Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանաբար, SARS-CoV-2-ը կդառնա սեզոնային վիրուս և տարբեր ժամանակահատվածներում կլինի նոր պատվաստանյութերի անհրաժեշտություն․ Հովակիմ Զաքարյան

Հունվար 30,2022 23:10

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Որպեսզի հասկանանք, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պակաս արդյունավետ են դառնում նոր շտամերի, օրինակ օմիկրոնի նկատմամբ, պետք է ծանոթ լինենք հակագենային դրիֆտի և շիֆտի երևույթներին։

Հակագենը վիրուսային այն սպիտակուցն է, որին մեր իմունային համակարգը ճանաչում և ստեղծում է հատուկ հակամարմիններ՝ հակագենին չեզոքացնելու համար։ Վիրուսները, ի տարբերություն մեզ, շատ ավելի արագ են փոխվում։ Փոփոխությունները կարող են լինել մուտացիաների հետևանքով, ինչը տեղի է ունենում աստիճանաբար և պահանջում է որոշակի ժամանակ։ Դա հակագենային դրիֆտն է։ Սակայն, կարող են տեղի ունենալ նաև ավելի արագ ու կտրուկ փոփոխություններ։

Դրա համար անհրաժեշտ է, որ միևնույն օրգանիզմում հայտնվեն վիրուսի երկու տարբեր շտամեր ու իրար մեջ փոխանակեն հակագենի ամբողջական հատվածներ։ Դա էլ հակագենային շիֆտն է։ Երկուսի արդյունքում էլ հակագենի կառուցվածքը փոխվում է, և հակամարմինները, որոնք ստեղծվել էին այդ հակագենի համար, վատ կամ ընդհանրապես չեն փոխազդում նոր հակագենի հետ։

Հիմա, գործող պատվաստանյութերից շատերի հիմքում կորոնավիրուսի սպայկ սպիտակուց/հակագենն է, ընդ որում երկու տարի առաջ նկարագրված մայր շտամի սպայկ սպիտակուցը։ Իսկ ժամանակը գնում է, վիրուսը տարածվում ու փոփոխվում։ Բնականաբար, նոր շտամերի սպայկ սպիտակուցի կառուցվածքում կան բավական շատ տարբերություններ։ Օրինակ, երկրորդ նկարի վրա կարող եք տեսնել օմիկրոնի և դելտա շտամերի սպայկերի տարբերությունները, որոնք նշված են կարմիրով։ Ու որքան շատանում են փոփոխությունները, այդքան պակաս արդյունավետ են դառնում պատվաստանյութերը, որոնք ստեղծվել էին մայր շտամի սպայկ սպիտակուցի հիման վրա։

Ի դեպ, նույն բանը տեղի է ունենում գրիպի վիրուսի պատվաստանյութերի հետ։ Ամեն նոր սեզոնի գրիպի վիրուսի շտամերի կամ դրանց վարիանտների հակագենային տարբերությունը նախորդ սեզոնի վիրուսի հակագենի համեմատ այնքան մեծ է լինում, որ նախորդ սեզոնի գրիպի վիրուսի դեմ ստեղծված պատվաստանյութի արդյունավետությունը չի հասնում նույնիսկ 50%-ին:

Հավանաբար, SARS-CoV-2 կդառնա սեզոնային վիրուս, ինչը նշանակում է, որ տարբեր ժամանակահատվածներում լինելու են
վարակվածների թվաքանակի նոր պիկեր ու նոր շտամեր, կլինիկական ընթացքի որոշ փոփոխություններ ու նոր պատվաստանյութերի անհրաժեշտություն, որովհետև մեկ տարի առաջ ստեղծված պատվաստանյութերը կորցնելու են իրենց արդյունավետությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31