Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Թուրքիայի հետ երկխոսելը հիմնվելու է վարչապետի կարծիքի վրա, ապա երկխոսությունը կգնա փակուղի»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Հունվար 28,2022 15:15

«ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ պետական քաղաքականությունը եղել է այն, որ ՀՀ-ն առանց նախապայմանների պատրաստ է եղել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, այսինքն՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ աշխատել բաժանարար հարցերը լուծել։ Լիքը բաժանարար հարցեր կան՝ ցեղասպանության ճանաչում, հայրենազրկման հետեւանքների վերացում եւ այլն»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական երկխոսությանը։

«Ուստի ճիշտ չէ ասել, որ կարգավորումը պիտի առանց նախապայմանների լինի։ Բացի այդ, եթե կապերը եւ երկխոսությունը պետք է հիմնված լինեն վերջերս վարչապետի՝ հրապարակային արտահայտած կարծիքների հիման վրա, ապա կարծում եմ, որ երկխոսությունը կգնա փակուղի։ Դա չի արտացոլում ազգային շահը, իրական-պետական քաղաքականությունը՝ առանց նախապայմանների քաղաքականությունը։ Եթե դա անձնական տեսակետ է, դա մի բան է։ Բայց եթե դա իսկապես արտացոլում է պետական քաղաքականություն եւ ազգային շահ, ապա այս ընթացքը ՀՀ-ի համար բերելու է ազգային-պետական փակուղի»,-կարծիք հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ թուրքական կողմի դիվանագիտական բառապաշարում արդեն ճանապարհային քարտեզ կա, «միջանցքներ» կան, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հարաբերություններին, հետեւաբար, ՀՀ-ն էլ կարող է իր ճանապարհային քարտեզը նախանշել եւ հարցեր բարձրաձայնել, օրինակ՝ ցեղասպանության ճանաչում, ցեղասպանության մասին կրթական ծրագրեր, պատմամշակութային կոթողների վերականգնում․ «Բայց մի բան է պարզ, որ այն, ինչ վերջերս հնչում է գործող վարչապետից, չի ներկայացնում ՀՀ ազգային-պետական շահը։ Եթե դրանով ենք գնում բանակցության՝ դա չի ներկայացնում առանց նախապայմանների ՀՀ պետական քաղաքականությունը»։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ՀՀ-ն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում երբեք չի վարել Հայ դատի քաղաքականությունը։ «Եզրույթների դիտավորյալ եւ կամ շատ փնթի շփոթմունք է։ Հիմա որեւէ մեկը Հայ դատի մասին չի խոսում, այլ հայոց ցեղասպանության մասին ենք խոսում, այդ եզրույթի՝ միջազգային ճանաչման մասին։ Ցեղասպանությունը վերաբերում է ՀՀ-ին, Սփյուռքին, քաղաքացիներին, ողջ հայ ժողովրդին։ Այլ հարց է, թե ՀՀ որեւէ կառավարություն ու իշխանություն տարածքային պահանջ մինչեւ այժմ չի ներկայացրել որեւէ պետության հանդեպ։ Արցախի հարցը եղել է ազգային ինքնորոշման խնդիր։ Ցեղասպանության հարցը ողջ հայության, ՀՀ-ի, սփյուռքի խնդիրն է։ Հայ դատի եզրույթը քաղաքական բանավեճի մեջ մտցնելը եւ հարցից փախուստ տալը սխալ է։ ՀՀ-ն միշտ էլ տեր է կանգնել պատմական արդարությանը։ Կամ մենք մտնում ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների մեջ, կամ, թե Թուրքիան ուզում է ուղղակի-անուղղակի նախապայմաններ, մենք էլ պետք է դնենք։ Եթե վարչապետն ուզում է ընդունել Թուրքիայի նախապայմանները, դա փոխում է հավասարակշռությունը։ Իշխանությունը պետք է զեկուցի ժողովրդին, որ ընդունում է այդ նախապայմանները եւ չի խոսում հավասարը հավասարի կարգավիճակով, ժողովուրդն էլ պետք է որոշում կայացնի»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31