Հետմահու «Մարտական ծառայության» մեդալի արժանացած Հայկ Հայկի Խաչատրյանը ապագա ատամնաբույժ էր։ 2020 թվականի հունվարի 9-ին զորակոչվեց բանակ, ծառայեց նախ Գյումրու հակատանկային, ապա` Խնձորեսկի զորամասերում։ 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը՝ Հայկենց ջոկատը տեղափոխում են Ջրական։
2020 թվականի հոկտեմբերի 16-ին Տիգրանավանում թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորում է ստանում և տեղափոխվում հիվանդանոց։ 27 օր բժիշկները պայքարում են Հայկի կյանքի համար, բայց նա նոյեմբերի 11-ին անմահանում է։ Հայկ Խաչատրյանին հուղարկավորում են հայրենի Օրգով գյուղի գերեզմանատանը։
«Բարև, պա՛պ ջան, բարև, մա՛մ ջան, հեսա հարմարացնեմ ու զանգեմ մի քիչ խոսանք։ Մամ, կարոտում եմ քեզ շատ, ամեն րոպե մտքումս ես, բայց մի անհանգստացի, ամեն ինչ կարգին է»,-այսպես է սկսվում Հայոց բանակի 30-ամյակի առիթով թողարկված Հայկ Խաչատրյանի հիշատակին նվիրված «Հայկ Հայկի» երգի տեսահոլովակը։ Երգը կատարում է ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը։ «Խոսքերի հեղինակը Արթուր Օսիպյանն է։ Երբ ծանոթացա բառերին, խնդրեցի Հրանտ Մուրադյանին՝ երաժշտությունը գրել ու ծնվեց երգը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սամսոն Պանյանը։
Կարդացեք նաև
«Անունը նրանց, ովքեր որ ընկան՝ չի հանգչի երբեք, կդառնա աղոթք մարդկանց շուրթերին»,-երգի խոսքերն է մեջբերում Սամսոն Պանյանը՝ ավելացնելով, որ Հայկի եւ բոլոր անմահացածների հերոսությունները պիտի սերնդեսերունդ փոխանցվի։ «Հայկինը՝ երգով, մյուսինը՝ գուցե պատմվածքով, երրորդինը՝ կինոյով։ Թշնամին պիտի իմանա, որ մի օր ծնկի է իջնելու մեր բազկի զարկից»,-ասում է Սամսոն Պանյանը։
Հայկի Խաչատրյանի հիշատակին նվիրված տեսահոլովակը՝
Արմեն ԴԱՎԹՅԱՆ