ամբողջ նվիրված էր դրան: Ես ինչ-որ ձեւով կարողացա իմ նախկին շատ ազատ կյանքից հարմարվել ավելի սահմանափակ այս կյանքին: Եվ բավականին գոհ եմ, որ այդ հնարավորությունն ինձ ընձեռվել է, որովհետեւ ինքնակայացման մի նոր ժամանակաշրջան էր: Գնահատողները դուք պիտի լինեք, մեկ էլ՝ այն մարդիկ, ովքեր սպասելիքներ ունեն նախարարությունից:

-Փաշինյանն ասել է, որ պետք է ներդաշնակ լինի նախագահի թեկնածուն իշխանության հետ: Այդ ձեւակերպումը ձեր համար կաշկանդո՞ղ էր:

-Ընդհանրապես եթե վերցնենք, հարցը ոչ թե ինձ ուղղեք, այլ կարող եք ասել՝ ձեր պատկերացումը, մոտեցումը այդ պաշտոնի նկատմամբ: Այդպես էլ պետք է լինի: Մենք դեմ ենք եղել կառավարման այս համակարգին: Այս կառավարման համակարգը ունի լրջագույն թերություններ՝ հաշվի առնելով, որ մենք դեռեւս լիարժեք կայացած ժողովրդավարական երկիր չենք: Եվ մեր մոտ հատկապես քաղաքական եւ պետական ինստիտուտները առանձնահատուկ չեն աշխատում: Պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավոր եղել են, ոչ թե գործող օրենքները կամ սահմանադրությունը, այլ կառավարող ուժի մոտեցումները: Այս հանգամանքներից ելնելով, բոլոր դեպքերում կա սահմանադրություն, որով ապրում ենք եւ այս սահմանադրությամբ բոլոր պաշտոնները, որոնք կան, այդ թվում նաեւ երկրի նախագահի, ունի որոշակի լիազորություններ եւ այդ սահմանադրության տրամաբանության մեջ այդ լիազորությունները պետք է կատարվեն:

-Դուք է՞լ եք կողմ, որ սահմանադրությունը պետք է փոխվի:

-Իմ պատկերացումները սահմանադրական այս փոփոխությունների առումով չեն փոխվում:

-Սուքիասյանների ընտանիքին պատկանող բանկի խորհրդի անդամի ձեր անդամակցությունը ե՞րբ է դադարեցվել:

-Այն օրվանից, երբ որ ես անցել եմ աշխատանքի: Նույն օրը, ինչպես օրենքն է պահանջում: Ես ընդհանրապես, օրենքը շատ հարգող մարդ եմ եւ մի ուրիշ սկզբունք էլ ունեմ, որ երբեւիցե գործող օրենքը չեմ քննադատում, կատարում եմ օրենքի պահանջները: Եթե ինչ-որ բան չի համապատասխանում կփորձեմ փոխել:

-Քանի որ խորհրդի մասին խոսվեց, «Հետքի» վերջին հրապարակմանը պիտի խնդրեմ արձագանքեք, որ պատմական կառույցը բավականին մատչելի գնով է ձեր ստորագրությամբ փոխանցվել Սուքիասյանների ընտանիքին: Դա ինչպե՞ս է ստացվել:

-Տեսեք: Քիչ մարդ կա այստեղ, որ այդ շենքը հիշի: Այն շենքը, որը վերակառուցվել եւ դարձել է Երեւանի ամենագեղեցիկ շենքերից մեկը: Ես եմ խնդրել, որ այդ շենքը առնի: Եվ միայն իրեն չէ: Շատերին եմ խնդրել ու, ցավոք, արձագանքողներ չեն եղել: 95, 94, 93 թվականի Երեւանում ներդրումներ անողների թիվը անսահման փոքր էր: Առիթ կլինի, դրա մասին շատ մանրամասն կխոսեմ:

-Հաջո՞ղ գործարք էր:

-Սուքիասյանի՞: Գիտե՞ք ինչ կա: Շատերի համար կարող է հաջող գործարք լիներ՝ 100 տարի առաջ մի այդպիսի գույք ձեռք բերած կամ կառուցած լինեին եւ հիմա տնտեսական վիճակն այնպիսին լինի, որ հաջող լինի: Այստեղ զուտ տնտեսագիտական դաշտում ինձ հետ խոսելը մի քիչ բարդ է այն առումով, որ ես իմ սկզբունքները, մոտեցումները ունեմ տնտեսական քաղաքականության: Ես կուզեմ, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույք:

 

Վահագն Խաչատրյանին նաեւ հարցրին, թե ինքը ՀՀՇ կվերադառնա՞: «Ես եղել եմ ՀՀՇ շարքային անդամ, բայց ոչ կուսակցական, ինչպես շարժման անդամ եմ 88 թվականից: Ես գտնում եմ եւ իմ ընտանիքին էլ եմ ասել. այն օրվանից, որ ես եկել եմ օպերա, ես այդ գործին եմ նվիրվել: Ցավոք սրտի, այն խնդիրները, նպատակները, որ մենք այն ժամանակ դրել էինք, մինչեւ հիմա չենք կարողացել իրականացնել: Ես այդ ճանապարհին եմ եւ ուզում եմ՝ մինչեւ վերջ իրականացնենք, ինչ ուզում էինք 88-ին: Գուցե շատ բաներ չկարողանանք ունենալ՝ Ազատ, Անկախ Հայաստան երկիր, որտեղ բոլորս երջանիկ լինեինք, երջանիկ ապրեինք»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե իր իսկական ազգանունը Խաչատրյա՞ն է, թե՞ Խաչատուրյան, ինչին նախարարը պատասխանեց. «Դա իմ անձնական պրոբլեմն է, որովհետեւ իմ ընտանիքի բոլոր անդամները՝ հայրս, իմ եղբայրները, եղբայրների ընտանիքները Խաչատրյան են: Ուղղակի ԶԱԳՍ-ի աշխատողը չգիտես ինչի. իմ ազգանվան հետ կապված գրել է Խաչատուրյան: Ես դրա մասին իմացել եմ, երբ որ անձնագիր էի ստանում: Բոլորդ ինձ գիտեք Խաչատրյան: Ինձ համար մի քիչ ֆալշ է հնչում, երբ Խաչատուրյան են ասում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31