Ռուսաստանի հայերի միությունից հայտնել են, որ երեկ Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց միջադեպերի՝ այդպիսով հերքելով «Ռեգնում» գործակալության լուրն այն մասին, թե ոստիկանությունը ընդհատել է ֆիլմի ցուցադրությունը:
Ըստ Միության, հաջողությամբ կայացած ցուցադրության շուրջ «կրքերի արհեստական բորբոքումը» ցույց է տալիս, որ ռուսական մի շարք լրատվամիջոցների և պետական մարմինների ներկայացուցիչների վարքը թելադրվում է դրսից, այն երկրներից, որտեղ ազգային հերոսներն են Ռասուլաձեն և Սաֆարովը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ռուսաստանի հայերի միությունը քննություն կնախաձեռնի բոլոր այն սադրիչների նկատմամբ, որոնք փորձել են օգտագործելով ֆիլմի ցուցադրության առիթը «սևացնել մեր կազմակերպությունը, ապականել մեր հերոս նախնիների բարի անունը, որոնք կողք կողքի կռվել են ԽՍՀՄ ժողովուրդների հետ և հաղթանակ տարել ֆաշիզմի նկատմամբ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ