Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնության մասին՝ առանց պաթոսի

Հունվար 29,2022 10:00

Երեկ նշվում էր Հայկական բանակի կազմավորման 30-ամյակը: Նշվում էր համեստորեն՝ պարզապես պետական ու քաղաքական գործիչների՝ Եռաբլուր այցելությամբ:

Ճիշտն ասած, նախորդ խմբագրականս ցանկանում էի դրա մասին գրել, բայց… չստացվեց: Շատ դժվար է խուսափել պաթոսից՝ որի տողատակերում մեղադրանքներն են կամ արդարացումները: Բանակի օրը խոսել այն մասին, թե ով է մեղավոր այս վիճակի համա՞ր: Վիճակն այնպիսին է, որ մեղավորների փնտրտուքը «սիրտ չի հովացնում»: Քաղաքական գործիչներին կամ չափից դուրս քաղաքականացված մարդկանց այդ փնտրտուքը, թերևս, օգնում է մոռանալ վիճակի մասին, անձամբ ինձ՝ չի օգնում:

Ինձ թվում է, ոչ այնքան բանակը, անգամ՝ ոչ անգամ պետությունն է հարված ստացել՝ ճգնաժամ է ապրում ազգային ինքնությունը: Եկեք փորձենք անկեղծ պատասխանել հետեւյալ հարցին. արդյոք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որեւէ օտարի հանդիպելուց, նույն հպարտությամբ կարո՞ղ ենք ասել՝ «մենք մարշալ Բաղրամյանի եւ Մոնթե Մելքոնյանի ազգից ենք»: Արդյո՞ք նշված հերոսների կերպարներն այս ընթացքում խամրել են: Իհարկե՝ ոչ:

Մենք ենք խամրել: Արդյո՞ք մարդիկ նույն վստահությամբ կարող են ասել՝ «հիշում եմ եւ պահանջում»: Կամ գուցե այն ժամանակ է՞լ անկեղծ չէին ասում: Այսօր իշխանության ներկայացուցիչները, մանր խորամանկության դիմելով, հիշեցնում են՝ «Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը երբեք որպես նախապայման չի դրել»: Իհարկե, չի դրել: Բայց խոսքն ամենեւին դրա մասին չէ: Խոսքն այն մասին է, որ Թուրքիա՛ն է Ցեղասպանության ուրացումը միշտ դրել որպես նախապայման: Հիմա, եթե պաշտոնապես ասվի, որ «հիշելն ու պահանջելն» այլեւս արդիական չէ, որ 2015 թվականի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» սխալ էր, եւ մենք առաջնորդվում ենք բոլորովին այլ հայեցակարգով, դա կլինի իշխանության կողմից իսկապես «դուխով» քայլ՝ ավելի «դուխով», քան «թալանի» մասին ամեն օր անհասցե խոսելը:

Ես այդ հարցերի վերջնական պատասխանը չունեմ: Մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ը ես համոզված էի, որ մեր հաղթանակներով հպարտանալը, դրանց միջոցով ձեռք բերված նվաճումները պահելը, ինչպես նաեւ Ցեղասպանության մասին հիշողությունը կազմում են մեր ներկայիս ազգային ինքնության հիմքը: Բայց 2021 թվականի ընտրություններից հետո ես մտածում եմ, որ գուցեեւ սխալվում էի, եւ՝ որ, համենայնդեպս, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունն ապրում է բոլորովին այլ արժեքներով:

Դարձյալ՝ խնդիրը որեւէ մեկին մեղադրելը չէ: Այս հարցերում չկան վերջնական պատասխաններ: Դրանք պետք է քննարկել՝ անկեղծորեն արձանագրելով իրավիճակը եւ չփորձելով իրար խեղդել պաթոսով: Կարեւոր է հիշել, որ ազգային ինքնությունն այնպիսի բան չէ, որ 5000 տարի առաջ հաստատվել է ու մեկընդմիշտ այդպես էլ մնացել. այն փոխվում է պատմության հանգուցային իրադարձությունների ազդեցության տակ: Վերջին մեկուկես տարում տեղի են ունեցել նման իրադարձություններ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Nimar says:

    Դուք շոշափում եք հարցեր, որոնց մասին յուրաքանչյուր մարդ ունի իր սուբյեկտիվ պատկերացումները։ Եվ դրանք ունենալու իրավունքի նկատմամբ հարգանքից ելնելով պետք է լինել նրբանկատ։
    Սակայն կան այլ տեսակետներ, և դրանք նույնպես գոյության իրավունք ունեն։ Օրինակ, ես չեմ էլ կարող պատկերացնել, որ ինչ-որ հանգամանքներում ես կարող եմ իմ մասին խոսել որպես մի ժողովրդի ներկայացուցիչ, որն ունեցել է Բաղրամյան և Մ. Մելքոնյան։ Դա բոլորովին չի տեղավորվում իմ աշխարհայացքի մեջ։
    Ցեղասպանության հետ կապված՝ ես գիտեմ ու հիշում եմ, բայց ոչ մեկից ոչինչ չեմ պահանջում։ Պարզապես այն պատճառով, որ ոչինչ հնարավոր չէ շտկել: Ոչ մի հատուցում կամ ներողություն ոչինչ չի փոխի։
    Մեզ սպասում են մեծ հաղթանակներ և ջախջախիչ պարտություններ, պարզապես այն պատճառով, որ պատմությունը կերտվում է դրանցից։ Իսկ մենք, մեղմ ասած, երկար պատմություն ունենք՝ բաղկացած ոչ միայն հաղթանակներից ու ձեռքբերումներից։ Ես հուսահատվելու պատճառ չեմ տեսնում։

  2. Armen says:

    Էս Արմենը անունը փոխել է՞։
    Հասկացողը՝ հասկացավ…

  3. Լավատես says:

    Սիրողական մակարդակով փորձեմ հասկանալ, թե ո՞րն է ճիշտ ճանապարհը մեր զարգացման: Սովետը լավ էր նրանով, որ ապավինում էր իր ժողովրդի ուժին, խելքին, ոգուն, այս հատկանիշը օգտակար է, իսկ սովետի վատն այն էր, որ ժողովուրդը շատ քիչ սեփականություն ուներ, համատարած վարձու աշխատանք, որը շատ մեծ թերություն էր զարգացման համար, կապիտալիզմի լավն այն է, որ ժողովրդի սեփականության տոկոսը շատ ավելի բարձր է, ժողովուրդը զինված է, որը համարում եմ ժողովրդավարության գլխավոր հատկանիշը’ զենքը կարելի է վստահել միայն հասուն ազգին, իսկ վատը’ վարձու աշխատանքի շատ բարձր տոկոսը մասնավորի նկատմամբ: Այս երկուսից պետք է վերցնել լավագույն հատկանիշները եւ հրաժարվել նրանց վատագույն հատկանիշներից: Այսպիսով, մեր երկիրը օրենքից դուրս պետք է հայտարարի վարձու աշխատանքը որպես մարդու կողմից մարդու շահագործում, սեփականության բաշխումը ըստ սուբյեկտների պետք է կատարվի այդ սեփականության պաշտպանության զենքի բաշխման ձեւով’ համապատասխան դասընթացներ ու վարժանքներ անցնելուց, քննություն դրական հանձնելուց հետո լիցենզիա ստանալով, սեփականության լավ պաշտպանությունն ու անընդմեջ զարգացումը մրցակության պայմաններում միակ պայմանն է, որ իրավունք է ապահովում սեփականություն ունենալու, իսկ վատ ‘ծնող’ սեփականատերերին պետք է զրկել ‘ծնողական’ սեփականության իրավունքից մինչեւ խելքի չգա: Սուբյեկտներն են. ընտանիքի անդամը, որը պետք է ինքնապաշտպանական արվեստին տիրապետի, ընտանիքը, որը պետք է գործի Իմ տունը իմ ամրոցն է սկզբունքով, հանայնքը, որը նույնպես իր քաղաքացիական ապաստարաններն ու քաղաքացիական պաշտպանության մյուս միջոցներն ու վարժանքները պետք է ցուցադրի, պետություն, որը նույնպես մեր տունն է մեր ամրոցը:

  4. Ռուբեն says:

    Ըստ Nimar-ի մեկնաբանության ստացվում է, որ պետք է միայն բավարարվենք մեր մեծ հաղթանակների և ջախջախիչ պարտությունների պատմության վիճակագրությամբ և հանգիստ նստենք տեղներս: Բայց ես իրեն հարցեր ունեմ, օրինակ, հարևաններիս հետ կռվել եմ և ողնաշարի վնասվածք եմ ստացել, որ կռանում եմ՝ քիչ է ցավում, բայց անհանգստանում եմ, որ կռացած քայլելն ինձ համար սովորական կդառնա: Ինչ անե՞մ, իմ աջ և ձախ հարևանների խորհրդին հետևելով հարմարվեմ կռացած քայլելու՞ն, թե՝ ցավին դիմանալով մեջքս ուղղեմ: Հիշելով, որ ես մարշալ Բաղրամյանի և Մոնթե Մելոնյանի ազգից եմ, ավելի՞ վստահ չեմ մեջքս ուղղի:
    Իսկ այն, որ Nimar-ը ցեղասպանությունը հիշում է, բայց ոչ մեկից ոչինչ չի պահանջում, պատճառաբանելով, որ ոչ մի հատուցում կամ ներողություն ոչինչ չի փոխի, անհասկանալի է: Միթե՞ պարզ չէ՝ եթե ցեղասպանություն կատարողին չես դատապարտում և նրանից հատուցում չես պահանջում, ապա դրանով նրա ձեռքերն ազատում ես համանման նոր գործողություններ անպատիժ կատարելու համար:

  5. Mika says:

    մեջք ուղղել ու առաջ գնալ կամ նաման ցանկացած արտահայտություն ենթադրում է աշխատանք, քրտնաջան ու երկարատև աշխատանք, այն ինչը մեզանում հիմա չի նկատվում։ Ավելին, մի տենդենց է էլի առաջ եկել, ինչպես Լոուրենս Արաբացին էր հայերի մասին գրում․ “հայերը ամեն հնարավոր տարբերակով գործ են պոկում հետո ստացած գործը տալիս ուրիշի և արանքում իրենք միջնորդավճարի վրա են նստում ոչինչ չանելով” մեջբերումը մոտավոր է, բայց շատ բնորոշ է մեր նկարագրին։ Մենք մօսկվայում և վլադիվոստոկում կռացած ու հաճախ խաբվելով աշխատում ենք, բայց մեր երկրի ներսում աշխատելը պատիվ չի, այլ պետք է մեծ մեծ ճամարտակել ձմռանը, իսկ գարնանը էլի գնալ խոպան կռացած աշխատելու։ Բանակի մասին կամ լավը կամ ոչինչի հեղինակները այսօր կամ լռում են կամ չկան, իսկ բանակը բացահայտ թալանած երրորդ նախագահը սրբի կերպարանքով գալիս ու խրատումէ, այնինչ վաղուց ինքնասպան պիտի լիներ դեռ 2016ին․․․էլ չասեմ այսօրվա պարտված ու պարտությունը իրենց մարիֆաթ սարքած տղամարդլյամիշ (իր իսկ խոսքերով) լինելով ծամարտակող իշխանության մասին․․․․ այս ամբողջի մեջ իհարկե մենք հասարակ մահկանացուներս մեղավոր ենք այնքանով որ սա հանդուրժել և հանդուժում ենք։ Սա է մեր նկարագիրը, կովի համբերությամբ մի զանգված ու երբ մեր զավակներին կորցնում ենք էլի կովի թախծոտ աչքերով նայում ենք շուրջներս, բայց մենակ մատը մատին չտանք, հոգնել ենք, ալարում ենք

  6. Հայ says:

    -Բարև օտարազգի,ես հայ եմ,Բաղրամյանի և Մոնթեի նման։
    -Ooo that’s nice.
    -Ի՞նչ։ Ես քեզ ասում եմ ,որ հայ եմ Մոնթեի և Բաղրամյանի նման,իսկ քո աչքերն անգիտակից և պաղ նայում են ինձ։ Ծնկի իջի՛ր Մոնթեի և Բաղրամյանի ազգակցի առաջ։
    – I think you need a doctor mate.

    • Ռուբեն says:

      Այս մեկնաբանության մեջ տեղ գտած սարկազմը բացարձակապես տեղին չէ, չարժե ծաղրի առարկա դարձնել ականավոր հայ ռազմական գործիչների կերպարներով մեր հպարտանալու թեմայի քննարկումը: Անլուրջ է, որ մեր ազգային մեծերով հպարտանալու գաղափարը պրիմիտիվացվում և նույնացվում է «Ծնկի իջի՛ր Մոնթեի և Բաղրամյանի ազգակցի առաջ» արտահայտության ընկալմամբ:
      Այդքան դժվա՞ր է հասկանալ, որ մարշալ Բաղրամյանով և Մոնթե Մելքոնյանով հպարտանալը երբեք չի նշանակում օտարներին պարտադրել մեր հպարտությունը, այլ նշանակում է՝ չխուսափել մեր մեծերի կերպարները օտարներին հավուր պատշաճի ներկայացնալուց:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31