Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կորոնավիրուսի աննախադեպ քանակի կրկնավարակներ են արձանագրվում՝ օրական 200-300 դեպք»․ Ռոմելլա Աբովյան

Հունվար 29,2022 15:37

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերն օրեցօր ավելանում են, ու չնայած այսօր ավելի քիչ նոր դեպք է արձանագրվել, քան նախօրեին, սակայն մասնագետներն ասում են, որ վարակման ցուցանիշներն ավելանալու են։

Ըստ առողջապահության նախարարության այսօր տարածած հաղորդագրության, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդացության 2594 նոր դեպք, մահվան` 6 դեպք։ Իսկ երեկվա տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդության 3536 նոր դեպք է հաստատվել, մահ չի գրանցվել:

Ռոմելլա Աբովյան

ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ամբողջ աշխարհում է իրավիճակը լարված, նոր դեպքերի բարձր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է օմիկրոն շտամի շրջանառությամբ․ «Դիտարկելով այլ երկրների փորձը` միանշանակ, մենք էլ մեզ մոտ սեկվենավորում ենք արել, անջատել ենք օմիկրոնը, եւ հիվանդացության բարձր ցուցանիշը օմիկրոնի հետեւանք է»։

 

Այլ երկրների ցուցանիշները ցույց են տալիս, որ թեեւ շրջանառվում է օմիկրոն շտամը, սակայն մահվան դեպքերն են քիչ, իսկ Հայաստանում այսօրվա տվյալով վեց մահ է գրանցվել։ Արդյոք մահացածների մոտ օմիկրոն շտամն է եղել, թե՞ դելտա, տիկին Աբովյանն ասաց, որ նման տեղեկատվություն չունեն․«Բայց թերագնահատել օմիկրոն շտամը, ճիշտ չէ։ Այլ երկրներում մահերի ցածր ցուցանիշը  պայմանավորված է պատվաստումային բարձր ցուցանիշով։ Ապացուցված է,  որ պատվաստված անձի մոտ հիվանդացությունը շատ ավելի թեթեւ է ընթանում, քան չպատվաստված անձի մոտ։ Այստեղ մենք ռիսկ ունենք նաեւ մահերի  գրանցման հետ կապված, քանի որ պատվաստումային ցուցանիշը ցածր է եւ չենք կարող համեմատել այլ երկրների հետ»։

Տիկին Աբովյանի խոսքով՝ օմիկրոնն էլ վտանգավոր է, ինչպես դելտա շտամը, այսինքն, ախտահարվում են տարբեր օրգան համակարգեր․ «Բայց ի տարբերություն դելտայի, օմիկրոնը թոքային հյուսվածքը, որպես այդպիսին, պատվաստվածների մոտ չի ախտահարում։ Բայց քանի որ նոր շտամ է եւ դեռ պարզ չէ, թե ինչ կարող է լինել, ուղղակի  դիտարկում ենք այլ երկրների փորձը։ Գիտենք, որ շատ բարձր վարակելիություն ունի ու բարձր ցուցանիշներ են արձանագրվում։ Վրաստանում աննախադեպ հակառեկորդ է գրանցվել՝ 18 հազար նոր դեպք է գրանցվել եւ 41 մահվան դեպք»։

Օմիկրոնի ախտանշանները նման են սուր շնչառական վարակին՝ քթից արտահոսք, հազ, ընդհանուր թուլություն, կարող է նաեւ մկանացավ լինել։

Բժշկի հավաստմամբ՝ մեր երկրում աննախադեպ քանակի կրկնավարակներ են արձանագրվում` օրական 200-300 դեպք։

Եվ անկախ նրանից՝ պատվաստված եք, թե՝ ոչ, ունեք բնական իմունիտետ, թե՝ ոչ, բժիշկը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները. ովքեր պատվաստված չեն, անպայման պատվաստվեն, նրանք, ովքեր երկու դեղաչափով պատվաստված են, անպայման ստանան խթանիչ՝ բուստեր դեղաչափը, քանի որ ապացուցված է, որ բուստեր պատվաստումն արդյունավետ է օմիկրոնի դեմ։

Նոր շտամների սպասե՞լ, թե՞ ոչ, Ռոմելլա Աբովյանն ասաց՝ ապացուցված է, որ շատ արագ է մուտացվում կորոնավիրուսային հարուցիչը, այնպես որ, նոր շտամի ի հայտ գալը չի բացառվում, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ շտամը դուրս է մղում նախորդին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31