«Այսօր՝ հունվարի 31-ին, ավարտվում է ձմեռային զորակոչը: Սա 44-օրյա պատերազմից հետո երրորդ զորակոչն է: Իսկ ամեն զորակոչի հետ, բնականաբար, իրականացվում է զորացրում: Այսինքն, ժամկետային ծառայողները գնում են ծառայության, իսկ ովքեր ավարտել են իրենց երկամյա ծառայությունը՝ զորացրվում են: Պատերազմից հետո սա արդեն երրորդ զորակոչն ու զորացրումն է, որ Արցախի պաշտպանության բանակը միայն զորացրում է եւ չի համալրվում ժամկետային զինվորական ծառայողներով: Սա ճակատագրական պարգեւ է Ադրբեջանին, նրանք այդքան երեւակայություն հաստատ չէին կարող ունենալ»,– «Հայելի» ակումբում ճեպազրույցի ժամանակ այսօր ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ սա լուրջ խնդիր է․ «Եթե Արցախի պաշտպանության բանակը թուլացվում է, ապա վտանգվում է Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը: Եվ ստացվում է, որ նրանց անվտանգության միակ երաշխավորը մնում են ռուսական խաղաղապահ ուժերը: Իսկ ռուսական խաղաղապահ ուժերը եւ իրենց կազմով եւ թվաքանակով եւ մարտական կարողություններով իրենց առաքելությունը կարող են իրականացնել իրենց առաքելությունից բխող գործողություններով՝ խաղաղապահ առաքելությունով: Նրանք խնդիր չունեն՝ իրականացնելու պաշտպանություն, մարտեր, մարտական գործողություններ վարել: Այդպիսի խնդիր իրենց առջեւ դրված չէ: Իրենց առջեւ դրված է խաղաղապահ առաքելություն իրականացնելու խնդիր: Իսկ եթե դիմացդ մի մեծ երկրի բանակ է, որը պատերազմից հետո նորից շատ ակտիվ վերազինվում է ու այս մի դեպքում էլ բանակը կազմաքանդվում է, ակնհայտ է դրա հիմնական նպատակը:
Դրան զուգահեռ նաեւ շրջանառության մեջ դրվող պրոադրբեջանական դիրքորոշումներ դիվանագիտական ձեւակերպումների առումով, որ Արցախը չէր կարող լինել հայկական: Ու երբ համադրում ես այս գործողությունները, պետք է ասել, որ այս ողբերգությունը, աղետը, որ մեր երկրին պարուրել է այս իշխանության գալուց հետո, ցավոք սրտի, պատերազմով չի ավարտվել եւ շարունակվում է յուրաքանչյուր այգաբացի հետ միասին»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ