Այսօր ՀԺՄ 13-րդ համագումարում քվեարկության արդյունքում Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ: Մարգարիտ Եսայանն էլ՝ համագումարի քարտուղար:
Միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, խոսելով միության կանոնադրությունը փոփոխելու անհրաժեշտությունից, ասաց, որ այսօր ՀԺՄ-ն ունի լուրջ տնտեսական խնդիրներ, որոնք աստիճանաբար կլուծվեն՝ միության կանոնադրությունը փոխելու դեպքում:
Սաթիկ Սեյրանյանի խոսքով, միությունն այժմ գտնվում է մի շարք դատական գործընթացներում: Նա որպես օրինակ նշեց նախկինում միության հետ կնքված պայմանագրերը, որոնք վարձակալությամբ են տրվել չնչին գումարներով: Ասաց նաեւ, որ եղել են դեպքեր, երբ առանց միության իմացության ենթավարձակալը այդ տարածքը գրավադրել է բանկում: Այսինքն, ըստ տիկին Սեյրանյանի, ՀԺՄ-ն ներկայումս դիմադրության պատի դեր է կատարում՝ ստեղծագործական հարցեր քննարկելու փոխարեն:
Կարդացեք նաև
Նա գտնում է, որ այդ հարցերը կլուծվեն կանոնադրությունը փոփոխելու արդյունքում: Այսօր համագումարի օրակարգում նաեւ այս հարցն էր դրված: Տիկին Սեյրանյանի խոսքով, միությունը գոծիքակազմ, հնարավորություն չունի մարդկային ռեսուրսներ ներգրավելու եւ այդ խնդիրները լուծելու եւ այդ կարգավորիչ մարմինները ստեղծելու:
ՀԺՄ իրավաբան Դավիթ Ստեփանյանի խոսքով, միությունը նախկինում կնքել է մի շարք ոչ ձեռնտու պայմանագրեր՝ 100 տարի անհավանական ժամկետով: Այդ պայմանագրերով փոքր գումար էր նախատեսված վարձակալների համար: Ըստ իրավաբանի, ներկայումս այդ պայմանագրերը չեղարկելու եւ ԺՄ-ին պատկանող գույքը հետ բերելու միջոցներ են ձեռնարկել: Ասաց, որ այդ պայմանագրերը կնքելիս խախտումներ են թույլ տվել նաեւ նոտարները, որոնք օրենքով նախատեսված փաստաթղթեր չեն պահանջել պայամանագրերը կնքելիս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ