Լրահոս
Օրվա լրահոսը

Լաչինի միջանցքին Ադրբեջանն այլընտրա՞նք է կառուցում. JAMnews

Հունվար 31,2022 10:44

JAMnews. Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնվել է Հագարի գետի վրա կամրջի շինարարության լուսանկարը։ Կամուրջն, ինչպես հաղորդվում է, դառնալու է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մի հատվածը։ Նշված միջանցքը Հայաստանը կապում է Արցախին։ Սակայն ո՞վ է կառուցում այդ ճանապարհը։ Ադրբեջանի փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում իրավիճակը։

Ադրբեջանցի ռազմական տեսաբան Ադալեթ Վերդիևը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է Լաչինի շրջանում Հագարի գետի վրա կամրջի շինարարությունը։

Հեղինակը պնդում է, որ կառուցվող ճանապարհն այլընտրանք կլինի Լաչինի միջանցքին՝ միակ ճանապարհին, որը Հայաստանը կապում է Արցախի հետ։

Լուսանկարի հեղինակի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի «Գայգի» ավանով և լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։

Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարության պայմաններով, որով հրադադար է հաստատվել Արցախյան երկրորդ պատերազմում։

«Կամուրջը կառուցում են ադրբեջանական ընկերությունները», — նշել է ռազմական տեսաբան Ադալեթ Վերդիևը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ստեփանակերտը կապող նոր ճանապարհի շինարարությունը երեք տարվա ընթացքում Ադրբեջանն իր վրա է վերցրել, և կողմերը համաձայնել են այդ պայմանին․

«Հագարի գետի վրա կամրջի շինարարությունը նոր չի սկսվել։ Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանը ձգձգում է Զանգեզուրի միջանցքի հարցը [Ադրբեջանում այսպես են անվանում Հայաստանի տարածքով անցնող հնարավոր ճանապարհը, որը կապելու է Ադրբեջանի հիմնական մասն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը — JAMnews], շինաշխատանքները կասեցվել էին։ Իսկ հիմա վերսկսվել են»։

Այլ կարծիքի է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։ Նրա խոսքով՝ շինարարությունն իրականացնում են ռուս խաղաղապահները։

«Ռուսական զորախումբն այդ շինարարությունը կհիմնավորի նրանով, որ նոր ճանապարհն անհրաժեշտ է խաղաղապահ գործողությունների ավելի լավ համակարգման համար։ Կամ էլ կպատճառաբանի հին կամրջի վատ վիճակով, որը մասնակիորեն ավերվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ», — նշել է Զուլֆուգարովը։

Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի շինարարության վերաբերյալ տեղեկությունները JAMnewsը խնդրել է մեկնաբանել ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովին։

«Դեռևս դժվար է ստուգել տարածված տեղեկության հավաստիությունը։ Այս հարցին հստակ կարող են պատասխանել միայն 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների կառավարությունները։

Սակայն Լաչինի միջանցքին այլընտրանք կառուցելը նոր նախաձեռնություն չէ, այս մասին խոսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ստորագրած փաստաթղթի վեցերորդ կետում։

Իսկ ի՞նչ առավելությունների է փորձում հասնել Ադրբեջանը։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Լաչինի միջանցքն անցնում է հենց Լաչին քաղաքով, իսկ ռուս խաղաղապահների մի մասը տեղակայված է հենց այդ շրջկենտրոնում։

Այլընտրանքային ճանապարհի շինարարության նպատակներից մեկն այն է, որ այն չանցնի Լաչինով։ Այդպիսով Ադրբեջանը կարող է խաղաղապահներին դուրս բերել քաղաքից։ Սակայն սա բնավ չի նշանակում դուրս բերել խաղաղապահ զորախումբը, ռուս զինծառայողներն ընդամենը կտեղափոխվեն նոր ճանապարհի մերձակայք։

Ամեն դեպքում, այլընտրանքային ճանապարհը կարող է կրել խաղաղապահների տեղաշարժի տարածքի կրճատման և ապագայում տարածաշրջանից նրանց լիարժեք դուրսբերման տարրեր։

Դեռևս պարզ է միայն մի բան․ նոր միջանցքը չի անցնելու Լաչին քաղաքով», — հայտարարել է Քերիմովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31