Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Ընդդիմությունը պետք է որոշում կայացնի ԵԽԽՎ-ի հետ իր հարաբերությունների ձեւաչափի մասով՝ կա՛մ բոյկոտ, կա՛մ ծանր աշխատանք․ «Հրապարակ»

Հունվար 29,2022 12:19

ԵԽԽՎ-ն հրապարակել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը։

ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն ավելի վաղ՝ դեռ 4-5 ամիս առաջ գիտեր այդ գնահատականի մասին։ «Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որն այդ պահի դրությամբ հրապարակային չէր, հենց այդպիսի դիրքորոշում է արտահայտել Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկը։ Եվ սա փաստ է, որն արձանագրված է։ Ընդդիմության կողմից մանդատները վերցնելուց հետո սա ընդամենը փաստի արձանագրում է։ Այս համատեքստում դիտարկեք այն կարծիքները, որոնք վերաբերում էին մանդատները վերցնելու որոշման ոչ ճիշտ լինելուն: Հավելեմ, որ այս փաստի արձանագրումը նշանակում է, որ, օրինակ, եվրոպացու աչքով՝ Հայաստանի ընդդիմությունն ավելի կառուցողական է, քան, օրինակ, նույն Վրաստանի ընդդիմությունը, որին իրենք երկար ժամանակ է՝ խնդրում են չբոյկոտել խորհրդարանի աշխատանքը, վերադառնալ խորհրդարան եւ աշխատել»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։

– Ընդհանուր Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է:

– Ամենացայտուն հատկանիշը, որով ես կբնութագրեի այս բանաձեւը, հավասարության նշանն է: Հավասարության նշան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որտեղ կողմերին կոչ է արվում ինչ-որ գործողություններ կատարել։ Հավասարության նշան ընդդիմության եւ իշխանության միջեւ, որտեղ կողմերին կոչ է արվում կառուցողական եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցել իրենց հարաբերությունները՝ անդրադառնալով 2021 թ․ օգոստոսի ծեծկռտուքին, որ տեղի ունեցավ մեր խորհրդարանում։ Նաեւ հավասարության նշան իշխանությունների գործելաոճի եւ ՍԴ անդամների, նրա նախագահի գործողությունների, նրանց պաշտոնազրկման ու դրան հասնելու մեթոդների միջեւ։ Իսկ սա ընդունելի չի կարող համարվել: Ամենաբացասականն այն է, որ առհասարակ խոսք չկա քաղաքական դրդապատճառներով կալանքների մասով: Որեւէ խնդիր չեն տեսել: Դեռ մի բան էլ` այսպես կոչված, կալանք տվող դատարանների մասով, ողջունման հիմք է տվել մի վիճակագրություն, որի համաձայն՝ նախնական կալանքների մերժման թվի կտրուկ աճ է եղել: Սա շատ տարօրինակ է:

– Չկա՞ մի մաս, որտեղ քննադատում են իշխանություններին։

– Վեհաժողովի ամենաբացասական վերաբերմունքը մեդիային առնչվող փոփոխություններն են: Այդ մասով ընդունելով հանդերձ, որ խուճապի եւ ապատեղեկատվության տարածման դեմ պայքարը լեգիտիմ նպատակ է, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցները համարում են ոչ ադեկվատ, կոչ են անում գտնել այլ լուծումներ՝ կանխարգելիչ պատժողականությունը համարելով սխալ, այդ թվում վերահաստատելով իրենց դիրքորոշումն առ այն, որ զրպարտությունը պետք է լինի ապաքրեականացված: Կոչ են անում, որ դատախազությունը միասնաբար կիրառի «ծանր վիրավորանքի» նորմերը, որպեսզի չդառնա անհատների ու մեդիայի դեմ պայքարի գործիք: Կոչ է արվել նախատեսել ԲԴԽ-ի կարգապահական հարցերով կայացված որոշումների բողոքարկման հնարավորություն:

 – Ընդդիմությունից այս բանաձեւի ընդունմանը դեմ է քվեարկել Հայկ Մամիջանյանը, որին հիմա մեղադրում են իբրեւ թե հակահայկական դիրքորոշում հայտնելու եւ այս «հայանպաստ» բանաձեւին դեմ քվեարկելու համար։

– Հայանպաստ կարող ես որակել, երբ այս կամ այն ձեւակերպումը քո ազգային շահին ակնհայտ համապատասխան է: Չեմ կարծում, որ սա իսկապես հայանպաստ էր: Ամենակարեւորը` արցախյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասով գործածված էր եվրոպացիների սիրած հնարքը` «երկու կողմերին կոչ ենք անում…..»: Իսկ սա չի կարող համարվել հայանպաստ: Պատշաճ անդրադարձ չկա ադրբեջանցիների կողմից կատարված ռազմական հանցագործություններին, կամ, օրինակ, ականապատ քարտեզների տրամադրումը ողջունվել է, բայց խոսք չկա այն մասին, որ դա արվել է որպես եւս մեկ քայլ գերիների ազատության համար: Մինչդեռ իշխանություններն այդպես էին թմբկահարում: Գերիների հարցը դիտարկվում է որպես եռակողմ հայտարարության 8-րդ կետի չկատարում: Ժողովրդավարական մյուս ինստիտուտների մասով հիմնականում ներկայացված է իշխանության տեսակետը: Ուստի կոռեկտ չեմ համարի մեկնաբանել կոնկրետ պատգամավորի քվեարկությունը, առավել եւս` սպառիչ ներկայացված են փաստարկները: Կարծում եմ՝ ընդդիմությունն ինստիտուցիոնալ կերպով պետք է որոշում կայացնի ԵԽԽՎ-ի հետ իր հարաբերությունների ձեւաչափի մասով: Կա՛մ բոյկոտ, ու, հետեւաբար, չբողոքել, կա՛մ ծանր աշխատանք ու հետագա քայլեր:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31