«Նման աննախադեպ, ցինիկ զեկույց, ես` որպես 14 տարվա ԵԽԽՎ պատգամավոր, չեմ տեսել»,-այսօր ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մասնակցում էր Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարին:
Նրա խոսքով. «Երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդին, մեր հիմնական հանձնառություններից մեկն էր զրպարտանքը եւ վիրավորանքն ապաքրեականացնելը: Հիմա իշխանությունը բերել է նախագիծ, որն ընդունվել է, խայտառակ սանկցիաներ են կախված լրատվամիջոցների ազատ խոսքի վրա»։
Նաիրա Զոհրաբյանին զարմացնում է, որ Եվրոպայի խորհուրդը ոտնահարում է իր իսկ սկզբունքները, քանի որ նրանց համար մահապատժի վերացումը, վիրավորանքն ու զրպարտանքն ապաքրեականացնելը «սուրբ կով» էր. «Որեւէ տող չգրել կալանավորված համայնքապետերի մասին, որոնք ակնհայտորեն քաղաքական բանտարկյալներ են, կարող էին նվազագույն մտահոգություն հայտնել կալանավորված համայնքապետերի վերաբերյալ, որոնք կալանավորվել են անմիջապես ընտրությունից հետո»:
Գովազդի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ էլ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը տնտեսություն չունի. «Երկու ոլորտ կա, որ կարող է գովազդատու լինել մամուլին՝ հանքարդյունաբերությունը եւ շահումով խաղերը: Հանքարդյունաբերությամբ զբաղվողների վրա տոտալ արգելանք են դնում, որ չտան գովազդներ, հատկապես իշխանությանը ոչ հաճո լրատվամիջոցներին: Եթե կարծում են, թե դրանով սահմանափակելու են երիտասարդների մուտքը այդ օգտահաշիվներ, ապա դա լավագույն տարբերակը չէ: Այդ ամենն արվում է լրատվամիջոցների ազատ խոսքը սահմանափակելու համար»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով, Հայաստանում չկա լրատվամիջոց, որ կարող է ինքնաֆինանսավորվել, պետք են արտաքին միջոցներ, բայց դրանք սահմանափակելով` տանելու են այդ լրատվամիջոցների փակմանը:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձեւին դեմ քվեարկելուն, տիկին Զոհրաբյանն ասաց. «Ես Հայկ Մամիջանյանի տեղը լինեի՝ ընդհանրապես չէի մասնակցի քվեարկությանը, ելույթով կմոտիվացնեի իմ քվեարկությունը, թե ինչու չեմ մասնակցում, բնականաբար Հայկ Մամիջանյանը շատ լավ պատասխանել է՝ ինքը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի։ Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույց էր»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ