Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային մարդը դժվար թե այդտեղ նշանակվի». Գագիկ Գինոսյանը՝ Վահագն Խաչատուրյանի եւ նախագահի պաշտոնի մասին

Հունվար 30,2022 23:30

Իշխող ուժի ՀՀ նախագահի թեկնածուն Վահագն Խաչատուրյանն  է: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, պարագետ Գագիկ Գինոսյանը, Aravot.am-ի հետ զրույցում խոսելով այդ մասին, ասաց, որ Վահագն Խաչատուրյանին չի ճանաչում, նրա հետ շփում չի ունեցել, հետեւաբար որեւէ լավ կամ վատ բան չի կարող ասել: Միեւնույն ժամանակ ընդգծեց. «Ազգային մարդը դժվար թե այդտեղ նշանակվի»։

Նրա ձեւակերպմամբ. «Ինքը (Վահագն Խաչատուրյանը-Գ.Հ.) Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա կերպարներից է, եւ եթե ճիշտ եմ հիշում՝ քաղաքագլուխ է եղել: Այն ժամանակ ես բավականին երիտասարդ էի, եւ քաղաքական գործընթացներից տեղյակ չէի: Բայց ամեն դեպքում որեւէ լավ բան չեմ կարող սպասել, եւ այստեղ խոսքը անհատի մասին չէ… Դե մեկին պետք է նշանակեին»:

Գագիկ Գինոսյանը հետեւյալը  հավելեց. «Ինձ թվում է, նախագահի պաշտոնը նախորդ իշխանությունների կողմից ստեղծված երերուն պաշտոն է, որը ավելի շատ պատիժ է մարդու համար, քան շնորհ ու առավելություն: Ոնց այսօրվա, այնպես էլ նախկին, եւ դրա նախկին առաջին նախագահի ժամանակվա կառավարության մեծ մասը որեւէ ազգային նկարագիր չունեցող մարդիկ են եղել: Անկախության այս 30 տարիների ընթացքում ես որեւէ ազգային նկարագրով մարդ չեմ տեսել նման դիրքում, պետք է սրսուռ հայ լինի՝ արժեհամակարգով, սրբություններով, էպոսի բացառիկ  իմացությամբ, էպոսի բարոյախոսությամբ:

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ մի բարձրաստիճան մարդ եմ ճանաչել, որն ազգային նկարագիր ուներ: Դա Անդրանիկ Մարգարյանն էր: Իր համար որոշակի սրբություններ կային ազգային՝ եւ մշակույթի տեսանկյունից, եւ գաղափարախոսական տեսանկյունից, այն ինչ աղճատվեց իր մահից հետո: Իհարկե, Մուշեղ Լալայանի եւ Անդրանիկ Մարգարյանի  շնորհիվ ցեղակրոն գաղափարախոսությունը, որ որդեգրել էր ՀՀԿ-ն, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո այլ ճանապարհով գնաց, ու բացի մի քանի անհատից մնացածը ոչ մի առնչություն չունեցան այդ գաղափարախոսության հետ:

Կարող է մեկ-երկու ոչ ազդեցիկ դիրք ունեցող պաշտոնյա եղել է, բայց ամենաբարձր կետերում գտնվող մարդկանցից՝ սկսած առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից, չորրորդ նախագահից եւ ներկայիս երկրի ղեկավարից բոլորը ազգային նկարագիր եւ արժեհամակարգ չունեցող մարդիկ են, այնպես որ՝ չեմ կարծում, թե ինչ-որ դրական բան կարելի է սպասել, առանց որեւէ կերպ վիրավորելու Վահագն Խաչատուրյանին, որին չեմ ճանաչում: Ընդհանուր իրավիճակը թելադրում է, որ այդպես չի լինելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31