Գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո աշխարհի փոխչեմպիոն, գյումրեցի Դավիթ Չալոյանը լրատվամիջոցներին ասաց. «Աշխարհի առաջնությունից հետո վնասվածքից ապաքինվելով՝ կարճ ժամանակ ունեի պատրաստվելու համար: Փառք Աստծո, կարողացա ոսկե մեդալը նվաճել: Հիմա մեզանից պահանջվում է լավ նախապատրաստվել, որպեսզի մայիսին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գանք եւ ոսկե մեդալ նվաճենք: Այսօր մրցակիցս աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն Հովհաննես Փափազյանն էր: Հովհաննեսը փորձված բռնցքամարտիկ է: Դա զգացվեց ռինգում: Նա լավ մարզվելու դեպքում նույնպես մեծ ապագա ունի: Եվ մեկս մյուսին օգնելով` կարծում եմ, ավելի առաջ կգնանք»:
Aravot.am-ի հարցին, թե աշխարհի առաջնության արծաթից հետո Հայաստանի առաջնության ոսկին նվաճելով ի՞նչ զգացողություն ունի եւ ո՞ր մեդալն է նրա համար ավելի արժեքավոր, Դավիթ Չալոյանը պատասխանեց. «Հայաստանի առաջնությունն ավելի պարտավորեցնող է, քանի որ բոլորը սպասում են քո հաղթանակին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ