Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, որն այսօր մասնակցում էր Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարին, իր ելույթում նշեց, որ մեր հանրությունը ստեղծագործական միություններից, որոնք ստեղծվել են խորհրդային տարիներին, մշտապես դժգոհություն ունի:
Ըստ պարոն Իշխանյանի, նրանք անկախության տարիներին շատ ավելի պասիվ են եղել, քան խորհրդային տարիներին: Այդ միություններն, ըստ պարոն Իշխանյանի, պասիվ ու լուռ էին նաեւ հեղափոխությունից հետո, անգամ ներկա պայմաններում: Սակայն զարմանալիորեն ակտիվություն է ցուցաբերում Հայաստանի ժուռնալիստների միությունը, որն ամեն հարցին պատասխաններ էր տալիս եւ արձագանքում էր՝ ընդգրկելով միջազգային լրագրողական կառույցները. «Սա պետք է մյուս ստեղծագործական միությունների համար օրինակ ծառայեր»,-ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով, որ, օրինակ՝ բուհերի քայքայման հետ կապված չպետք է լուռ մնային Գրողների միությունը, Թատերական եւ այլ ստեղծագործական միությունները:
Կարդացեք նաև
«Լրագրողական միությունը հսկայական աշխատանք արեց այս ծանր իրավիճակում, երբ ոտնահարվում էր խոսքի ազատությունը, եւ լրագրողների նկատմամբ բռնություններ են տեղի ունենում»,-ասաց նա: Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով այն կարծիքներին, թե լրատվամիջոցները քաղաքականացված են, ասաց՝ իմ կարծիքով, աշխարհում չկա անկախ լրատվամիջոց, որը չլինի քաղաքական կամ պետական ազդեցության տակ, բայց այն, ինչ կատարվում է Հայասատնում, նորմալ չէ, երբ նախկին լրագրողները ատամներով պաշտպանում են իշխանություններին:
Նա ասաց, որ լրագրողական հանրությունը եւ Ժուռնալիստների միությունը պետք է միասնական լինեն ու ավելի «թունդ» պայքարեն, քանի որ լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները շարունակվելու են: Պարոն Իշխանյանն իր խոսքն ամփոփեց այսպես. «Ձեր համայնքից դարձավ լրագրողի ապիկար դիմակի տակ թաքնված քաղաքական գործիչ»:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն առաջարկեց ոչ թե չորս տարին մեկ համագումար անել, այլ ամեն տարի՝ քննարկելու ոլորտի մարտահրավերները: Նրա խոսքով, այդ ասպարեզում բավականին արագ են լինում փոփոխությունները, բացի այդ, նորանոր խանգարիչ հանագամանքներ կան, երկրում տիրող արտառոց իրավիճակ է եւ այլն, ուստի միության անդամներով հաճախակի պետք է հանդիպեն, որպեսզի «քննարկեն եւ համքարության կողմից կեցվածք ցուցաբերեն՝ այս կամ այն հարցերին»:
Հակոբ Ավետիքյանը մտահոգություն հայտնեց, որ երիտասարդ լրագրողները խուսափում են եւ չեն ցանկանում դառնալ Ժուռնալիստների միության անդամ: Նրա խոսքով, չեն կարեւորում իրենց միության դերը, մինչդեռ այս միության անդամ դառնալը կարեւոր է, որպեսզի հարկ եղած դեպքում քննարկեն իրենց հուզող հարցերը. «Երիտասարդ լրագրողները պետք է տեսնեն, որ կարողանում են միության միջոցով իրենց շահերը պաշտպանել»,-ասաց Հակոբ Ավետիքյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ