ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնելու համար պետք է համալիր կարգավորում ստանա Արցախի հիմնահարցը։ «Չի կարելի հասնել ՀՀ-Ադրբեջան ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի՝ առանց Արցախի հիմնահարցի ամբողջական լուծման։ Արցախի հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտվել է, իսկ կարգավիճակը լուծված չէ, ուստի չենք կարող ունենալ խաղաղության ամբողջական պայմանագիր։ Կարելի է քայլեր կատարել առանց նախապայմանների, բանակցել, բայց հույս ունենալ խաղաղության դարաշրջանի մասին, դա պատրանք է եւ մեզ ավելի շուտ կբերի պատերազմի, քան խաղաղության»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունն իր հռետորաբանությամբ կարծես արտացոլում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի դանդաղումը․ «Հուսամ՝ համանախագահները պատրաստակամ են վերականգնել իրենց գործառույթը, բայց ՀՀ-ն ինքը դա պետք է ուզենա։ Հետպատերազմյան վիճակը առարկայական է տարածաշրջանի եւ իշխանության մոտեցումների համար, բայց դա պատրվակ չի, որ իշխանությունը սկսի արտացոլել հակառակորդի թեզերը։ Դա աննախադեպ է։ Մեր երեսուն տարվա աշխատանքը հանդիպում է ոչ թե թուրք-ադրբեջանական ընդդիմախոսությանը, այլ ՀՀ իշխանության արտահայտություններին։ Սա աննախադեպ, աներեւակայելի է։ Երեք իշխանության ժամանակ ես ընդդիմադիր եմ եղել, այդ իշխանությունները սխալվել են, բայց չի եղել վիճակ, որ պաշտոնյան, փոխանակ նախորդների իրական կամ թվացյալ սխալները շտկի, ընդունում է «դե ֆակտո» վիճակը եւ կրկնում եղեռն գործած հակառակորդի սխալ, հակաիրավական թեզերը, որի դեմ մենք երեսուն տարի պայքարել ենք։ Բազմել են աթոռներին եւ մեր, ժողովրդի երեսուն տարվա պայքարի դեմ ներկայացնում են ոսոխի եղերական գործողություններն արդարացնող թեզերը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բայց դուք մաս կը կազմէք անոնց, որոնք տարինե՜ր շարունակ, սարքեցին, հարթեցին ու պատրաստեցին հենց այն լայն ճանապարհը, որու վրայէն շատ հեշտօրէն, պարզապէս քայլելով, Փաշինյանը հեզասահ կերպով հասաւ՝ ուր որ է: Ձեր արտադրանքն է, այս վարչակարգը: Շնորհաւոր լինի, բարի վայելում: