Հայաստանի Հանրապետության կառավարության
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 Հունվարի 2022, 101 – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում և օդանավակայանների փակ տարածքներում ուղևորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման միջոցառումներ:».
2) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Անձին ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման: Պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով: Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 16-ի N 2322-Լ հրամանի համաձայն գնահատված և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման համար ՊՇՌ հետազոտության մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու թույլտվություն ունեցող, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moh.am հրապարակված ցանկում ներառված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3.Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:
Նիկոլ Փաշինյան