Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևը, որի համահեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենին և Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը։
Բանաձևն անդրադառնում է 2018-ից ի վեր Հայաստանի շուրջ կարևորագույն զարգացումներին՝ Թավշյա հեղափոխությունից մինչև 2021 թվականի հունիս 20-ի ընտրություններ, համավարակից մինչև պատերազմ, դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումներից մինչև խոսքի ազատության սահմանափակումներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է բանաձևի քվեարկությունն ու հիմնական դրույթները՝ վերհանելով կարևոր շեշտադրումները։
Գերիների անհապաղ վերադարձ, հայկական ժառանգության պահպանում
Կարդացեք նաև
Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմին՝ Վեհաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի համաձայն։ Վեհաժողովը վերահաստատում է նաև Արցախի հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության պահանջը, ինչպես նաև դրա վերականգնման ու պահպանության հստակ մեխանիզմների անհապաղ մշակման կարևորությունը։
Բանաձևում արձանագրվում է՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, իսկ դրա արդար և տևական լուծմանը պետք է հասնել ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում (ինչը նաև հայկական կողմն է պնդում)։
«Նշանակալի ժողովրդավարական առաջընթաց»
ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը նշանակալի ժողովրդավարական առաջընթաց է գրանցել և միևնույն ժամանակ կարճ ժամանակահատվածում բախվել է այնպիսի մարտահրավերների, որոնք մեծ ազդեցություն են ունեցել երկրի ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքի վրա․ խոսքը, մասնավորապես, COVID-19-ով պայմանավորված համավարակի, 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած ներքաղաքական իրադարձությունների մասին է։
«Սահմանադրական կարգի տապալման փորձ», «հաղթահարված ճգնաժամ»
Հատկանշական է, որ հետպատերազմյան իրադարձությունները՝ մասնավորապես ցուցարարների հարձակումներն օրենսդիր ու գործադիր մարմինների շենքերի վրա, ԵԽԽՎ-ն որակում է որպես երկրում սահմանադրական կարգի տապալման փորձ։ Վեհաժողովն արձանագրում է նաև, որ Հայաստանը հաջողությամբ հաղթահարել է լուրջ քաղաքական ճգնաժամը, որն առաջացել էր Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ելքի հետևանքով։
«Ճգնաժամը հանգուցալուծվել է 2021-ի հունիսին կայացած արտահերթ ընտրությունների միջոցով, որոնք կազմակերպվել են ժողովրդավարական պայմաններում՝ չնայած քաղաքական ծայրաստիճան բևեռացմանը»,- նշվում է բանաձևում։
Համերաշխության կոչ՝ իշխանությանն ու ընդդիմությանը
Բանաձևում մի քանի անգամ անդրադարձ է արվում հատկապես 44-օրյա պատերազմից հետո հանրային-քաղաքական դաշտում տիրող անառողջ մթնոլորտին․ նշվում է, որ Վեհաժողովը մտահոգություն է հայտնում քաղաքական այն մթնոլորտի համար, որի պայմաններում անցել են հունիսի 20-ի ընտրությունները։
Համազեկուցողների ուշադրությունից չի վրիպել նաև 2021-ի օգոստոսին Հայաստանի խորհրդարանում իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը։ Վեհաժողովը կոչ է անում ընդդիմությանն ու իշխանությանը տեղափոխվել կառուցողական ու հարգալից գործակցության դաշտ։
«Կոռումպացված» ու «ընդդիմությունից կախյալ» դատարաններ
Վեհաժողովն արձանագրում է, որ 2018 թվականի խաղաղ իշխանափոխությունից հետո իշխանության տարբեր ինստիտուտների միջև լարվածության բարձր մակարդակ է գրանցվել․ խոսքը, մասնավորապես, գործադիր իշխանության՝ դատականի հետ ունեցած հակասությունների մասին է։
«Վեհաժողովը նկատում է դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ցածր մակարդակը, ինչպես նաև ընկալումը, որ այն ունի կոռումպացվածության բարձ աստիճան և, հնարավոր է, փոխկապակցված է խորհրդարանական մեծամասնության քաղաքական ընդդիմադիրների հետ»,- նշվում է բանաձևում։
Վեհաժողովը մտահոգություն է հայտնում նաև Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ու Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ խորհրդարանական մեծամասնության ունեցած հանրային առճակատման վերաբերյալ։ Շեշտվում է, որ օրենսդրի պարտավորությունն է հարգել դատական իշխանությունը, ինչպես նաև հրապարակային ձևով կասկածի տակ չդնել դատավորների հեղինակությունը։
Խոսքի ազատության սահմանափակումները
Բանաձև շոշափում է նաև խոսքի ազատության թեման։ Նշվում է, որ երկրում պատերազմով ու համավարակով պայմանավորված խոսքի ազատության ժամանակավոր սահմանափակումներ են եղել՝ կանխելու խուճապն ու ապատեղեկատվության տարածումը։ Արձանագրվում է, որ նույնիսկ եթե արտակարգ դրության պայմաններում սահմանափակումների հարցում իշխանության նպատակները օրինական են եղել, դրանք ակնհայտորեն անհամաչափ ու խիստ են եկել։
Առանձին անդրադարձ է կատարվում նաև հայաստանյան մեդիայում ապատեղեկատվության ու ատելության խոսքի ահռելի ծավալներին։ Արձանագրվում է, որ այս համատեքստում իշխանությունները հանրային գործիչներին հասցեագրված վիրավորանքը քրեականացնող օրենք են ընդունել։ Վեհաժողովը վերահաստատում է, որ վիրավորանքը պետք է ապաքրեականացվի՝ հորդորելով խնդրի դեմ պայքարել համապատասխան օրենսդրությունը բարեփոխելով։
Ողջունում է բարեփոխումները
Բանաձևը ծավալուն անդրադարձ է կատարում դատաիրավական, հակակոռուպցիոն և ընտրական բարեփոխումներին՝ հիմնականում ողջունելով դրանց ընթացքը։ Նշենք, որ վերոհիշյալ բարեփոխումների մշակման ու իմպլեմենտացիոն փուլերին գործուն մասնակցություն է ունեցել նաև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը։
Վեհաժողովը արձանագրում է, որ 2018-ից ի վեր, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ-ում երկու արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ միջավայրում։ Այս համատեքստում Վեհաժողովը ողջունում է ընտրական բարեփոխումները, որոնք բարելավել են կուսակցությունների, քարոզարշավների ֆինանսավորման, քվեարկության համակարգին վերաբերող օրենսդրությունը, ինչպես դա նկատել են Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը։
Վեհաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին իրագործել Ներքին գործերի նախարարությունը վերականգնելու ծրագիրը, ինչպես նաև նոր ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովել անհրաժեշտ ռեսուրսներով՝ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ դատավորների ունեցվածքի ուսումնասիրության և կուսակցությունների ֆինանսական հոսքերի վերահսկողության համար։
ՌԴ-ն՝ ձեռնպահ, Թուրքիան, Ադրբեջանն ու Մամիջանյանը՝ դեմ
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևն ընդունվել է 50 կողմ, 14 դեմ, 16 ձեռնպահ ձայներով։ Բանաձևին դեմ են քվեարկել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները, մեկ պատվիրակ Նիդերլանդներից, ինչպես նաև հայաստանյան պատվիրակությունից Հայկ Մամիջանյանը, որը ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է։
Ռուսաստանյան պատվիրակության՝ նիստին ներկա բոլոր ներկայացուցիչները քվեարկել են ձեռնպահ։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»