Լրահոս
Օրվա լրահոսը

Արուսյակ Ջուլհակյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, Հայկ Մամիջանյանը՝ եվրոպական կառույցների կուրության մասին

Հունվար 28,2022 19:01

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով բանաձևի նախագծի քննարկման  համար նախատեսված ժամանակը չհերիքեց, ուստի նիստը նախագահողը հայտարարեց` հերթագրված պատվիրակները կարող են իրենց ելույթներն ուղարկել գրավոր տեսքով:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունից պարզ է դառնում, որ գրավոր ելույթներ ակտիվորեն ուղարկել են թուրք և ադրբեջանցի պատգամավորները: Նրանք իրենց ելույթներում հիմնականում նույնն են գրում, թե Հայաստանն ագրեսոր է, որ այդ երկրում չեն աշխատում ժողովրդավարական ինստիտուտները և այլն: Թուրք պատվիրակն էլ նշում է, թե սատարում են Ադրբեջանի՝ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման կոչին ու կարծիք հայտնում, որ  ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է աշխատեն բարիդրացիական հարաբերություններ և ընդհանուր ապագա կառուցելու համար:

Գրավոր ելույթներ են ուղարկել նաև հայկական պատվիրակության անդամներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը: Ելույթի տեքստերը հրապարակված են ԵԽԽՎ կայքում:

Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը, խոսելով եվրոպական կառույցների՝ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, իր բնորոշմամբ, կուրության մասին՝ նշում է. «Ամերիկյան բժշկական ամսագրերից մեկի համաձայն՝ Քովիդ-19-ը կարող է կուրության պատճառ դառնալ։ Սա ինձ համար քիչ թե շատ ընկալելի պատճառ է հասկանալու համար, թե ինչու եվրոպական կազմակերպությունները չեն տեսնում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Դժվար է պատկերացնել, որ միջազգային հանրությունը չի նկատել, որ Հայաստանում կառավարության ղեկավարը կոչ է արել մարդկանց շրջափակել երկրի բոլոր դատարանների մուտքերը եւ ուղիղ եթերով կարգադրել, որպեսզի իրավապահ մարմինները չխանգարեն ցուցարարներին»:

Հայկ Մամիջանյանը նաև փաստում է՝ ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ ամիսներ շարունակ անազատության մեջ են եղել՝ առանց խորհրդարանի համաձայնության։ Նա նշում է. «Այնպես որ, «պատգամավորական անձեռնմխելիություն»-ը իմ երկրում ընդամենը խոսքեր են։ Էլ չխոսելով ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր երկու քաղաքապետերի, իմ գործընկեր ընդդիմադիր պատգամավորներից մեկի հոր եւ շատ այլոց մասին, ովքեր շարունակում են կալանքի տակ մնալ…Դուք չեք տեսնում, որ իմ երկրում իշխող քաղաքական ուժն օր առաջ Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելու նպատակով մեկ շաբաթում Սահմանադրության մեջ փոփոխություններ է իրականացրել՝ առանց խորհրդակցելու քաղաքական դերակատարների հետ։ Կամ որոշում է կայացնում քրեական հետապնդում սկսել Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի նկատմամբ եւ նրան փոխարինել իրենց ուժին հավատարիմ անձով»:

Հայկ Մամիջանյանը նաև չի պատկերացնում, որ ժամանակակից աշխարհում կարող է ուշադրությունից դուրս մնալ այն փաստը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը 2020-ին Լեռնային Ղարաբաղի դեմ տարվող 44-օրյա պատերազմում ներգրավել է ահաբեկիչներ. «Մարդիկ չեն կարող կույր լինել չնկատելու համար, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և ավելի քան մեկ տարի է, ինչ չի վերադարձնում Բաքվում պահվող մեր ռազմագերիներին։ Եվրոպան հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական ուժերը գրեթե մեկ տարի է, ինչ օկուպացրել են Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Դուք դա պարզապես չեք տեսնում։ Հայաստանի և Արցախի նկատմամբ Իլհամ Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը մնում է միջազգային կազմակերպությունների տեսադաշտից դուրս։ Նա նույնիսկ իրեն կատակներ է թույլ տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ՝ վստահեցնելով, որ նշյալ կազմակերպության միակ օրակարգը կառույցի 30-ամյակի միջոցառումների պլանավորումն է»:

Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն իր գրավոր ելույթում անդրադառնում է կոռուպցիայի դեմ պայքարին: Նա նշում է. «Հայաստանում թավշյա հեղափոխության հիմնական պատճառներից մեկը համակարգային և համակարգված կոռուպցիան էր։ Այսպիսով, հեղափոխությունից հետո առաջին բանը, որ արեցինք, համակարգային կոռուպցիայի վերացումն էր»:

Նկատելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջին կարևորագույն պայմանը քաղաքական կամքն է, իշխող ուժի ներկայացուցիչը վստահեցնում է, որ այդ կամքն իրենք ունեն: Որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջին քայլ՝ ՔՊ-ական պատգամավորը հղում է կատարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանը: Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում ամրագրել է. «2021 թվականին ընդունվել են նոր կանոնակարգեր, որոնք նախատեսում են բաց ռեգիստրի ստեղծում իրավաբանական անձանց իրական սեփականատերերի և շահառուների համար։ Իրական շահառուների և սեփականատերերի բացահայտման պարտավորությունն աստիճանաբար պարտադիր կդառնա բոլոր իրավաբանական անձանց համար, այդ թվում՝ մետաղի արդյունահանման, էներգետիկայի, հանրային ծառայությունների կարգավորման, ինչպես նաև տեսալսողական լրատվամիջոցների և այլն ոլորտներում գործող ընկերությունների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31