Հայկ եւ Վահե Ծատուրյանները Coding with Tsaturyans-ի շրջանակում մի քանի առանձին դասերից հետո փետրվարի 2-ից սկսում են խաղերի ծրագրավորման խմբի առաջին փուլը, որը երեխաներին կսովորեցնի Scratch ծրագրավորման լեզուն:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ծատուրյանը, CodingWithTsaturyans-ը իր եւ եղբոր՝ Վահեի պատանեկան բիզնես նախաձեռնությունն է, որի միջոցով որոշել են ծրագրավորման շուրջ հետաքրքրություն ձեւավորել 8-14 տարեկանների շրջանում: «Մենք մտադիր ենք պատանի ծրագրավորողների համայնք ստեղծել ու մեր դասերի մասնակիցների մեջ գտնել մեր ապագա գործընկերներին, որոնք նույնպես կսկսեն գումար վաստակել սովորելով ու սովորեցնելով»,-ասաց նա:
Հայկը 14 տարեկան է, սովորում է Շիրակացի ճեմարանում, իսկ եղբայրը 15 տարեկան է, սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: «Որոշեցինք մեր ունեցած փորձը փոխանցել մեզանից մի քիչ փոքր տարիքով երեխաներին: Սկզբում որոշեցինք առցանց դասեր անցկացնել: Նախ մեկ դաս անցկացրինք այն մասին, թե իրենից ինչ է ներկայացնում ծրագրավորումը, դա երեխաներին շատ դուր եկավ: Այժմ էլ փետրվարի 2-ից սկսելու ենք Scratch-ի դասընթաց: Ընդհանուր կուրսը 3 ամիս է տեւելու: Արդեն դասընթացի համար գրանցվողներ կան: Scratch-ը ծրագրավորման լեզու է հատուկ երեխաների համար, որպեսզի կարողանան հետագայում էլ յուրացնել ավելի բարդ լեզուներ»,-ասաց Հայկ Ծատուրյանը:
Կարդացեք նաև
Նրանից տեղեկացանք, որ ինքն ու եղբայրը ե՛ւ ինքնուրույն են սովորել Scratch-ը, ե՛ւ հայրիկից են սովորել: «Ես եւ Վահեն սկզբում չէինք ցանկանում ծրագրավորող դառնալ, հիմա հասկացել ենք, որ աշխարհի ապագան ծրագրավորման հետ է կապված: Այդ ամենը հասկանալով որոշեցինք ծրագրավորում սովորել»,-նշեց մեր զրուցակիցը:
Հարցրինք, թե ինչ խորհուրդ կտա իր այն հասակակիցներին, որոնք սոցցանցերում ժամանակ են «սպանում», համակարգիչը, հեռախոսը եւ մնացած այլ սարքերը զուտ ժամանցի համար են կիրառում: «Մեր հասակակիցներն ավելի շատ ժամանակ են «սպանում» հեռախոսներով, համակարգիչներով, նոթբուքերով: Մենք այս նախագիծն իրականացնում ենք, քանի որ ուզում ենք այնպես անել, որ մեր տարիքի երեխաները սկսեն ինչ-որ բանով զբաղվել եւ ավելի օգտակար ձեւով օգտագործեն իրենց սարքերը: Նաեւ ծրագիրն իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե բիզնեսն ինչպես է աշխատում այս տարիքում»,-նշեց Հայկ Ծատուրյանը:
Ապա հավելեց. «Կոդավորումը գրել-կարդալու նման մի բան է, եւ ապագայում լինես բժիշկ, խոհարար թե մեկ այլ մասնագետ, յուրաքանչյուրին ծրագրավորումը պետք է գալու, քանի որ աշխարհն ավելի տեխնոլոգիական զարգացումների է գնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Հայկ Ծատուրյանը