Լրահոս
Օրվա լրահոսը

Այազ Մութալիբովի «ուղերձը»՝ հայերին եւ միջազգային հանրությանը. Ստեփան Հասան-Ջալալյան

Հունվար 28,2022 17:48

«Բանակն այսօր ծանր փորձությունների մեջ է: Ցավալի է, որ բանակի 30-ամյակը մեծ զորահանդեսով չի նշվում: Մաղթում եմ մեր բոլոր զինվորականներին, որ սերն առ հայրենիք ձեզ մոտ երբեք չպակասի, որովհետեւ փորձությունները ժամանակավոր են, սերն առ հայրենիք՝ առհավետ է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում ասաց քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ հավելելով, որ թե նախկինում, թե այժմ միշտ կեղծավորություն, արհեստական եւ կեղծ բան է տեսել բանակի օրվա առիթով բոլոր այն մարդկանց հղած ուղերձներում, ովքեր չեն ծառայել:

Այդ համատեքստում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ հրաժարական տված նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձներին, քաղաքագետն ասաց. «Ի՞նչն էր խանգարում Արմեն Սարգսյանին՝ մի քանի օր սպասել, բանակի օրը նշելուց հետո հրաժարական տալ: Գեղեցիկ չստացվեց. այսօր տոնում ենք՝ հանրապետության նախագահ չկա, հանրապետությունում չի, վարչապետը՝ կորոնավիրուսի պատրվակով իր ֆունկցիոնալ պարտականությունների կատարման մեջ չի եւ միայն ուղերձներ են հղում»:

Բանախոսը նաեւ «զարհուրելի փաստ» հրապարակեց, որ ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջից հանված է ՀՀ ԶՈՒ տարեգրությունը, ՀՀ ազգային հերոսների մասին տեղեկատվությունը: 10-15 օր առաջ ինքը հայտնաբերել է, որ այդ բաժինը ՊՆ կայքէջից հանված է: Հարցնում է՝ ի՞նչ է սա նշանակում, ո՞վ է նման տեղեկատվությունը ՊՆ-ի կայքէջից հանելու մասին հրաման տվել, սա նվե՞ր է հայ հասարակությանը՝ բանակի 30 ամյակի առիթով: Ստեփան Հասան-Ջալալյանը երկու պատճառաբանություն ունի՝ մեկը՝ տեխնիկական, որը առնվազն տարօրինակ զուգադիպություն է համարում եւ երկրորդը, որն առավել հավանական է համարում՝ բանակը արժեզրկելու միտում է տեսնում:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում՝ արցախյան հիմնախնդրի շուրջ հնչած տեսակետներին, էլ բանախոսն ասաց, որ դրանք մեկը մեկին կրկնում են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները եւ թուրք-ադրբեջանական շահերն են սպասարկում: ՀՀ ղեկավարի նման պահվածքում Ստեփան Հասան-Ջալալյանը միտում է տեսնում:

Նա նաեւ հստակեցնում է, որ 1992թ թվականին ՄԱԿ-ն ընդունել է Ադրբեջանին իր կազմ՝ առանց Արցախի, ոչ թե Արցախի տարածքով հանդերձ, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը: Ըստ ՄԱԿ-ին անդամակցելու ընդհանուր կարգի, այն պետությունը, որը ցանկանում է անդամակցել միջազգային այդ կառույցին՝ դիմում է գրում, իսկ ՄԱԿ-ը չունի իրավասություն՝ որեւէ պետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու կամ քննարկելու նրա սահմանների մասին որեւէ հարց:

Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Այազ Մութալիբովը՝ ՄԱԿ-ին անդամակցելու իր դիմումում նշում է, որ Ադրբեջանը վերականգնել է իր անկախությունը, որը կորցրել էր 1820 թվականին: Քաղաքագետի գնահատմամբ, այսպիսով Մութալիբովը համաշխարհային հանրությանը տեղեկացրել է, որ Արցախը երբեւէ չի գտնվել իր կազմում ու այդ դիմումի հիման վրա էլ Ադրբեջանին ընդունել են ՄԱԿ-ի կազմ, ինչը հայկական կողմը ոչ նախկինում, ոչ էլ ներկայում չի օգտագործում:

Նա նաեւ հիշեցնում է, որ երբ Ադրբեջանն անդամակցեց ՄԱԿ-ին՝ 1992-ի մարտի 2-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն արդեն վեց ամսվա պետություն էր, քանի որ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել էր իր անկախությունը՝ խորհրդային օրենքների համաձայն:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահի վերջին ասուլիսին եւ հնչեցրած մի քանի հայտարարությունների՝ բերելով 1920 թվականին ընդունված փաստաթղթեր՝ ի վկայություն նրա, որ Խորհրդային Հայաստանը Արցախը եւ Նախիջեւանը Խորհրդային Հայաստանի մաս են համարել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31