Բանջարեղենն ու մրգերն առողջ սննդակարգի կարևոր մասն են, իսկ դրանց բազմազանությունը նույնքան կարևոր է, որքան քանակը:
Ոչ մի միրգ կամ բանջարեղեն միայնակ չի ապահովում այն բոլոր սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են մեզ առողջ լինելու համար: Այնպես որ, պետք է փորձել հագեցնել սննդակարգը բազում, առողջարար և մաքուր մթերքներով և սպառել դրանք ամեն օր:
Ահա այս խորհուրդները մենք լսում ենք գրեթե ամեն օր սննդաբաններից, բժիշկներից, ծնողներից և անգամ` հարևաններից: Եկե՛ք հասկանանք, թե որն է մրգի և բանջարեղենի կարևորությունը, կամ ինչպես ընտրել դրանք` լավագույն արդյունք ունենալու համար:
Բանջարեղենով և մրգերով հարուստ սննդակարգը կարող է նվազեցնել արյան ճնշումը, նվազեցնել սրտի հիվանդությունների և կաթվածի ռիսկը, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը, դրական ազդեցություն ունենալ արյան մեջ շաքարի պարունակության վրա և վերահսկել ախորժակը: Օրինակ, օսլա չպարունակող բանջարեղենի և մրգերի օգտագործումը, ինչպիսիք են խնձորը, տանձը և կանաչ տերևավոր բանջարեղենը, կարող են նույնիսկ նպաստել քաշի կորստին: Վերջիններիս ցածր գլիկեմիկ բեռնվածությունը կանխում է արյան մեջ շաքարի մակարդակի աճը, որը սովի զգացման առաջացման պատճառներից մեկն է:
Հասկանալի է, որ մրգերի ու բանջարեղենի սպառումն իսկապես կարևոր է, բայց պակաս կարևոր չէ նաև այդ նույն մրգերի ու բանջարեղենի ընտրությունը, ինչը, բնավ, դյուրին գործ չէ: Ամեն մթերք չէ, որ օգտակար կարող է համարվել. պետք է հաշվի առնել դրանց աճեցման և մշակման մեթոդները, որոնք կարող են հսկայական ազդեցություն ունենալ որակի և համի վրա:
Կարդացեք նաև
Օրինակ, երբեմն գյուղատնտեսները չարաշահում են թունաքիմիկատների և հանքային պարարտանյութերի օգտագործումը, ինչը բացասական է ազդում ինչպես մարդու առողջության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, բնության վրա:
Այդ իսկ պատճառով, շուկայում կամ խանութներում գնումներ կատարելիս պետք է զգոն լինել: Սովորե՛նք կարդալ պիտակներն ու մակնշումները, իսկ դրանց բացակայության դեպքում հետաքրքրվենք մթերքի ծագման մասին հենց վաճառողից կամ արտադրողից:
«Կանաչ» կամ նույն ինքը՝ «կայուն» կամ «բնական» տերմինները թերևս շատ ենք լսել։ Բայց գիտե՞նք արդյոք, թե ի՞նչ են այդ տերմինները նշանակում, և որքանո՞վ են դրանք ճիշտ կիրառվում։ Քանի որ չկա դեռ խիստ վերահսկողություն նման տերմինների կիրառման համար։ Փորձենք հասկանալ․ «Կանաչ»-«կայուն» կամ «բնական» եղանակով մշակելու համար ֆերմերները նվազագույնի են հասցնում թունաքիմիկատները և հանքային պարարտանյութերը։
«Օրգանական» գյուղատնտեսության դեպքում չի թույատրվում թունաքիմիկատների կիրառումը, կան մի շարք այլ պահանջներ, որոնց հետևելով՝ տվյալ ապրանքը կարող է մակնշվել որպես «օրգանական»։
Ի դեպ, «էկո», «բիո», «օրգանական» մակնշումներն ապրանքի վրա թույլատրելի են միայն այն դեպքում, երբ փաթեթի վրա կամ դրան կից կա համապատասխան սերտիֆիկատ։ Այդ պատճառով գնորդները հեշտությամբ կարող են տարբերակել կեղծ օրգանականը, եթե ճանաչեն հիմնական սերտիֆիկացման նշանները։
Զգուշացում․ շուկայում բազմաթիվ են կեղծիքները, ուստի եղե՛ք զգոն և հավաստիացե՛ք, որ տվյալ ապրանքի վրա կան համապատասխան որակավորման նշանները և կոդը։
Եվրոպական միությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն աջակցում են Հայաստանում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը:
Ի տարբերություն օրգանականի՝ «կանաչ» կամ այդքան շատ կիրառվող «բնական» արտադրանքը դեռևս չունի մակնշում։ Ինչը նշանակում է, որ մենք՝ որպես սպառողներ, պետք է զինվենք գիտելիքով և հաղորդակցվենք ֆերմերների հետ և ձեռք բերենք փոխադարձ վստահություն։
Մշտապես ցույց տանք ֆերմերին, որ հետաքրքրված ենք առողջարար և մաքուր մթերքի սպառմամբ: Նման դեպքում կանաչ գյուղատնտեսությունը կզարգանա, և մեզ կսկսեն առաջարկել իսկապես առողջարար սնունդ: Այսպիսով, մաքուր, առողջարար ու անվտանգ մթերքների մեր պահանջատիրությունը կստեղծի նաև համապատասխան առաջարկ, և Հայաստանում արդեն իսկ կիրառվող կանաչ գյուղատնտեսությամբ կսկսեն զբաղվել նաև այլ ֆերմերներ։
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ