Լրահոս
Օրվա լրահոսը

Անազատության մեջ գտնվողները անժամկետ հացադուլ կհայտարարեն․ նրանց չեն պատվաստում

Հունվար 30,2022 18:19
bant

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի  21 կալանավորված անձ եւ դատապարտյալ երկուշաբթի՝ հունվարի 31-ից անժամկետ հացադուլ կհայտարարեն։ Պատճառը նրանց կարճատեւ եւ երկարատեւ տեսակցության տրամադրման անորոշությունն է։ Այս մասին մեզ տեղեկացրեց դատապարտյալների իրավունքների հարցերով զբաղվող «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության նախագահ Իրինա Մանուկյանը։

Կառավարության հունվարի 20-ի նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը: Ըստ այդ որոշման՝ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները թույլատրվում են ազատությունից զրկված անձի եւ նրան տեսակցող անձի պատվաստված լինելու կամ էլ  ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ունենալու պարագայում։

«Բնականաբար, ֆինանսական միջոցներից ելնելով դատապարտյալներից շատերը  չեն կարողանում թեսթ հանձնել։ Դիմումում նշել են, որ եթե գումարն էլ գտնում են, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ասում է, որ անազատության մեջ գտնվողների հարազատները պետք է հոգան այդ ծախսերը, համապատասխան կենտրոններից մասնագետներ բերեն՝ հետազոտություն իրականացնելու»,-ասում է Իրինա Մանուկյանը։ Ըստ դիմողների՝ նրանց  հարազատներին ՊՇՌ հետազոտություն իրականացնող համարյա բոլոր կենտրոններից պատասխանել են, որ «ժամանակ չունեն գնալու բանտեր՝ թեստ վերցնելու»։

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա դա պիտի ապահովվի արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Այստեղից էլ պատիժ կրող անձանց ասել են՝ դեռ պարզ չի՝ երբ կպատվաստվեն։ «Ասել են՝ հո՞ ձեր ուզելով չի, երբ կգան՝ կպատվաստեք։ Այստեղ խախտվում է մարդու իրավունքը, պատիժ կրող անձանց հարազատների հետ տեսակցելու իրավունքը, ինչպես նաեւ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքը»,-ասում է Իրինա Մանուկյանը։

Անազատության մեջ գտնվող անձինք խնդրի մասին տեղեկացրել են առողջապահության եւ արդարադատության նախարարներին, Մարդու իրավունքների պաշտպանին։ «Հանուն Ազատության» կազմակերպության պատասխանատուի խոսքով՝ դիմելու են բոլոր պատկան մարմիններին՝ հարցը կարգավորելու համար։

Aravot.am-ը պատրաստ է ներկայացնելու նաեւ արդարադատության նախարարության կամ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի պարզաբանումները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31