Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ զեկույցը միտված է ուժեղացնելու Նիկոլի բռնապետությունը ՀՀ-ում, եթե դրան «կողմ» քվեարկեի՝ չէի կարողանալու նայել քաղբանտարկյալ իմ ընկերների աչքերին». Հայկ Մամիջանյան

Հունվար 28,2022 17:30

«Այդ զեկույցը միտված է ուժեղացնելու Նիկոլի բռնապետությունը Հայաստանում: Եթե ես դրան «կողմ» քվեարկեի՝ չէի կարողանալու նայել քաղբանտարկյալ իմ ընկերների, պայքարի իմ ընկերների աչքերին»,-Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ դեմ քվեարկեցիք «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերնագրով ԵԽԽՎ-ում քվեարկության դրված զեկույցին, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք՝ զեկույցում գովասանք է հնչում ՀՀ-ի հասցեին՝ նշելով, որ երկիրը գրանցել է լուրջ ժողովրդավարական առաջընթաց: Բանաձևում ամրագրված է. «Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է այն փաստը, որ Հայաստանը 2018-ին ՀՀ քաղաքական ղեկավարության փոփոխությունից հետո զգալի առաջընթաց է գրանցել իր ժողովրդավարական զարգացման մեջ և հաջողությամբ դուրս է եկել ԼՂ հակամարտության պատճառով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամից, որը հաղթահարվել է 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններով»:

ԵԽԽՎ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հայկական պատվիրակությունից քվեարկությանը մասնակցել են ՔՊ-ականներ Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արուսյակ Ջուլհակյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը: Քվեարկությանը չի մասնակցել «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը: Հայկ Մամիջանյանը «դեմ» է քվեարկել զեկույցին: Դեմ քվեարկողների շարքում են 1 հոլանդացի, 6 ադրբեջանցի, 6 թուրք պատվիրակներ: Այս փաստն էլ Հայկ Մամիջանյանի շատ ընդդիմախոսներ օգտագործում են նրա դեմ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ Հայկ Մամիջանյանի արարքի առիթով այսպիսի կարծիք է հայտնել. «Հայաստանի խորհրդարանում կա պատգամավոր, ով թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների հետ միասին ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել հայանպաստ բանաձեւին… Բա օտարերկրյա ազդեցության գործակալներն էլ ո՞նց են լինում»:

Մեզ հետ զրույցում Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ այդ զեկույցը ոչ թե հայանպաստ է, այլ «նիկոլանպաստ» ու մանրամասնեց. «Այս խունտան բոլոր միջոցները կիրառում է, որպեսզի իր իշխանությունն ավելի ամրապնդող նիկոլանպաստ զեկույցներն անցնեն և զրո ջանք կամ քիչ ջանք է թափում, որ իսկապես հայանպաստ և արցախանպաստ զեկույցներ ընդունվեն, դրա օրինակները բազմաթիվ են բոլոր միջազգային կառույցներում: Այդ զեկույցը միտված է ուժեղացնելու Նիկոլի բռնապետությունը ՀՀ-ում: Հասկանում եք՝ ես չեմ կարող «կողմ» քվեարկել մի զեկույցի, որտեղ պնդում են, որ ինձ ոստիկանություն չեն տարել, չեն ձերբակալել, ինձ հետ կապված ատելության գրոհներ, քարոզներ չեն արել, իմ ու իմ ընկերների նկատմամբ բռնության կոչեր չեն արել: Երևի դրանով ենք ես ու մեր թիմը տարբերվում այն երեսպաշտությունից, որը մեզ շրջապատում է»:

Հայկ Մամիջանյանին հիշեցրինք՝ ԵԽԽՎ-ի զեկույցում, որտեղ խոսվում է 2021-ի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, հղում է կատարվում նաև ընդդիմությանը: Զեկույցում մասնավորապես ամրագրված է. «2021 թվականի հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են ժողովրդավարական եղանակով՝ չնայած խիստ բևեռացված մթնոլորտին: Վեհաժողովը, այնուամենայնիվ, ափսոսանք է հայտնում այն քաղաքական մթնոլորտի համար, որում տեղի ունեցան 2021 թվականի հունիսի ընտրությունները, որն անցավ ինտենսիվ բևեռացմամբ և հիմնական մրցակիցների շրջանում ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանությամբ: Ուրախությամբ պետք է նշենք, որ ընդդիմությունն ընդունել է արդյունքները՝ կիրառելով իր տրամադրության տակ եղած օրինական միջոցները դրանք վիճարկելու համար և չի բոյկոտել նոր խորհրդարանի գործունեությունը»:

Այս առիթով Հայկ Մամիջանյանն ասաց. «Չեմ համարում, որ այս զեկույցն իրական առումով ցույց է տալիս ՀՀ-ի ժողովրդավարության մակարդակը: Նախ` դա սուտ է, բողոքարկվել է, երկրորդը, դա առանձին թեմա է»:

Իր հասցեին հնչող մեղադրանքների առիթով, թե հայանպաստ զեկույցին հայ պատգամավորը «դեմ» է քվեարկել, Հայկ Մամիջանյանն ասաց. «Այս զեկույցը հայանպաստ չէ, այլ նիկոլանպաստ: Այս զեկույցում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է ավելացնել հակահայկական թեզեր, կետեր, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը: Իսկ թե ինչպես եմ ես պայքարել դրա դեմ, թե ինչ եմ արել դրանց չանցնելու համար, հարցրեք Ռուբեն Ռուբինյանից»:

Հետաքրքրվեցինք՝ չե՞ք վախենում, որ Ձեր դեմ այս արշավը շարունակական կլինի, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Ես 2018-ի ապրիլի 23-ից մինչև այսօր շարունակել եմ պայքարել մեր երկրի ինքնիշխանության և մեր իրական ապագայի համար: Ես նման կեղտոտ ու ծիծաղելի արշավներից չեմ վախենում»:

Հայկ Մամիջանյանի համար զարմանալի է, որ մի քանի ամիս առաջ ԵԽԽՎ-ում քննարկվող՝ իր բնութագրմամբ՝ իրապես ՀՀ-ին վնասող թեզերով զեկույցի պարագայում ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչները հաջողության չհասան, իսկ այս պարագայում՝ հասան:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31