2022թ.-ի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա: Հանձնաժողովն էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք:
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը ասում է` ջրի սակագնի թանկացումն էապես կհարվածի սոցիալապես խոցելի խավերի գրպանին, հարուստները եւ միջին խավի մարդիկ գուցե այնքան էլ ուշադրություն չդարձնեն դրան, բայց մի կերպ ծայրը ծայրին հասցնողները ստիպված կլինեն մյուս ծախսերը կրճատել, քանի որ չլողանալ կամ ասենք` ափսեները չլվանալ չեն կարող: Իսկ խնայողություններն իրենց հերթին կբերեն համապատասխան սոցիալական հետեւանքների:
Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը եւս ապրիլի 1-ից նախատեսվում է բարձրացնել: «Գազպրոմ Արմենիան» արդեն դիմել է ՀԾԿՀ-ին` առաջարկելով բարձրացնել այն 6 %:
Գազի հնարավոր թանկացումը էական բեռ է դառնալու տնտեսվարողների, արտադրողների ու ջերմոցային տնտեսությունների համար: Զուգահեռաբար, փետրվարից թանկացող էլեկտրաէներգիան ու արդեն թանկացած խմելու ջուրը ստիպել են տնտեսվարողներին վերանայել ծախսերը: Թանկացումներից տուժում են հատկապես այն բիզնեսները, որոնց արտադրանքի ինքնարժեքում գազն ու էլեկտրաէներգիան էական տեսակարար կշիռ ունեն:
Կարդացեք նաև
«2022 թվականի պետական բյուջեով նախատեսված չէ թոշակների բարձրացում, նպաստների բարձրացում, պետական աշխատողների աշխատավարձերը մնալու են նույնը: Հիշեցնեմ, որ նաեւ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է 4 տոկոսանոց գնաճ: Հաշվի չեն առնվել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը: Հետեւաբար պետք է կանխատեսենք, որ մեր գնաճը էլ ավելի բարձր է լինելու»,- ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը` շեշտելով, որ իրար հաջորդող այս թանկացումներն ու սննդամթերքի ավելի քան 17 % գնաճը շատ արագ կազդեն մարդկանց կենսամակարդակի վրա:
Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում